Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԻՆԵՍԻ ԿՐԿՆԱԿԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ



ԳԻՆԵՍԻ ԿՐԿՆԱԿԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸՌոման Սահրադյանը Գինեսի կրկնակի ռեկորդակիր է: Նա առաջին ռեկորդը սահմանեց բանակում` ժամկետային զինծառայության ժամանակ` պտտաձողի վրա մեկ րոպեում կատարելով 41 մեծ պտույտ: Մի քանի տարի անց Ռոման Սահրադյանը պտտաձողի վրա պտտվեց 1001 անգամ: Դա 331-ով գերազանցում էր Գինեսի գրքում գրանցված նախորդ ռեկորդը: Եվ մնաց անհաղթահարելի:

 

-Ռոման, Ես Ձեր ռեկորդները անձամբ չեմ տեսել, բայց դիտել եմ բազմաթիվ տեսանյութեր: Դա, իրոք, անհավանական էր: Մկանների ի՞նչ ահռելի ուժ է պետք 1001 անգամ մարմինը պտտաձողի շուրջ պտտելու համար: Ռեկորդը լուսաբանող արտասահմանցի լրագրողը ապշած էր: Ինչպե՞ս սկսվեց այդ ամենը, քանի՞ տարվա մարզումների արդյունք էր ռեկորդը:

-Կարելի է ասել` ամենն սկսվեց այն ժամանակ, երբ մտքովս էլ չէր անցնի, որ մի օր ռեկորդ կսահմանեմ, եւ իմ անունը կգրանցվի Գինեսի ռեկորդակիրների գրքում: Ես Թալինի Կարմրաշեն գյուղից եմ: Մեր տանն ընդունված է, որ տղամարդը չպիտի վախենա ֆիզիկական աշխատանքից ու պիտի ուժեղ լինի: Առհասարակ, մեր գերդաստանի տղամարդիկ պինդ մկաններ ունեն` Տոնական պապս, հայրս… Գյուղի հողագործական աշխատանքը իր հերթին, հետն էլ մարզվում էին զանազան պարագաներով, որոնք տեղադրել էին մեր բակում: Դրանցից մեկն էլ պտտաձողն էր: Աչքս բացել, մեր բակում պտտաձող եմ տեսել: Ու պարբերաբար փորձել եմ պտտվել` հետզհետե ավելացնելով պտույտների քանակը: Բայց լրջորեն չեմ զբաղվել դրանով, որովհետեւ ես այլ ծրագրեր ունեի` երազում էի ընդունվել մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետ: Երկրորդ կուրսից գնացի բանակ: Բանակում ֆիզպատրաստության դասերին կրկին փորձեցի պտտվել: Կարողացա կարճ ժամանակամիջոցում ավելացնել պտույտների քանակը, հրամանատարներս նկատեցին իմ հաջողությունները եւ առաջարկեցին ռեկորդ սահմանել` «Դյուցազնագրքում» գրանցվելու համար: Ես ցանկացա իմ ռեկորդը նվիրել բանակի տոնին, եւ արարողությունը տեղի ունեցավ հունվարի 28-ին, զորամասի բացօթյա հրապարակում՝ բազմաթիվ զինվորականների ու զինվորների աչքի առաջ: Մեկ րոպեում պտտաձողի վրա պտտվեցի 41 անգամ: Ռեկորդը գրանցվեց հայոց «Դյուցազնագրքում», հետո պարզվեց, որ դա չգերազանցված ցուցանիշ է նաեւ աշխարհում, տեսագրությունն ուղարկեցինք Լոնդոն` Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար: Գինեսի ղեկավարությունը գրանցեց ռեկորդը:

