Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՅՈՒՑԱԶՆԸ



ԴՅՈՒՑԱԶՆԸՀոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, բռնցքամարտիկ ԱՐՇԱԿ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ կդառնար 60 տարեկան:

 

Հատվածներ գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի՝  Արշակ Ղամբարյանին նվիրված ակնարկից:

 

1992 թվականի օգոստոսին, երբ հեռուստացույցով անսպասելի հնչեց Վազգեն Սարգսյանի մարտակոչը, Արշակը զանգահարեց «Մուշ» ջոկատի իր զինընկերներին, բոլորն էլ երկու ամիս տարբեր ճակատներում կռվելուց հետո մի գիշեր տանը հանգստանալը բավարար համարեցին, որոշեցին առավոտ վաղ միասին նախարարություն գնալ, ամբողջ ջոկատով մահապարտ արձանագրվել։

Այդ գիշեր Արշակը շատ հոգնած էր, ոնց որ՝ թեթեւ ցնցահարված էլ էր ստացել, բայց քունը չէր տանում։ Երեխա հո չէ՞ր, դեռ պատերազմը չհայտարարված` կռվում էր ու շատ լավ հասկանում նախարարի խոսքերը, թե՝ «Մահապարտների» գումարտակում ապրել-մեռնելու հավանականությունը հիսուն հիսուն է։ Գլուխը բարձրացրեց, կինը, երեխաները անխռով ննջում էին։

Որպեսզի ոչ մեկին չզարթնեցնի՝ անաղմուկ համազգեստը հագավ, փողոց դուրս եկավ։ Որքան մոտենում էր նախարարության շենքին, այնքան խիղճը տանջում, իրեն մեղավոր էր զգում ծնողների, կնոջ, երեխաների առաջ։ Վերջում կարծես սփոփանք գտավ, ինքն իրեն մխիթարեց. «Ղազարը տանն է, եթե հետ չգամ էլ, Ղազարն իմ պակասը չի զգացնի»։

Նախարարության սրահը, որտեղ արձանագրում էին մահապարտներին, լեփ-լեցուն էր։ Ո՜նց էին առավոտ շուտ եկել-հասել Երեւանի տարբեր թաղերից, Հայաստանի հեռավոր շրջաններից։ Հայացքով որոնեց, որ ծանոթ գտնի։ Արձանագրվողների աղմկոտ հերթում հեռվից նա, ով ստորագրում էր համաձայնագիրը, վկայական ստանում, իրեն ծանոթ թվաց։ Մոտեցավ, նայեց, ցնցվեց։ Եղբայրն էր։ Ղազարը։ Իրենից շուտ էր տեղ հասել, մահապարտ գրվել…

Պատերազմը ոնց որ թե վերջացել էր։ Վերջանում էր։ Շենգավիթի ազատամարտիկները՝ ոմանք ողջ-առողջ, ոմանք` վերքերով ու ցնցահարվածներով վերադարձել, մտմտում էին, թե ի՞նչ անեն, որ գլուխները պահեն։ Ընտանիքներին օգտակար լինեն։ Իրենց հասակակից այն թաղեցիները, ովքեր Ղարաբաղ չէին եկել, վաղուց արդեն զբաղեցրել էին բոլոր շահութաբեր ոլորտները, ոմանք այդ դժվարին տարիներին նույնիսկ հարստացել էին։ Մեկ էլ՝ զինկոմիսարիատից լուր եկավ, թե՝ կռված տղաներին կանչում են։ Հակառակորդը ամբողջ ձմեռ նախապատրաստվել, լրացուցիչ ուժեր էր կենտրոնացրել, վարձկաններ հավաքագրել, նկրտում էր Շահումյանից հետո բռնազավթել Մարտակերտի հյուսիսային լավագույն տարածքները, որտեղ շրջանի հնագույն բնակավայրերն էին՝ Թալիշը, Այգեստանը, ինչպես նաեւ Լենինավանը, Կարմիրավանը, Սեյսուլանն ու Հացավանը։

-Տղե՛րք, մենք Երեւանում անելիք չունենք, մեր տեղը Ղարաբաղն է, պատերազմը,- ասաց Գեւորգը։

Ընկերները համաձայնեցին, փորձված, կռված տղաներով գնացին, եռամսյա հավաքին մասնակցելու ցանկություն հայտնեցին։ Լուրը իսկույն տարածվեց թաղում, քսան-քսանհինգ ջահելներ, որոնք մինչ այդ ո՛չ Հայաստանի սահմաններն էին պաշտպանել, ո՛չ Արցախում կռվել, վերջին պահին միացան նրանց։ Որ հաղթանակից հետո իրենց արժանապատիվ տղամարդ զգան, բաց ճակատով բակ դուրս գան։

Ի՜նչ ուրախություն էր, որ ապրեցին Արցախի նոր կազմավորված բանակի մարտիկները, երբ Հայաստանից օգնության հասան Շենգավիթի գրոհային գումարտակի, Նոր Նորքի հատուկ վաշտի կամավորականները։ Արցախի պաշտպանները, որ ամբողջ ձմեռ խրամատներում էին անցկացրել, դիրքային մարտերից, նույն տարածքները մի քանի անգամ հանձնելուց, հետ վերցնելուց ուժասպառ էին եղել, ինքնավստահությամբ, վճռականությամբ համակվեցին, միացյալ ուժերով ազատագրեցին գոմերի, գինու գործարանի, բանտի, երեք բարձունքների տարածքները։ Հայկական ուժերի անսպասելի, սուր հակագրոհներից անակնկալի եկած, խուճապի մատնված հակառակորդը նահանջեց ընդհուպ Մարտակերտի հյուսիսային սահմանը՝ Կարմիրավանի մատույցները։ Զգալով, որ հետեւում Միր-Բաշիրն է, ազերիներն սթափվեցին, ի մի բերեցին իրենց ցաքուցրիվ վաշտերը, գլխավոր շտաբից հավելյալ ուժեր, զենք՝ հատկապես ծանր հրետանի, անգամ հատուկ սննդամթերք պահանջեցին։ Հրամանատարն ուզում էր իր վարկը վերականգնել, հակահարձակման ուղղությունները ճշգրտում, անընդհատ հոխորտում էր.

