Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶՆԱՎՈՒՐԸ



ԱԶՆԱՎՈՒՐԸՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ 94 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ՀԱՆՃԱՐԵՂ ԵՐԳԱՀԱՆ, ՇԱՆՍՈՆՅԵ, ԿԻՆՈԴԵՐԱՍԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ

Խոր ցավով ստացա Շառլ Ազնավուրի մահվան բոթը. կյանքի 94-րդ տարում մեզանից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը:

Դժվար է հավատալ, որ մահացել է մի անձնավորություն, որը կերտել է մի ողջ դարաշրջան, կերտել է պատմություն, կերտել է սեր և անմնացորդ ծառայել սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով հայ: Նա 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացրել, ջերմացրել և ոգեշնչել է տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց՝ բոլոր մայրցամաքներում:

Սա ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար: Մահացել է Հայաստանի Ազգային հերոսը: Անուրանալի է Շառլ Ազնավուրի ավանդն Անկախ Հայաստանի կայացման ու հզորացման գործում:

Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ խորին վշտակցությունն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, Շառլ Ազնավուրի հարյուր միլիոնավոր երկրպագուներին՝ աշխարհի տարբեր մասերում: Ցավակցում եմ մեզ բոլորիս՝ ամբողջ հայ ժողովրդին:

Սա իսկապես մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, որն ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն՝ այդ արժեքների հիման վրա մարդկանց մղելով դեպի առաքինություն:

Իմ հուշերում նա կմնա որպես մեծ երգիչ, ՀՀ Ազգային հերոս, ազգի նվիրյալ, Հայաստանի կայացման գործում մեծ ավանդ ունեցած մարդ, բազմաթիվ հայերի եւ աշխարհի այլ ժողովուրդների բազմաթիվ ներկայացուցիչների ոգեշնչած մարդ, որը, իհարկե,  համաշխարհային արվեստի պատմության մեջ իր տեղն ունի, իր ներկայությունը երկար ու երկար կապահովի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ վարչապետ

 

ԱԶՆԱՎՈՒՐԸԽորապես ֆրանսիացի, բայց իր հայկական արմատներով ամբողջ աշխարհում ճանաչված Շառլ Ազնավուրը իր ստեղծագործություններով ուղեկցել է երեք սերունդների ուրախությունն ու տխրությունը: Նրա գլուխգործոցները, նրա կերպարը և լույսը երկար ժամանակ կպահպանեն նրան:

Ես հրավիրել էի նրան միասին գնալ Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որտեղ նա պետք է ելույթ ունենար: Մենք կիսում ենք Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների վիշտը»:

ԷՄՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆ

Ֆրանսիայի նախագահ

♦♦♦

«Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը,

միտքես կըսեմ. «Ապրի՛ս, եղբա՛յր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

♦♦♦

CNN-ը և TIMES ամսագիրը նրան հայտարարել են ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ԵՐԳԻՉ

ԱԶՆԱՎՈՒՐԸ

♦  Ստեղծագործական ավելի քան 70 տարիների կյանք

♦  200 երգ

♦  100 միլիոն ձայնասկավառակ

♦  Թողարկված 294 ալբոմ

♦  1000-ից ավելի համերգ` աշխարհի 94 երկրներում

♦  80 դեր կինոյում

♦  Կոմպոզիցիաներ 7 լեզուներով

♦ Նրա ստեղծագործությունները կատարել են աշխարհի խոշորագույն երգիչները` Էդիթ Պիաֆ, Լայզա Մինելի, Էլթոն Ջոն, Բոբ Դիլան, Ռեյ Չարլզ, Թոմ Ջոնս, Պլասիդո Դոմինգո, Անդրեա Բոչելի, Ջո Դասեն, Խուլիո Իգլեսիաս, Շեր, Սելին Դիոն, Լաուրա Պաուզենի…

♦  Համաշխարհային երաժշտական ոսկե ֆոնդին են պատկանում Ազնավուրի շատ երգեր, որոնց թվում` «Ավե Մարիան», «Բոհեմը», «Դեռ երեկը»…

 

♦♦♦

2016 թ. հոկտեմբերի 28-ին Հոլիվուդի փառքի ծառուղիում հանդիսավորությամբ բացվեց Շառլ Ազնավուրի աստղը: Նրա աստղը տեղադրվել է «Pantages» թատերական սրահի դիմաց, որտեղ էլ կայացել է Ազնավուրի համերգը:

♦♦♦

Ազնավուրը համընդհանուր ճանաչման հասավ 1959 թ.-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Դրանից հետո աշխարհի բոլոր լավագույն համերգասրահների դռները բացվեցին նրա առջեւ, աշխարհն «ազնավուրացավ»:

 

♦♦♦

Ազնավուրը մշտապես հպարտացել է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնել Հայաստանին: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը:

 

♦♦♦

Աշխարհահռչակ երգիչը Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանն էր, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը, Հայաստանի մշտական դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

 

Ազնավուրն Ազնավուրի մասին

ԱԶՆԱՎՈՒՐԸ«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով եւ արհամարհանքով լի ժպիտներ. «Մի՛ համառեք», «Ոչինչ չունենք Ձեզ համար», «Թողե՛ք Ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ եւ ուժ հավաքել՝ դիմանալու, պայքարելու համար…»:

♦♦♦

«Ի վերջո, դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող դա ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս: Ես չեմ պարծենում, սակայն, ընդունեք, որ ներգաղթյալի որդու համար վատ չէ…»:

♦♦♦

Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

♦♦♦

ԱԶՆԱՎՈՒՐԸ«Եթե մինչ օրս եռանդուն եմ, լավատես, հույսով, հավատով լի, ապա դրա համար պարտական եմ ծնողներիս ու նրանց բնավորությանը»:

♦♦♦

Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ՝ բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ:

♦♦♦

«Մենք ծնվում ենք, որպեսզի մեռնենք։ Բայց մինչ այդ ապրել է պետք»:

♦♦♦

«Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը եւ ծաղր ու ծանակն ընտանիքիս էր բաժին հասնում»:

♦♦♦

ԱԶՆԱՎՈՒՐԸ«Իհարկե, ես գիտեմ իմ գինը, բայց ես գիտեմ նաև իմ թերությունները և երբեք չեմ համարել, թե տիրապետում եմ բացառիկ մտավոր ընդունակությունների: Այսպես ասեմ՝ ես ունեմ ամեն բան, ինչ ինձ անհրաժեշտ է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին»:

Խորագիր՝ #14 (1261) 3.10.2018 – 9.10.2018, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


04/10/2018