Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ ԶՈՐՔԵՐԸ 26 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ



ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ ԶՈՐՔԵՐԸ 26 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՀոկտեմբերի 10-ին լրանում է ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ձևավորման 26-ամյակը: Արցախյան պատերազմի ընթացքում կազմավորված զորատեսակն այսօր կայացած կառույց է, որն իր արժանի մասնակցությունն ունի ԶՈՒ զարգացման գործում:  Այն մասին, թե ինչ խնդիրներ են դրված այսօր զորատեսակի առջև, զրուցեցինք ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանի հետ:

 

-Պարո՛ն գնդապետ, մեր ընթերցողներին անպայման կհետաքրքրի Ձեր անցած զինվորական ուղին: Ներկայացե՛ք, խնդրում եմ:

-Ծնվել եմ  Արմավիրի շրջանի Գետաշեն գյուղում: 1986թ. ընդունվել եմ Կոստրոմայի ՌՔԿՊ բարձրագույն ուսումնարանը, ստացել լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել  Թուրքմենստանի ռազմական օկրուգում` որպես դասակի հրամանատար: 1991թ.-ից ծառայել եմ Խորհրդային Հայաստանի 7-րդ ամրացված շրջանում, որը 1992թ. կազմալուծվեց: Առաջարկություն ստացա ծառայելու ռուսական բանակում, սակայն հրաժարվեցի և զինծառայության անցա հայոց նորաստեղծ բանակում: 1992թ. նշանակվեցի Գյումրիում տեղակայված զորամասերից մեկում` որպես դիվիզիոնի հրամանատար: Քիմիկը հրետանային գումարտակի ղեկավար… իհարկե սա կադրային սպաների պակասի մասին էր վկայում: Բայց նշեմ, որ ամբողջ ամրացված շրջանում մեր գումարտակը միշտ առաջին տեղում է եղել՝ թե՛ մարտական, թե՛ կրակային պատրաստությունից և թե՛ իր կարգապահությամբ:

1994թ. Քարվաճառի ազատագրման մարտական գործողություններ: Ցուրտ ձմեռ, ձյուն: Օմարի լեռնանցք: Առաջին անգամ էինք մասնակցում մարտական գործողությունների: Ինքս ավագ լեյտենանտի կոչումով 22 տարեկան սպա, անփորձ զինվորներից կազմված գումարտակը պետք է ղեկավարեի լեռնային բարդ պայմաններում: Դժվար էր: «Հագե՛ք զրահաբաճկոնը, սրան ձեռք չտա՛ք, սա չուտե՛ք, այստեղ չնստե՛ք, և այլն, և այլն»: Ձայնս հաճախ կտրվում էր: Բայց հետո ամեն ինչ հունի մեջ ընկավ: Գոյության պայքար էր, իմ զինվորների կյանքի համար ե՛ս էի պատասխանատու:

1994թ. Քարվաճառի տարածքում մարտական գործողությունների հմուտ ղեկավարման համար պարգևատրվեցի վարչապետի կողմից և որպես մարտական ուղի անցած կադրային սպա, կապիտանի կոչում ստանալով, նշանակվեցի Սիսիանի գնդի առաջնային գծով տեղակալ: Այստեղ իրականացնում էի անձնակազմի ուսուցումը մարտադաշտ մեկնելուց առաջ: Այնուհետև մի շարք պաշտոններ եմ վարել, այդ թվում՝ քիմիական զորամասի հրամանատար, ՌՔԿՊ վարչության մարտական գծով բաժնի պետ. ստացել եմ գնդապետի կոչում: Ավարտել եմ Մոսկվայի մարշալ Տիմոշենկոյի անվան ակադեմիան: 2015թ. մինչ օրս զբաղեցնում եմ ԶՈՒ ՌՔԿՊ վարչության պետի պաշտոնը:

-Աշխատանքի ի՞նչ կարևոր ուղղություններ ունի այժմ զորատեսակը: 

ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ ԶՈՐՔԵՐԸ 26 ՏԱՐԵԿԱՆ ԵՆ-Ինչպես բոլոր զորատեսակների, այնպես էլ մեզ համար շատ կարևոր է մարտական պատրաստության անընդհատ կատարելագործումը: Ամեն տարի ՌՔԿՊ մասնագետների մասնագիտական պատրաստության և դաշտային մարզվածության մակարդակի բարձրացման նպատակով «Բաղրամյան» զորավարժարանում անցկացնում ենք ՌՔԿՊ ստորաբաժանումների ճամբարային հավաքներ: Անձնակազմն այս ընթացքում հմտանում է ժամանակակից սարքերի գործածման, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական վարակման պայմաններում, ինչպես նաև տարերային աղետների ժամանակ անհետաձգելի աշխատանքների իրականացմանը միտված գործողություններում: Ճամբարային հավաքի վերջում խաղարկվում են  ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակներին բնորոշ տարբեր դրվագներ:

Շատ կարևոր է նաև միջազգային զորավարժություններում ձեռք բերված փորձը: Այս տարի քիմիական զորքերը ՌԴ Կոստրոմա քաղաքում առաջին անգամ վեց պետությունների ներկայացուցիչների հետ մասնակցեցին «Անվտանգ միջավայր» մրցույթին, և նույնիսկ որոշ դրվագներում մերոնց հաջողվեց աչքի ընկնել: Մեր պայմանագրային զինծառայողներից մեկն, օրինակ, մարտական մեքենայից (ՀՄՄ 80) դուրս գալիս վնասեց ոտքը, բայց 500 մետր վազքով մինչև վերջնակետ հասավ:

2019թ. կմասնակցենք Չինաստանում անցկացվելիք զորավարժությանը: Արդեն պատրաստվում ենք զորավարժությանը բարձր արդյունքների հասնելու ուղղությամբ:

-Տեխնիկական և անձնակազմի ի՞նչ համալրվածություն ունեն ՌՔԿՊ զորքերը և ի՞նչ խնդիրներ կարող են կատարել: 

-Մեր զորքերը թե՛ խաղաղ և թե՛ պատերազմական պայմաններում ունակ են կատարելու առաջադրված ցանկացած խնդիր, քանի որ կա համապատասխան տեխնիկա, սարքավորումներ, անձնակազմ, որ գիշեր-ցերեկ բարձրացնում է մասնագիտական հմտությունները: ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի զարգացման հիմնական ուղղություններից են նաև ՌՔԿՊ տեխնիկայի, սպառազինության և սարքերի արդիականացումը, տեղական արդյունաբերական ձեռնարկությունների ներգրավումը վարակազերծման լուծույթների արտադրության գործընթացում: Այսօր արդեն արդյունավետ համագործակցում ենք հայրենական արտադրողների հետ՝ տեղական հրանետներ, ծխային միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ: Ունենք համապատասխան մասնագետներ: Հայրենական արտադրության քիմիական և կենսաբանական վարակվածությունը չափող մի քանի սարքերի նմուշներ այժմ փորձարկվում են զորքերում: Առաջիկայում կունենանք հրանետային նոր զինտեխնիկայի խմբաքանակ:

Այսօր ՌՔԿՊ զորքերի վարչությունը ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ:

Մեր սպայակազմն ու կուրսանտները վերապատրաստվում են ՌԴ ակադեմիայում:

ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ ԶՈՐՔԵՐԸ 26 ՏԱՐԵԿԱՆ ԵՆԶորատեսակի հաշվարկները անհրաժետության դեպքում կարող են բացազատվել համապատասխան կետերում և կատարել իրենց առջև դրված խնդիրները: Ամեն ինչ ծրագրված է ցանկացած իրավիճակի համար:

-Չնայած միջազգային կոնվենցիաներով զանգվածային ոչնչացման զինատեսակներն արգելված են, սակայն  մեր օրերում երկրագնդի տարբեր թեժ կետերում դեռևս ականատես ենք լինում դրանց կիրառման դեպքերին: Քիմիական զենքի կիրառման դեպք գրանցվեց նաև 2016թ. ապրիլյան քառօրյայի ընթացքում: Ադրբեջանի ԶՈՒ-ն CS տիպի թունավոր նյութ էր կիրառել:

-Մեր օրերում, այո՛, քիմիական զենքի կիրառման դեպքեր կան, վերջինն, օրինակ, Սիրիայում էր: Ապրիլյան քառօրյան էլ մեզ ցույց տվեց, որ պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի: Այժմ մեզ համար գերխնդիր են զանգվածային խոցման զենքերից զորքերի պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը:

Մեր զորքն այժմ 100 տոկոսով համալրված է անհատական պաշտպանական միջոցներով: Մեծ ուշադրություն ենք դարձրել նաև քիմիական-հետախուզական նոր սերնդի թվային սարքերի ձեռքբերման խնդրին:

-Մեր  ԶՈՒ  ՌՔԿՊ  զորքերը ներգրավված են նաև քաղպաշտպանության համակարգի աշխատանքներում, համագործակցում են Արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

-Արտակարգ իրավիճակների նախարարության հետ ծրագիր է մշակվել Մեծամորի ատոմակայանում, «Նաիրիտ» գործարանում և այլ ձեռնարկություններում հավանական վթարների հետևանքով առաջացած ռադիացիոն կամ քիմիական վտանգը վերացնելու, ցանկացած բնական և տեխնոլոգիական աղետի կամ վթարի դեպքում մեր համատեղ գործողությունները ներդաշնակեցնելու վերաբերյալ: Աստված մի արասցե, բայց վթարի դեպքում ԶՈՒ մեր ստորաբաժանման առաջնահերթ խնդիրը պետք է լինի քիմիական կամ ռադիացիոն վարակվածության շրջանում հայտնված մարդկանց անհապաղ տարհանումը: Հատուկ մշակման ստորաբաժանման խնդիրը վարակված տեխնիկայի և մարդկանց սանիտարական մշակման աշխատանքներ ծավալելն է:

-Պարո՛ն գնդապետ, ի՞նչ կմաղթեք Ձեր ղեկավարած զորատեսակի անձնակազմին:

-ՌՔԿՊ անձնակազմին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Բոլորին մաղթում եմ բարի ծառայություն, առողջություն և ցանկանում, որ մեր զորքերի կարիքը երբևէ չզգացվի, որ մեր մարտունակությունը բարձրացնենք միայն ու միայն խաղաղ պայմաններում:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (1262) 10.10.2018 – 16.10.2018, Ազգային բանակ


10/10/2018