-Ապրիլի 24-ին հայերին այնպիսի ջարդ տամ, որ 1915 թիվը միտները բերեն։

Ու որպեսզի Արցախի, Հայաստանի միացյալ ուժերին իր արյունոտ անակնկալը մատուցի՝ 24-ին նախատեսված գրոհը 21-ին սկսեց։ Հարձակմանը ոչ միայն լավ զինված, նոր, մարտունակ զորամիավորումներ, այլեւ աֆղան ու թուրք վարձկաններ էին մասնակցում, որոնցից ամեն մեկը, ըստ նախնական խոստման, հաղթանակի դեպքում հազար դոլար պարգեւավճար պիտի ստանար։ Թալանն էլ՝ իր հերթին։

Իհարկե, հայկական հետախուզությունը պարզել, հրամանատարությանը իրազեկել էր հակառակորդի կուտակման, վճռական գործողությունների նախապատրաստման մասին։ Բոլորն էլ գիտեին, որ ուժերն անհավասար են։ Ամեն առումով։ Հայ մարտիկներն իրենց ազատագրած տարածքները պաշտպանելու, անիմաստ զոհեր չտալու համար որոշեցին գրոհային գումարտակ կազմավորել, սուր, անսպասելի հարձակումներով ջլատել, ցաքուցրիվ անել հակառակորդի զորամիավորումները։ Մինչեւ Մարտակերտի սահմանը նրանք բոլոր ռազմական գործողությունները հաջողությամբ էին ավարտել, վստահ էին, որ վերջինն էլ հաղթանակով կպսակվի։ Հատուկ գրոհային գումարտակի հրամանատար նշանակվեց Վահագն Վարդեւանյանը։ Նա ընտրեց իր լավագույն, հանդուգն մարտընկերներին՝ Արշակ Ղամբարյանին, Գարեգին Խաչատրյանին, Աղվան Գրիգորյանին, Սեդրակ Արամյանին, Արմեն Հովհաննիսյանին՝ տասնչորս հոգու։ Մյուսները՝ Շենգավիթի գումարտակի ջահել, անփորձ կամավորականները, իրենց թիկունքը պիտի պաշտպանեին…

Տասնչորսից ոչ ոք չի փրկվել, որ հետագա մանրամասները պատմի…

Առավոտյան ազերիներն ըստ երեւույթին կանխազգացել էին հայերի մտադրությունը, նախահարձակ եղան։ Գրոհը շենգավիթցիներին անակնկալի բերեց, բայց խուճապի չմատնեց։ Մեկ ժամ, երկու ժամ, երեք ժամ։ Փոխհրակոծության թոհուբոհում հնչեց հեռակապի ազդականչը։ Վահագը դժվարությամբ էր լսում տագնապով արտաբերվող բառերը։ Հրամանատարական բարձունքից էր, կարգադրում էին անհապաղ նահանջել։ Ինքն էլ էր տեսնում, որ շրջափակման օղակն աննկատ սեղմվում է, բայց նա ամբողջ պատերազմի ընթացքում չէր նահանջել` ո՛չ «Մուշ» կամավորական ջոկատում, ո՛չ էլ նոր կազմավորված հայկական բանակում, որի առաջին սպաներից էր։

Տասնչորս հոգու վրա մի ամբողջ զորամիավորում էր կրակ տեղում, փրկության հույս չէր կարող լինել։ Օգնության՝ առավել եւս։ Արշակը գիտեր դա։ Տասնչորսն էլ գիտեին, բայց փոխանակ հուսալքվելու, քանի որ այլ միջոց, հնար չունեին, վճռել էին մահո՛վ հակառակորդին հաղթել։ Երբ Արշակ Ղամբարյանի զինապաշարն սպառվեց, նռնականետը մի կողմ շպրտելով` ամենամոտ ասկյարի վրա խոյացավ, երկու ձեռքով կոկորդը բռնեց, օդ բարձրացրեց, խեղդամահ արեց։ Հետո միայն ընկավ։ Տասնչորսից մեկը՝ վերջինը՝ Վահագն Վարդեւանյանը, դեռ ողջ էր, վիրավոր, բարդու բնին հենված, շոշափում էր պահած նռնակներն ու մտմտում, թե ինչ անի, որ գերի չընկնի։ Ողջ չհանձնվի։ Մարող ուժերը լարելով, շարժվեց, որպեսզի թշնամիները նկատեն իրեն։ Նույնիսկ ճիգ գործադրեց՝ ձայնեց։ Հենց չորս ասկյար վազեվազ մոտեցան, որ գերեն, քաշեց նռնակի փակօղակը, պայթեցրեց իրեն ու չորս զինվորներին։

Թշնամին հաղթել, բայց գյուղ մտնել չէր համարձակվում։ Հայ զինվորից սարսափում էր…

Խորագիր՝ #15 (1262) 10.10.2018 – 16.10.2018, Ճակատագրեր


10/10/2018