Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է. ԼՈՌՈՒ ՄԱՐԶ



Տարածքը –                                                  3 799 քառ. կմ

ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը-         12.8%

Մարզկենտրոնը`                                                 ք. Վանաձոր

Տարածաշրջանները`                                 Սպիտակ, Տաշիր, Թումանյան, Գուգարք, Ստեփանավան,

Քաղաքները`                                             Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ, Ախթալա, Թումանյան, Շամլուղ

Ամենաբարձր կետը ծովի մակարդակից –          3196 մ (Աչքասար լ.)

Ամենացածր կետը ծովի մակարդակից –   375մ (Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջան)

Բնակչությունը –                                        221.1 հազ. մարդ (2017թթ. դրությամբ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է. ԼՈՌՈՒ ՄԱՐԶԼոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում: Հանրապետության հյուսիսում սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110 կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին:

Լոռու մարզում ծովի մակերեւույթից բարձրագույն կետը Աչքասար լեռան գագաթն է (3196մ), ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը (մոտ 375մ):

Լոռու մարզն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ եւ ունի լեռնային ռելիեֆ: Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց, Հալաբի լեռնաշղթաները: Առանձնանում են Փամբակի, Լոռվա գոգավորությունները եւ Լոռվա ձորը: Մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Միջին եւ բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է` տեւական, ցուրտ ձմեռներով: Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարեւադարձային է` չափավոր շոգ եւ չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Առավել արդյունավետ ոռոգման գոտում է:

Մարզի տարածքով է հոսում Դեբեդ գետը` Ձորագետ, Մարցագետ եւ Փամբակ վտակներով: Հարուստ է նաեւ հանքային աղբյուրներով: Մարզի տարածքում տիրապետում են անտառային, լեռնատափաստանային, մերձալպյան մարգագետինները:

Մարզի տարածքում մարդու մշակութային գործունեության հետքերը առկա են վաղնջական ժամանակներից: Այդ մասին են վկայում դեռևս 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Ախթալայի և Շամլուղի մերձակայքում` Ժակ Մորգանի, Սանահինում և Դսեղում` Ալ. Երիցյանի, Որնակում (այժմ` Ակներ)` Ն. Մառի, Հաղպատում, Պրիվոլնոյեում, Յաղդանում` Ե. Թաղայաշվիլու, Օձունում` Սբ. Տեր-Ավետիսյանի և այլոց պեղումներով ի հայտ եկած մ.թ.ա 3-րդ-1-ին հազարամյակներին վերաբերող մշակույթի արժեքավոր հուշարձանները, նաև հետագայում Դեբեդի ավազանի, Վանաձորի, Լոռի Բերդի, Քոսի Ճոթեր, Ղարաքոթուկ, Լորուտ և այլ հնավայրերի պեղումների արդյունքները:

Լոռվա տարածքում ճարտարապետությունը վերելք է ապրել հատկապես Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի թագավորության օրոք (10-12-րդ դարեր), երբ այդտեղ նոր թափ է ստանում տնտեսական և առևտրային գործունեությունը: Այդ ժամանակ է, որ ընդլայնվում են Հաղպատի, Սանահինի վանքերը, հիմնադրվում են նորերը` Քոբայրը, Հոռոմայրը, Խորակերտը և այլն: Երկրամասի պաշտպանությունն ապահովելու նպատակով կառուցվում են Լոռե, Քուլեթ, Ախթալա, Կայծոն, Գագ և այլ բերդեր, որոնք կարևոր եղան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների անվտանգության, կենտրոնական Հայաստանից Գուգարքով դեպի Վրաստան տանող ճանապարհի մատույցների պահպանման համար:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է. ԼՈՌՈՒ ՄԱՐԶԼոռին 1185-ից դարձել է Զաքարյան իշխանական տոհմի ներկայացուցիչների ժառանգական սեփականությունը, որով այնտեղ սկսվել է վերելքի նոր շրջան: Այդ շրջանում են կառուցվել և ավարտուն տեսք ստացել Ախթալայի, Քոբայրի, Մշակավանքի, Հոռոմայրի, Խորակերտի, Խուճապի և այլ վանքային համալիրները: 12-13-րդ դարերում Լոռիում` հատկապես Դսեղում աչքի ընկնող շինարարական գործունեություն է ծավալում Մամիկոնյան իշխանական տոհմի մի ճյուղը: 13-րդ դարի 30-ական թվականներին մոնղոլական նվաճումների հետևանքով, այնուհետև 14-րդ դարի վերջերին Զաքարյանների ֆեոդալական տան քայքայումով դադարում է Լոռու տնտեսական-մշակութային կյանքի վերելքը: Զաքարյաններից հետո մինչև 19-րդ դարը այնտեղ իշխել են նրանց շառավիղները` Արղության-Երկայնաբազուկները: 1801թ. Տաշիր-Ձորագետը Վրաստանի հետ միացվեց Ռուսաստանին` փրկվելով պարսկական ծանր լծից:

Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը:

Սանահինի վանքը հայ միջնադարյան ճարտարապետության աչքի ընկնող համակառույցներից է և նշանակալից դեր է կատարել հայ հոգևոր ու մշակութային կյանքում: Այդտեղ են հայ դպրության գործին իրենց հարուստ գիտելիքներն ի նպաստ դրել մշակութային և կրոնական նշանավոր գործիչներ: Հոգևոր դպրոցի սաներից է եղել մեծ երգիչ Սայաթ-Նովան: Ավելի քան հազարամյա պատմության ընթացքում Սանահինի վանքն ունեցել է տնտեսական, շինարարական և մշակութային կյանքի վերելքի և վայրէջքի շատ շրջաններ: Բազմիցս ենթարկվել է ասպատակությունների և ավերի: Մեծ չափով տուժել է տարերային աղետներից: Մեր ժամանակները չեն հասել Կյուրիկյանների դամբարանը, հյուրատունը, տնտեսական արտադրական բնույթի շենքեր: Սանահինի վանքը, ինչպես նաև նրանից 6 կմ հեռավորության վրա գտնվող Հաղպատի վանքը հիմնադրել են քաղկեդոնական դավանանքը մերժելու համար բյուզանդական Ռոմանոս 1-ին կայսեր կողմից հալածական մի խումբ հայ կրոնավորներ, 10-րդ դարի առաջին կեսին: Կառուցվել է այն տեղում, որտեղ, ըստ ավանդույթի, Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում խաչ է կանգնեցրել: Սանահինի վանքը հիմնադրվել է փոքր-ինչ ավելի վաղ, քան Հաղպատինը: Վանքը գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում: Բաղկացած է 10-13-րդ դարերում կառուցված, հիմնականում ամբողջական վիճակում գտնվող պաշտամունքային և քաղաքացիական մեծ թվով շինություններից: Պարսպի մեջ առնված հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցիներից, գրատուն մատենադարանից, գավթից, նախագավթից, զանգակատնից, հոգևոր դպրոցի և գրատան սրահներից, դամբարաններից:

Հաղպատի վանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, որում առավել ակնառու են դրսևորված զարգացած միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը՝ գեղատեսիլություն, շրջապատող միջավայրի հետ ներդաշնակ կապ, տարածական հավասարակշռվածություն, նաև` աշխարհիկ մտածողության և աշխարհիկ շինությունների գերակշռություն: Վանքը հայտնի է եղել որպես միջնադարյան հոգևոր և մշակութային կարևոր կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն: Բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել է երկրաշարժերից: Հաղպատի վանքը սերտորեն ընդհանրանում է իր հռչակավոր «հարևանի»՝ Սանահինի վանքի հետ ոչ միայն պատմական ճակատագրով և ժամանակագրական մերձությամբ, այլև հորինվածքային գծերով, հուշարձանների կազմով, ճարտարապետական-գեղարվեստական լուծումներով, կառուցվածքային հնարքներով: Վանքը Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում է և դիտվում է շրջակա ամբողջ տարածքից: Այն շրջափակող պարսպից ներս առկա են մեկը մյուսից զարմանահրաշ, առինքնող ու մարդամոտ պաշտամունքային և քաղաքացիական շենքեր և շինություներ, որոնցից առավել կարևորներն են՝ Սբ. Նշան. Սբ. Գրիգոր, Սբ. Աստվածածին եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը և այլն: Հիմնական կառույցները խմբավորված են Սբ. Նշան եկեղեցու շուրջ` սերտորեն ներդաշնակելով իրար և կազմելով միասնական ճարտարապետական համակարգ: Հաղպատի հուշարձանախմբի հիմնադրումը հաշվվում է 976 թվականից, երբ Աշոտ Գ Ողորմածի կին Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ սկսվեց վանքի գլխավոր կառույցի՝ Սբ. Նշան եկեղեցու շինարարությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է. ԼՈՌՈՒ ՄԱՐԶԼոռե կամ Լոռեբերդ տանող ճանապարհն անցնում է Ստեփանավան քաղաքով: Վերջինիս հարավարևմտյան կողմում առկա է եկեղեցու միանավ դահլիճի խորանի մնացորդ՝ պատերի առանձին երկու զանգվածի ձևով՝ 3-5մ բարձրությամբ: Մնացորդներից դժվար է որոշակի կարծիք կազմել եկեղեցու հորինվածքի և ժամանակի մասին: Լոռե բերդաքաղաքի մնացորդները գտնվում են Ստեփանավան քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք՝ Ձորագետ և Միսխանա գետերի զառիթափ կիրճերով եզերված հրվանդանանման սարահարթի վրա: Հիմնադրել է Անիի Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ՝ Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինը (989-1048):

