Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ



ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ»՝ այս խորագիրն էր կրում օրերս Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսը՝ նվիրված Էդուարդ Տեր-Ղազարյանի 95-ամյակին: Այն սերունդների երկխոսություն է, տարիների ընթացքում հասունացած գաղափար, մեծանուն միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանն իր անվանակից ավագ թոռանն է փոխանցել  յուրօրինակ արվեստի գաղտնիքները: Պահպանել, զարգացնել և փոխանցել հաջորդ սերունդներին. իր կյանքի գործի՝ միկրոքանդակագործության համար:

Վարպետի երազանքն այսօր իրականություն է դառնում: Ապացույցը ցուցահանդեսին ներկայացված 25 աշխատանքներն էին. դրանցից 14-ն ընտրվել էր Էդուարդ Տեր-Ղազարյանի՝ 1000-ից ավելի անգերազանցելի միկրոքանդակներից, իսկ 11-ը՝ թոռան՝ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերի՝ արդեն 100-ից անցնող գործերից:

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսում ներկայացված էին նաև բազմաթիվ արխիվային նյութեր, արտերկրում լույս տեսած պարբերական մամուլից քաղվածքներ, լուսանկարներ… Դրանք այցելուների համար բացահայտում էին, որ Էդուարդ Տեր-Ղազարյանն իր կյանքի ուղին սկսել է որպես երաժիշտ, երկար տարիներ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ  նվագախմբի կոնցերտմայստերը: Նա միկրոքանդակագործությամբ սկսել է զբաղվել դեռևս 1939 թվականից: Անզեն աչքի համար անտեսանելի իր առաջին աշխատանքները ցուցադրել է Երևանում՝ շուրջ յոթ տասնամյակ առաջ՝ 1947-ին: Նա լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար՝ տաղանդավոր երաժիշտ, քանդակագործ, անգերազանցելի ծաղրանկարիչ և գյուտարար, իր մեծ ավանդն է բերել նաև բժշկության և գիտության ասպարեզում: Հայտնի ակնաբույժ Սվյատոսլավ Ֆյոդորովի համար ստեղծել է հատուկ միկրոսարքավորումներ աչքի վիրահատությունների համար: Նրա հեղինակային գյուտերի շարքից է նաև արյան անոթները միացնող սարքը:

Էդուարդ Տեր-Ղազարյանի խոշորագույն նվաճումը եղել և մնում է միկրոքանդակագործության նոր, ամենաբարդ ժանրի՝ շարժական միկրոքանդակների ստեղծումը: Աչքի համար ոչ տեսանելի միկրոքանդակները (որոնք հաճախ բաղկացած են տասնյակ, անգամ՝ հարյուրավոր դետալներից) շարժվում  են՝ կատարելով ոչ սինխրոն շարժումներ: Նրա այս աշխատանքները եզակի են ամբողջ աշխարհում և մինչ օրս մնում են չգերազանցված, թեև դրանց առաջին ցուցադրությունից անցել է ավելի քան 30 տարի: Պատահական չէ, որ օտարները նրա գործերն անվանել են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»:

Մեծանուն երաժիշտ, ջութակի վարպետ-նորարար Էդուարդ Տեր-Ղազարյանի շնորհիվ կյանքի է կոչվել Բախի վիոլա-պոմպոզան, որը լռել էր ավելի քան 270 տարի: Նա հիմնադրել է նաև եզակի երաժշտական գործիքների «Դվին» քառյակը:

 

Մարտական զենք, որը սեր է «կրակում»

