Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է, ԲԱՐՁՈՒՆՔԸ՝ ԳՐԱՎՎԱԾ




ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է, ԲԱՐՁՈՒՆՔԸ՝ ԳՐԱՎՎԱԾՍեպտեմբերի 19-ին հարավարեւմտյան զորավարժարաններից մեկում անցկացվեց գումարտակային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը գրոհային ստորաբաժանումների մարտի վարման ունակությունների կատարելագործումն էր` փորձարարական, հետազոտական նոր դրվագների խաղարկմամբ:

 

Գրավել ծովի մակերեւույթից 2300 մետր բարձրության վրա գտնվող բարձունքը, զբաղեցնել բարենպաստ բնագծեր, անցնել պաշտպանության եւ հետ մղել հակառակորդի հակագրոհը: Չորրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը այս խնդիրն է առաջադրում ենթակա զորամասի հրաձգային գումարտակներից մեկին:

Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունն առանց մանրամասն մշակված սցենարի է: Գումարտակի հրամանատարը որոշումներն ինքնուրույն պետք է կայացնի՝ գործի դնելով իր ունեցած միջոցները, փորձարկելով ենթակա գրոհային խմբերի կարողությունները: Ցուցադրական զորավարժության ընթացքին հետեւում են բանակային զորամիավորման բոլոր զորամասերի հրամանատարներն ու տեղակալները:  Ամենաանհանգիստ վիճակում թերեւս գնդապետ Հրաչ Օհանյանն է: Հենց նրա հրամանատարությամբ գործող զորամասի գումարտակն է կազմակերպելու հարձակումը. «Գումարտակն ուժեղացված է հրետանիով եւ զրահատեխնիկայով: Պետք է սրընթաց գրոհային գործողություններով գրավի ռազմավարական կարեւոր նշանակության բարձունքը,  որտեղից  կաշկանդում են մեր ամենօրյա շարժն ու դիրքերի կենսագործունեությունը: Զորավարժության համար ընտրված տեղանքը  համապատասխանում է այն բնագծին, որտեղ  գումարտակը մարտական հերթապահություն է իրականացնում: Սա  թույլ կտա զինվորին հստակ պատկերացնելու իր ստորաբաժանման խնդիրը: Պատրաստ ենք»,-ասում է գնդապետն ու զբաղեցնում իր տեղը բացազատված հրամանատարական կետում:

ԽՆԴԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է, ԲԱՐՁՈՒՆՔԸ՝ ԳՐԱՎՎԱԾԳրոհի սկզբում հակառակորդի կրակակետերը ճնշվում  են ականանետային մարտկոցի հարվածներով, ապա գնդակոծվում խոշոր տրամաչափի գնդացիրներից: Գործի են դրվում ՍՊԳ տիպի նռնականետներ: ՄՏԼԲ քարշակի վրա տեղադրված արդիականացված ԶՈՒ-23-2 զենիթային համալիրները (համակցված է Հայաստանում)  խոցում են ցամաքային նշանակետերը՝ արագ կատարելով դիրքային տեղաշարժ: Կրակային ուժեղ ներազդեցության ներքո գրոհային ստորաբաժանումներն անցնում են հարձակման: Ռելիեֆը կտրտված լեռնային է, եղանակը՝ անբարենպաստ, բարձունք տանող ճանապարհները՝ գրեթե անանցանելի: Գործողությունը կազմակերպվում է հետիոտն, երբեմն՝ կարճ թռիչքներով:

Զորամիավորման հրամանատարն ասում է. «Այժմ համազորային ստորաբաժանումները լեռան ստորոտից շարժվում են դեպի այն դիրքեր, որտեղ հակառակորդն իրականացնում է պաշտպանություն:  Բարձունքների ծավալը թույլ չի տալիս հակառակորդին մարտական հերթապահությունում ընդգրկել  մեծ  թվով անձնակազմ: Պետք է շատ արագ գործել՝ զրկելով նրան պահեստային ուժեր մոտեցնելու հնարավորությունից»:

Վերջապես հաջողվում է մխրճվել հակառակորդի ստորաբաժանման պաշտպանության շրջան՝ առաջին շարակազմի վաշտի խորությամբ: Նպաստավոր բնագիծը զբաղեցված է:   Որոշում է կայացվում աջակից ստորաբաժանումներ մոտեցնել բարձունքում ամրացած ու պաշտպանական մարտի անցած մեր անձնակազմին:  Հաջող գործողություններից հետո հակառակորդի հակագրոհելու բոլոր փորձերը հետ են մղվում: «Խնդիրը կատարված է,  բարձունքը՝ գրավված»,- զեկուցում է մարտը ղեկավարող գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետ Էդիկ Գրիգորյանը, ապա նշում. «Բոլոր ստորաբաժանումները գործեցին հստակ ու համակարգված: Ձեռք բերեցինք փորձ եւ անհրաժեշտության դեպքում խնդիրը կկատարենք իրականում»:

Զորավարժության արդյունքները կամփոփվեն քիչ ուշ, սակայն գեներալ-մայոր Քոչարյանը փաստում է՝ անձնակազմը գործեց վստահ եւ ներդաշնակ, հրամանատարական կազմը կողմնորոշվեց արագ եւ ընդունեց արդյունավետ որոշումներ:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1260) 26.09.2018 – 2.10.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/09/2018