Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ը ՏԱՆԿԻՍՏԻ ՕՐՆ Է



ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ը ՏԱՆԿԻՍՏԻ ՕՐՆ ԷՇուրջ երկու տասնամյակ առաջ` Հայոց բանակի կազմավորմանը զուգընթաց, ստեղծվեցին նաև տանկային ստորաբաժանումները, և 1996թ.-ից հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր:

Հայ տանկիստներն անցել են փառավոր ուղի: Նրանք իրենց խիզախությամբ աչքի են ընկել ինչպես Հայրենական մեծ պատերազմի տարիներին, այնպես էլ Արցախյան պատերազմի ժամանակ: Հայ տանկիստներն իրենց գրագետ մարտավարությամբ կարողացան բեկում մտցնել Արցախյան պատերազմի ընթացքի մեջ, վարեցին բազում նշանակալից մարտեր՝ հընթացս  նվազագույնի հասցնելով սպառազինության ոլորտում հակառակորդի ռազմական գերազանցությունը: Վստահաբար կարելի է ասել, որ Արցախյան ազատամարտի տարիներին մեր  տանկային ստորաբաժանումները գերազանց կատարեցին իրենց առջև դրված խնդիրները` թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության առումով: Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած հայ տանկիստներն ստանձնեցին նորաստեղծ հայկական բանակի առաջին զինվորների ուսուցիչների պատվաբեր պատասխանատվությունը: Եվ այսօր հպարտորեն կարող ենք ասել, որ մեր զինված ուժերն ունեն մարտունակ և կայացած տանկային զորքեր: Այսօր մենք նաև ունենք համապատասխան գործարաններ, որոնք լիարժեք կատարում են տանկերի և այլ զրահատեխնիկայի վերանորոգման ու արդիականացման աշխատանքները:

Հայ տանկիստների փառքը տարածվել է նաև մեր Հայրենիքի սահմաններից դուրս: Դրա վառ ապացույցներից մեկն էլ Մոսկվայի մերձակայքում գտնվող «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթն էր, որտեղ ՀՀ ԶՈւ տանկիստները կարողացան զբաղեցնել երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուս տանկիստներին: Կարևոր է նաև, որ ի տարբերություն մյուս երկրների, ՀՀ զինված ուժերը ներկայացնում էին ժամկետային զինծառայողները: Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ հայ տանկիստներն ունեն մարտավարամասնագիտական բարձր պատրաստություն, մարտունակ են և պատրաստ՝ անհրաժեշտության դեպքում, ցանկացած պահի  արժանի հակահարված տալու հակառակորդին:

Խորագիր՝ #14 (1261) 3.10.2018 – 9.10.2018, Ազգային բանակ


04/10/2018