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսի յուրօրինակ բաժիններից էր Վարպետի պատրաստած երաժշտական գործիքները, որոնք նրա նորարարության բարձրագույն դրսևորումներից են: Էդուարդ Տեր-Ղազարյանն ստեղծել է  երաժշտական ինքնաձիգ, որը ոչ թե սպանում է, այլ հոգևոր բերկրանք է պարգևում երաժշտասերներին, գեղեցիկ ու վեհ արժեքները գնահատողներին: Ինքնաձիգի վրա Վարպետը տեղադրել է տարբեր ազգերի շուրջ 40 երաժշտական գործիքներ, որոնցից շատերի վրա վիրտուոզ կատարում էր հանրահայտ ստեղծագործություններ: Տարիներ առաջ Մշակույթի համամիութենական ֆոնդի շենքում Էդուարդ Տեր-Ղազարյանի համերգից հետո  ֆոնդի նախագահ, ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը Վարպետի այս գործիքն անվանել է «Խաղաղության երաժշտական ավտոմատ»: Նրա նշանավոր գործերից է նաև լարային երգեհոնը, որի վերին դեկայի վրա տեղադրված են 120 ռեզոնատորներ, որոնք երգեհոնի հնչողություն ունեն: Իսկ ներքևի դեկան պատրաստված է փայտի մեկ ամբողջական կտորից: Վարպետին է պատկանում նաև աշխարհում միակ՝ միկրո չափսերի ջութակը:

Էդուարդ Տեր-Ղազարյանն իր կարևոր տեղն ունի երաժշտության ասպարեզում: Նշանավոր վիրտուոզ թավջութակահարուհի, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Մեդեա Աբրահամյանը Վարպետին այսպես է հիշում.

– Էդուարդ Տեր-Ղազարյանին ծանոթ եմ շատ վաղուց՝ որպես հիանալի անձնավորություն, լավ ընկեր, իր ասպարեզում հրաշագործ մասնագետ: Երբ արտերկրից հյուրեր էին գալիս, ես նրան իմ տուն էի հրավիրում: Մենք միասին նվագում էինք ինչպես դասական, այնպես էլ հայկական ստեղծագործություններ: Էդուարդ Տեր-Ղազարյանը նաև հիանալի հասկանում էր երաժշտական գործիքների լեզուն, ձայնը: Երբ թավջութակս կոտրվում էր, ես վերանորոգման գործը միայն նրան էի վստահում: Որքան հանճարեղ, նույնքան պարզ մարդ էր նա: Ամեն վայրկյան պատրաստ էր օգնության հասնելու: Ժամանակ չունեմ բառերը երբեք իրենից չէիր լսի:

 

Հանճարեղ պարզություն

Էդուարդ Տեր-Ղազարյանի մանրադիտակի տակ աշխարհը տեսավ ու նորովի ճանաչեց հայի ստեղծագործ մտքի թռիչքը՝ տիեզերական աշխարհ, որը  Վարպետը տեղավորել է մարդկային աչքի համար անտեսանելի մակերեսների վրա: Միայն նրան հաջողվեց ասեղի անցքի մեջ տեղադրել մեծ հանճարներ Չապլինին ու Պագանինիին, Գուլիվերին ու գաճաճներին (բաղկացած է 200 շարժական դետալներից), ԱՄՆ-ի Ազատության արձանը, Աբու Լալա-Մահարիի ուղտերի քարավանը, մազի մեկ սանտիմետրի վրա տեղադրել տարբեր դարաշրջանների 12 հայկական խաչքարեր, բարձրաքանդակներ հիշեցնող պատկերներ, ճարտարապետական կոթողներ… Նրա միկրոգլուխգործոցները  նվեր են ստացել Ռոքֆելլերը, Ինդիրա Գանդին, Խրուշչովը, Եղիսաբեթ II-ը և այլք։

-Էդուարդ Տեր-Ղազարյանը միայն հայ ժողովրդին չի պատկանում: Պետք է լուրջ աշխատանք տանել, որպեսզի նրա ստեղծագործական ժառանգությունը ներկայացվի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությանը և դասվի համաշխարհային գիտության և մշակույթի կարևոր նվաճումների շարքին: Իսկ Երևանում պետք է հիմնել Էդուարդ Տեր-Ղազարյանի թանգարան, որն իր հերթին կարևոր խթան կդառնա ոչ միայն իր ստեղծագործությունները պահպանելու, այլև զբոսաշրջության զարգացման համար,- նշում էին  ցուցահանդեսի այցելուները:

Էդուարդ Տեր-Ղազարյանին ազգային արժեք է համարում ժողովրդական երգչուհի, «Շողակն» ազգային երգի համույթի մենակատար Հասմիկ Հարությունյանը.

