ՀԱՂԹԵԼ ԵՄ
-Երբ երկրի նախագահը բարձրաձայն արտասանեց տղայիս անունը` Հովհաննես Պողոսյան, պաշտպանության նախարարը ոտքի կանգնեց, նրան հետեւեցին կառավարության մյուս անդամները եւ բարձրաստիճան զինվորականները: Ծափահարությունների տարափի տակ տղաս բեմ բարձրացավ, ու նախագահը «Արիության մեդալը» ամրացրեց նրա կրծքին: Երբեք այդքան հպարտ ու երջանիկ չէի եղել:
Հուզմունքից մոր այտերը շառագունել են, աչքերում արցունքներ են փայլում, իսկ ժպիտը լույս է վառել դեմքին:
-Դուք տեսա՞ք, որ տղաս բարձրացրեց աջ ձեռքը, տեսա՞ք… Նա աջով ողջունեց նախագահին: Վիրավոր ձեռքով: Թերեւս միայն ես էի հասկանում, թե ինչ է կատարվում տղայիս հոգում, որքան է ոգեւորվել, ինչպիսի հավատով ու լավատեսությամբ է լցվել, որ սիրտ է արել մեկնելու աջը:
-Միայն մի պահ տեսա, որ բոլորը ոտքի են կանգնել, լսեցի ծափերի ձայնը, հետո… մարդիկ, ձայները ձուլվեցին իրար, հեռացան: Հողը չէի զգում ոտքերիս տակ: Թվում էր` թռչում եմ:- Հովհաննեսը պատմելիս նայում է մորը: Այնպիսի ջերմությամբ է նայում:- Երբ փոքր էի, երազում էի ռազմական օդաչու դառնալ, հսկա ինքնաթիռով մխրճվել երկինք: Ու երբ աչքերս փակ պատկերացնում-զգում էի երկնքի ազատությունը…
Հովհաննեսն անսպասելի լռում է… Ապա փութկոտ վերցնում է հեռախոսն ու նստում կողքիս:
-Սա իմ դիրքն է,- ցույց է տալիս նկարը,- սրանք իմ ընկերներն են: Դիրքը չհանձնեցինք: Տղերքը մինչեւ վերջ կռվեցին, հետո պայմանագրայինները եկան: Սասուն Մկրտչյանը զոհվեց…
Ադրբեջանցիները հասել էին մեր դիրքին: Գնդակը ոտքիս կպավ: Դատարկ բան էր, բայց հրամանատարն ասում էր` դուրս արի մարտադաշտից: Տղերքը ոտքս կապեցին, արյունը կտրվեց: Ես շարունակեցի մարտը:
-Ես կպատմեմ,- ասում է մայրը շշուկով,- քեզ հուզվել չի կարելի:
Հովիկն ասես չի լսում, մտքի լարումից կկոցել է աչքերն ու անցյալից պատկերն է որսում ճիգով:
-…Երբ դիպուկահարը խփեց հրամանատարիս, ես կողքին էի: Արագ վերքը կապեցի, ու հրամանատարիս դուրս բերեցի մարտադաշտից: Հետո վերադարձա, որ հասկանամ` որտեղի՞ց են կրակում ադրբեջանցիները: Ես դիրքի ավագն էի, դա իմ պարտականությունն էր: Ես չէի կարող չվերադառնալ….