-Պիտի որ շատ հպարտ ու երջանիկ լինեիր…

-Անկեղծ ասած՝ բուռն ապրումներ չունեցա ռեկորդի հետ կապված, ինձ ավելի շատ ուրախացնում էր ընկերներիս ու հրամանատարներիս ցնծությունը: Հիմա էլ վերհիշելիս ես ոչ թե իմ զգացողություններն եմ վերապրում, այլ աչքերիս առաջ է գալիս տղաների ոգեւորությունը, ճիչերը, ծափերը: Հետո նրանք ինձ հորդորում էին, որ էլի մարզվեմ, նոր ռեկորդներ սահմանեմ: Մրցակցելու, հաղթելու ոգին ինձ բանակում են ներարկել: Մինչ այդ, իմ ձգտումները շատ համեստ էին: Սեփական հնարավորություններիդ սահմանը ճանաչելու, ինքդ քեզ հաղթահարելու, անհնարինը հնարավոր դարձնելու միտքը թշնամու դեմ պայքարում է ծնվում: Հետո դառնում է կենսակերպ:

-Իսկ ինչպե՞ս ծնվեց հաջորդ ռեկորդը: Կարծեմ` այդ ժամանակ դու արդեն ավարտել էիր մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետը:

-Այո՛, բուհն արդեն ավարտել էի, բայց ե՛ւ ուսումնառության ժամանակ, ե՛ւ հետագայում պարբերաբար մարզվում էի: Մի օր էլ իմացա, որ «Պտույտների» ռեկորդակիրը Գինեսում հայաստանցի է՝ Դավիթ Ֆահրադյանը:

-Նա հաղթահարե՞լ էր քո ռեկորդը:

-Իմ ռեկորդը վերաբերում էր պտույտների արագությանը` որոշակի ժամանակահատվածում (մեկ րոպեում` 41 պտույտ): Դավթի ռեկորդը պայմանավորված էր պտույտների քանակով: Նա ռեկորդային` 350 մեծ պտույտ էր արել պտտաձողի վրա: Ես ֆիզկուլտ ինստիտուտի մարզասրահում գերազանցեցի Դավիթ Ֆահրադյանի ռեկորդը` կատարելով 560 պտույտ: Պարզվեց՝ Դավիթը աշխատում է ֆիզկուլտ ինստիտուտում: Նա մոտեցավ, շնորհավորեց ինձ, ոգեւորեց… Ու մեկ ամիս անց 670 պտույտ կատարելով` վերադարձրեց ռեկորդակրի իր տիտղոսը:

ԳԻՆԵՍԻ ԿՐԿՆԱԿԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ-Եվ դեռ որքան շարունակվեց Ֆահրադյան-Սահրադյան «մենամարտը»` մինչեւ քո նոր ու անգերազանցելի ռեկորդը:

-Այն միտքը, որ ռեկորդը հայի ձեռքում է, մերն է, ինձ զրկում էր պայքարելու խթանից: Բայց հետո ես հասկացա, որ կարող եմ պտույտների քանակը մի քանի հարյուրով ավելացնել ու առաջին անգամ լուրջ նպատակ դրեցի իմ առջեւ, որոշեցի սահմանել մի ռեկորդ, որը դժվար կլինի հաղթահարել: Ու սկսեցի մարզվել: Մարզվել ամեն օր, ուժասպառ լինելու աստիճան: Ամեն օր 5 կմ վազում էի, ձգվում էի, մագլցում, պտտվում… Մարզվում էի ու սպասում Անկախության տոնին:

-Որոշել էիր ռեկորդդ նվիրել Անկախության տոնի՞ն:

-Այո՛: Մարդիկ բարձրաձայն հաշվում էր պտույտներս: Երբ ես կատարեցի 671-րդ պտույտը ու հաղթահարեցի Դավթի ռեկորդը, բոլորն սկսեցին գոռալ ու ծափահարել: Ես լսում էի պտույտների հաշիվը ու մարդկանց հրճվանքի ձայները:

-Իսկ ինչո՞ւ 1001 պտույտ եւ ոչ` հազար:

-Հենց պտտվելու ժամանակ որոշեցի, որ հազարմեկերորդ պտույտից հետո դադարեցնեմ` ի հիշատակություն Անիի հազար ու մի եկեղեցիների: Որպեսզի այդ սրտառուչ պատմությունը շրջանառվի նաեւ արտասահմանյան լրատվամիջոցներում, երբ նրանք լուսաբանեն ռեկորդը:

-Դուք պտտվելու ժամանակ ի վիճակի էիք մտածե՞լ նույնիսկ` ինչ-որ բան վճռե՞լ:

-Իհա՛րկե, միտքս լրիվ սթափ էր: Եվ ռեկորդը սահմանելուց հետո ինձ շատ լավ էի զգում: Մարդու ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ մտավոր հնարավորությունները շատ մեծ են, պարզապես պիտի ունենաս կամք, ցանկություն, լավատեսություն, հավատ, ու կհասնես անհավանական ձեռքբերումների: Որպես Գինեսի կրկնակի ռեկորդակիր` սա իմ ամենակարեւոր բացահայտումն է եւ ամենակարեւոր ասելիքը հատկապես երիտասարդներին, որոնք ուժերի ծաղկման շրջանում են: Չի՛ կարելի դառնալ 30 տարեկան` առանց որեւէ բացառիկ ձեռքբերման: Որովհետեւ այդ ներուժը կա յուրաքանչյուրի մեջ: Բերեմ ամենաակնառու օրինակը: Ապրիլյան պատերազմի ժամանակ ամենասովորական տղաները, որոնք նախկինում իրենց ընկերներից չէին տարբերվում, ինչպիսի սխրանքներ գործեցին: Հերոսացան: Պարզապես, իրավիճակը ստիպեց, որ նրանց հոգում քնած հերոսը արթնանա: Ուրեմն` պետք է գտնել խթան, դրդապատճառ՝ այդ հերոսին արթնացնելու համար:

-Իսկ եթե դրդապատճառ չկա՞:

-Ինչպես կարող է հերոսանալու, սխրանք գործելու դրդապատճառ չունենա 25-30 տարեկան տղամարդը: Չուզենա, որ իրենով հիանան, հպարտանան, իրեն ծափահարեն, փառաբանեն…

-Ռոման, հիմա ինչո՞վ եք զբաղվում, կարո՞ղ է՝ նոր ռեկորդներ նվիրեք մեզ առաջիկա համազգային տոներին:

-Իմ ծննդավայր Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղում պատմության ու հասարակագիտության ուսուցիչ եմ: Հիմա ես այնպիսի (ոչ պակաս կարեւոր) ռեկորդներ եմ սահմանում, որոնք չեն գրանցվում Գինեսի ռեկորդների գրքում: Սերունդ եմ կրթում, վաղվա հային, զինվորներ եմ պատրաստում բանակի համար: Առանց ձեւականության պիտի ասեմ, այն, ինչ անում եմ հիմա, երկրի համար շատ ավելի կարեւոր է, քան Գինեսի ռեկորդներ սահմանելը: Այնքան եմ սիրում ու կարեւորում իմ գործը:

-Հաստատ, սերունդ կրթելն ավելի կարեւոր է: Ես համաձայն եմ:

-Պատմությունը սոսկ գիտելիք ու դպրոցում դասավանդվող հերթական առարկա չէ, պատմությունը ազգային ինքնության զգացողություն է, երկրից ու ժողովրդից ուղղված հայացք, սեփական կենսագրության իմաստավորում: Պատմությունը հայրենիքի ու քո կապի, ձեր փոխհարաբերության հենքն ու բովանդակությունն է:

-Ռոման, փայլուն կենսագրություն ունես, փառավոր: Զինվոր ժամանակ բանակիդ տոնին սահմանել ես Գինեսի ռեկորդ, մի չգերազանցված ռեկորդ էլ նվիրել ես երկրիդ Անկախության տոնին, հետո վերադարձել հայրենի գյուղ ու այսօր սերունդ ես կրթում, այսինքն` քո չափով, քո տեղում կառուցում ես վաղվա Հայաստանը: Ես հպարտ եմ քեզնով:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (1262) 10.10.2018 – 16.10.2018, Բանակ և հասարակություն, Մարզաշխարհ


10/10/2018