-Այն, ինչ այստեղ տեսնում եք, տարիների լուռ, տքնաջան աշխատանքի արդյունք է: Երբեմն մարդիկ լայն պողոտաների վրայով չեն կարողանում անցնել: Բայց Էդուարդ Տեր-Ղազարյանը ճանապարհ կառուցեց անգամ մազի վրա, ասեղի նեղ անցքի մեջ մի ամբողջ աշխարհ տեղավորեց: Նա անգերազանցելի ազգային արժեք է, և այս ժառանգությունը պետական բարձր հոգածության կարիք ունի,- համոզված է նա:

Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի համար «Տեր Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ոչ միայն թանգարանի գործունեության ամբողջ ընթացքում, այլև իր կյանքում.

-Էդուարդ Տեր-Ղազարյանի հետ շփվելու  երջանիկ առիթ եմ ունեցել դեռ 2005 թվականին, երբ Երևանի քաղաքապետարանի նորակառույց շենք տեղափոխվեց մեր թանգարանային ժառանգությունը: Մեր առաջին ցուցահանդեսը նվիրված էր մեծ Վարպետին: Այդ հանճարեղ մարդու հետ մենք երկար զրուցեցինք, իրենից շատ բան սովորեցինք և շարունակում ենք սովորել: Եվ ահա, տարիներ անց նրա 95-ամյակին նվիրված ցուցահանդեսը դարձյալ կազմակերպվեց Երևանի պատմության թանգարանում,- ասում է նա և ընդգծում,- մենք ամեն կերպ աջակցելու ենք բոլոր նախաձեռնություններին, որպեսզի Էդուարդ Տեր-Ղազարյանը Երևանում ունենա մշտական ցուցադրության վայր՝ թանգարան:

Էդուարդ Տեր-Ղազարյանը մեր պետության կողմից արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի  կոչման և ստացել ոսկե մեդալ: Իսկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշանով: Սակայն ամենամեծ գնահատականը լինելու է նրա թանգարանի բացումը, որով պետք է ապահովենք  նրա մշտական ներկայությունը սերունդների կյանքում: Էդուարդ Տեր-Ղազարյանի ստեղծագործությունները ծնունդ են առել սրտի զարկերի միջև ընկած միջակայքում: Եվ նա այդ մասին ասում էր.

-Երբ մոտենում եմ ապագա ստեղծագործության առարկային, մանրադիտակի տակ մի քանի հազար անգամ մեծացնում եմ գործիքները, սրտիս բաբախյունն սկսում է ազդել գործիքի վրա: Եվ ես այնպես եմ անում, որ կարողանամ փորագրել մինչև սրտի հաջորդ զարկը…

 

Սերունդների երկխոսություն

ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸԵրջանիկ են այն արվեստագետները, որոնց ժառանգները դառնում են իրենց կյանքի գործի շարունակողը: Էդուարդ Տեր-Ղազարյանն այս առումով երջանիկ հանճարներից է: Դեռևս 2009 թվականին Վարպետն սկսեց իր  արվեստի փորձն ու գաղտնիքները փոխանցել Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերին: Նրանք միասին աշխատեցին մինչև Վարպետի մահը՝ 2012թ. ապրիլի 16-ը՝ մի կողմից իրար փոխանցելով փորձն ու գիտելիքները, մյուս կողմից՝ այդ ամենին նորովի նայելու կարողությունը: Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը, թողնելով իրավաբանի կարիերան, նվիրվեց այս բարդ ու եզակի գործին՝ սովորելով նրա աշխատանքի հիմնական սկզբունքները և լիարժեքորեն ընկալելով հանճարեղ պապի ֆենոմենը։