-Դիպուկահարը քեզ այդ ժամանա՞կ խոցեց:
-Էլ չեմ ուզում պատմել:
Հովիկը վերցնում է հյութի բաժակը, նստում բազմոցի ծայրին:
-Էլ չեմ ուզում պատմել,- կրկնում է կիսաձայն…Ու իմ հոգում ինչ-որ բան է փլվում:
-Դու իմ հայրենիքի ամենակարեւոր մարդն ես,- ասում եմ,- ամենահզորը, ամենափառավորը…
Ու իրար հետեւից շարում եմ գովասանքի իմ իմացած բոլոր բառերը: Հովիկը մատով ցույց է տալիս մորը:
Ես վերցնում եմ թղթերս, Հովհաննեսին թողնում բազմոցի ծայրին մենակ ու մոտենում մորը:
– Ինչո՞ւ է Հովիկը Ձեզ հզոր ասում:
Մայրը նայում է դեմքի այնպիսի արտահայտությամբ, ասես չգիտի՝ որտեղից սկսի:
-Ես միայնակ եմ մեծացրել չորս երեխաներիս: Մեծս Հասմիկն է, մյուս երեքը տղաներ են` Լորիսը, Հովհաննեսն ու Անդրանիկը: Ավագները խնամում էին փոքրերին, իսկ ես առավոտից իրիկուն աշխատում էի, որ սնունդ, շոր ու կոշիկ հասցնեմ զավակներիս: Գուցե հո՞գսն էր պատճառը, որ իմ երեխաները շուտ մեծացան, տարբերվում էին իրենց հասակակիցներից, պատասխանատու էին, լուրջ, մեծավարի… կամ գուցե այն էր պատճառը, որ տանը եղած ժամանակ ես անընդհատ խոսում էի նրանց հետ: Բերանս չէր փակվում, անվերջ խրատում էի: Ասում էի` սուտ չխոսեք, միշտ արդար եղեք, ուժեղի առաջ վիզ չծռեք, վերջին պատառը կիսեք կարիքավորի հետ (Աստված կրկնակի կտա)… Ու ամեն անգամ խոսքս ավարտելիս ասում էի` չխեղճանաք: Գոռալով էի ասում, վանկարկելով` չը-խեղ-ճա-նաք: Խեղճ տղամարդն ո՞ւմ է պետք: Ես ուզում էի, որ որդիներս սարի պես կանգնեն թիկունքիս, ոչ թե փեշիս տակ մտնեն:
Դեռ երեխա էին, ասում էի` չեմ համբերում` երբ եմ ձեզ զինվորական համազգեստով տեսնելու: Լորիսիս ասում էի` դու շեկ ես, հաղթանդամ, համազգեստը քեզ շատ կսազի: Հովիկիս ասում էի` դու թուխ ես, կամար հոնքերով, սեւ աչքերով, համազգեստի մեջ իսկական կտրիճ կդառնաս: Անդրանիկիս ասում էի` դու իմ Անդրանիկ զորավարն ես: Ասում էի` ե՞րբ եք բանակ գնալու, որ ես էլ զինվորի մայր դառնում:
Հետո ես մեր տուն բերեցի Հրուշ տատիին: Նրա միակ որդին զոհվել էր Արցախյան պատերազմում: Հրուշ տատին ութ տարի ապրեց մեզ հետ ու դարձավ իմ երեխաների տատիկը: Երեխաներս հարազատի պես սիրում էին նրան, հարգում էին, պատվում: Միշտ ասում էի` Հրուշ տատիի որդին հերոս է, որովհետեւ մեր հայրենիքը պաշտպանելիս է զոհվել, ու Հրուշ տատիի առաջ խոնարհվելը, նրան սիրելն ու պաշտելը բոլորիս պարտքն է: Հիմա մտածում եմ՝ Հրուշ տատիին շատ եմ պարտական, որ այսպիսի հզոր ու պատվախնդիր տղաներ ունեմ:
…Օրը եկավ, ու ես էլ զինվորի մայր դարձա: Ուրախությունից սիրտս թպրտում էր, երբ Լորիսս շարքից դուրս եկավ, ձիգ կանգնեց ու սկսեց կարդալ զինվորական երդման տեքստը: Տղաս հայրենիքին անձնվեր ծառայելու երդում էր տալիս, իսկ ես, արցունքներս սրբելով, մտքիս մեջ կրկնում էի` շնորհակալ եմ, Տե՛ր Աստված, շնորհակալ եմ: Լորիսիս ծառայության ընթացքում մի քանի անգամ գնացի զորամաս, սեփական աչքերով տեսա, թե հրամանատարներն ու ընկերները ոնց են սիրում տղայիս: Սենց խոխա կա ոչ` ասում էր սպան, ու հոգիս փառավորվում էր: Երկու անգամ արձակուրդ եկավ, երկու անգամն էլ՝ պատվոգրով: Իր բաժին սահմանը պահեց, իր բաժին պարտքը տվեց հայրենիքին, փառքով, պատվով տուն վերադարձավ:
Հետո բանակ գնալու հերթը հասավ Հովիկիս: Մեկ տարի 6 ամիս տղամարդավարի ծառայեց: Միշտ տրամադրությունը բարձր էր, միշտ՝ գոհ: Հրամանատարների մասին էնպիսի ջերմությամբ էր խոսում, ասես հարազատ եղբայրները լինեին: Բա ծառայակից ընկերներին ոնց էր սիրում:
Ես էլ գլուխս բարձր քայլում էի իմ ծննդավայր Վանաձորի փողոցներով ու մտքիս մեջ ասում էի` շնորհակալ եմ, Տե՛ր Աստված, որ չարչարանքս անպտուղ չթողեցիր:
…Երբ ապրիլյան պատերազմն սկսվեց, ես Ռուսաստանում էի: Լորիսը զանգեց, թե` Հովիկը թեթեւ վիրավորվել է ոտքից: Հովիկի հետ հեռախոսով խոսեցի, ասեց` մա՛մ ջան, աննշան բան է, բայց ես անմիջապես վերադարձա Հայաստան: Վերքը կարել էին, ասել էին` մնա զորամասում: Բայց տղաս նորից բարձրացել էր դիրքեր, ընկերների մոտ: Մի քանի օր անց զինկոմիսարիատից զանգեցին, թե՝ Հովիկը շատ ծանր վիրավորվել է, Ստեփանակերտի հոսպիտալում է: Ես չեմ պատմի, թե ինչպես անցան ժամերը, մինչեւ հասա Ստեփանակերտի հոսպիտալ: Չեմ պատմի, թե ինչպես ապրեցի այն 28 օրերը, մինչև տղաս գլխի վիրահատությունից հետո դուրս եկավ կոմայից….
Ես ուրիշ բան եմ ուզում պատմել, ես ուզում եմ երեք անուն տալ` սիրով ու հպարտությամբ… Սամվել Գևորգյան, Գայանե Հովհաննիսյան, Արման Հակոբյան: Նրանք բժիշկներ են՝ զինվորական բժիշկներ: Ու իմ Հովիկը հիմա նաեւ նրանց որդին է: Միայն ծնողը կարող է այդքան ինքնամոռաց նվիրվել որդուն, այդքան անձնվիրաբար պայքարել նրա կյանքի համար, այդքան հոգատար, ուշադիր լինել: Նրանց սերը կյանք տվեց որդուս: Դուք պետք է տեսնեիք Գայանե Հովհաննիսյանի ուրախությունը, երբ Հովիկս դուրս եկավ կոմայից: Արցունքն աչքերին` իր ձեռքով կերակրում էր տղայիս:
Հիմա ես տասնապատիկ ավելի եմ սիրում մեր բանակը, հարյուրապատիկ ավելի եմ սիրում Հայաստանը եւ հազարապատիկ ավելի եմ սիրում իմ երկրի մարդկանց: Միշտ էլ լավատես եմ եղել, բայց հիմա ավելի հավատավոր եմ: Ես մտածում եմ, որ ամեն հայի մեջ նստած է ուրիշի զավակին սեփական որդու պես սիրող մարդը եւ ցավդ հարազատի պես կիսող հայրենակիցը…
…Լորիսս ամուսնացել է, արդեն թոռնիկ ունեմ: Բժիշկները հուսով են, որ Հովիկիս ձեռքը դանդաղ, բայց հետզհետե կվերականգնվի: Երկրի նախագահը տղայիս ասաց` հենց ուզենաս ուսումդ շարունակել, դիմիր ինձ, ես ամեն ինչով կօգնեմ: Հովիկս ասում է` առաջին քայլն արված է. սկզբում նախագահի ձեռքը բռնեցի, հետո գրիչ կբռնեմ: Ու երբ կրկին կարողանամ զենք բռնել, ուրեմն` հաղթել եմ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #13 (1260) 26.09.2018 – 2.10.2018, Ազգային բանակ