Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷՐԴՈՂԱՆ. ԻՍՐԱՅԵԼԸ ԽԱԲԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրել է ռազմական պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ:

Նրա խոսքով, Իսրայելը Թուրքիային վաճառել է անօդաչու ապարատներ, որոնք հետագայում վերադարձվել են տեխնիկական սպասարկման որոշակի խնդիրներ լրամշակելու համար, սակայն թուրքական բանակը մինչ այժմ անօդաչուները ետ չի ստացել:

«Իհարկե, կարող են երկկողմ խնդիրներ լինել, կարելի է չխոսել իրար հետ, սակայն միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները պետք է կատարել»,-նշել է Էրդողանը: Նա նաև հավելել է, որ իրենց բոլորովին չի հետաքրքրում, թե Իսրայելի հետ հարաբերությունների խզման հետևանքով ինչքան վնասներ կկրեն` 15 միլիոն, թե 150 միլիոն դոլարի:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ մեղադրանքները` վերահաստատելով իր երկրի կնքած բոլոր պայմանագրերը կատարելու պատրաստակամությունը:

Իսրայելական կողմը պնդում է, որ վերջերս է ստացել վաճառված անօդաչուների շարժիչները, որոնք պլանային ստուգումներից հետո կվերադարձվեն Թուրքիային: Սակայն ուշացումը դժվար թե ազդի թուրքական բանակում խնդիրների կատարման ընթացքի վրա, քանի որ ժամանակին թուրքական կողմին մատակարարվել են նաև անօդաչու ապարատների պահեստային շարժիչներ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


13/09/2011