-Այդ տարիներն ինձ համար ոչ միայն ամենաերջանիկն էին, այլ նաև բեկումնային: Դրանք կտրուկ փոխեցին իմ աշխարհայացքը: Մանկուց ունենալով միկրոքանդակագործությամբ զբաղվելու նվիրական երազանքը, առանց երկմտելու ընդունեցի պապիս առաջարկը, նվիրվեցի միկրոարվեստին՝ դարձնելով այն կյանքիս գործն ու իմաստը,- ասում է Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը:

Եվ այդ նվիրումի արդյունքը «Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսն է, որն իսկական նվեր է Երևանի 2800-ամյակի առթիվ: Ցուցասրահներում կողք կողքի ներկայացված էին պապի ու թոռան ստեղծագործությունները, որոնք ոչ թե  պետք է նկարագրել, այլ միայն տեսնել ու նորից տեսնել: Դրանցում հայ ժողովրդի ու պատմության գանձերն են,  հայ և համաշխարհային  մշակույթի, մարդկության անցյալի մասին  Տեր-Ղազարյանների մտորումներն ու գեղագիտական բարձր ընկալումներն են. մոլեկուլի չափ փոքր եզակի ստեղծագործություններ, որոնք մոնումենտալ քանդակներ ու գեղանկարներ են ամփոփում:

Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերն իր աշխատանքների մի մասը նվիրել է, այդ թվում՝  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, Շառլ Ազնավուրին, Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանին, Երևանի մամուլի ակումբին, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանին, Երևանի պատմության թանգարանին և այլն: Արվեստագետի   համար իր ստեղծագործական կյանքի ամենահուզիչ   պահերից մեկը եղել է 2016-ին.  Հայաստան կատարած այցի ընթացքում  Հռոմի Պապ Ֆրացիսկոս 1-ին Ամենայն Հայոց կաթողիկոսն ընծայեց Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերի  հեղինակած՝ Պապի աշխարհում ամենափոքր դիմանկարը։

-Դժվար է նկարագրել այն զգացողությունը, երբ ինձ ներկայացրին Հռոմի Պապին և նրան հանձնեցին իմ աշխատանքը: Իսկ ամիսներ անց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ինձ փոխանցեցին Ֆրանցիսկոս 1-ի անակնկալ նվերները՝ մեդալ և իր ստորագրությամբ լուսանկարը` օրհնված Պապի կողմից,- ասում է արվեստագետը:

Այսօր Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերն ընդլայնում է միկրոքանդակագործության ոչ միայն թեմատիկան, այլ նաև կատարելագործում  և զարգացնում է  այդ արվեստի տարբեր ճյուղերը՝ միկրոդիմանկարներ, միկրոլոգոտիպեր և այլն: Այժմ նա աշխատում է միկրոքանդակագործության ամենաբարդ ժանրի՝ շարժական միկրոքանդակների ստեղծման ուղղությամբ:

…Եվ կգա ժամանակը, երբ Էդուարդ Տեր-Ղազարյան անունը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը: Աշխարհի այս փոքրիկ անկյունում ապրած հանճարեղ հայի մասին ամերիկացի գիտնական, Էյնշտեյնի հետևորդ Ալեքսանդր Օտտո  Ստինն ասել է.

-Եթե գիտությունը շարունակի այս քայլերով զարգանալ, Էդուարդ Տեր-Ղազարյանի շարժվող միկրոքանդակների գաղտնիքը կբացահայտվի 9000 տարի հետո:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #16 (1263) 17.10.2018 - 23.10.2018, Հոգևոր-մշակութային


18/10/2018