Օձունի հուշարձանախումբը եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը: Այդ են վկայում գյուղին մերձակա քարայրներում հայտնաբերված մեծ թվով ձեռագիր հիշատակարանները: Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գյուղի կենտրոնական բարձրադիր մասում է և աչքի է ընկնում տեղանքի հետ ունեցած սերտ միասնությամբ: Այն իր համաչափություններով տարբերվում է 5-րդ դարից հետո կառուցված հայկական գրեթե բոլոր հուշարձաններից: Աղոթասրահի հատակագծային համաչափություններում առկա է փոխադարձ կապ, որը չի կարող պատահական զուգադիպության արդյունք լինել և իր հերթին հաստատում է հայկական պատմաճարտարապետական հուշարձանների համաչափությունների միջև պատճառական կապի, նրանց նախագծման ու կառուցման որոշակի սկզբունքների գոյությունը:

Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների՝ Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի ներկայացուցիչների գործունեության հետ: Մատենագիտական հիշատակություններից երևում է, որ Քոբայրը՝ որպես մենաստան, 12-րդ դ. կեսերին արդեն կազմավորված և հռչակված է եղել: Անվան ծագումը կապվում է այր (քոբ) բառի հետ: Գտնվում է Անդրերկաթուղու Քոբեր կայարանի (Թումանյանի շրջան) հարավարևմտյան մասում՝ Դեբեդի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա: Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, ընդհանուր հորինվածքով, քարի մշակման և հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմող որմնանկարներով: Այն Հայաստանի զարգացած միջնադարի կարևոր գրչօջախներից և մշակութային կենտրոններից էր, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: Արձանագրությունները արժեքավոր վավերագրեր են հուշարձանների կառուցման, ժամանակագրման, միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների վերաբերյալ: 13-րդ դարի կեսերին Քոբայրը Կյուրիկյաններից արդեն անցել է Զաքարյաններին: Քոբայրում են թաղված Զաքարե ամիրսպասալարի որդին՝ Շահնշահը, վերջինիս որդիները, հոգևոր և աշխարհիկ նշանավոր գործիչներ:

Ախթալայի ամրոցը վանքային համալիրի հետ գտնվում է ավանի կենտրոնական մասում՝ բարձրադիր թերակղզիաձև հարթակի վրա: Տարածքը երեք կողմից եզերված է ժայռապատ խոր ձորերով, իսկ չորրորդ՝ հյուսիսային կողմից հարակցվում է սարահարթին: Ամրոցը կառուցվել է 10-րդ դարում՝ Կյուրիկյանների տիրապետության ժամանակ: Վանքի գլխավոր եկեղեցին ՝ Սբ. Աստվածածինը, կառուցվել է ամիրսպասալար Իվանե Զաքարյանի կողմից՝ 13-րդ դ. առաջին քառորդում: Այստեղ է նաև միանավ եկեղեցին (13-րդ դար)` ուղղանկյուն հատակագծով և թաղածածկ երկլանջ կտուրով: Ավանի կենտրոնական մասում Սբ. Երրորդություն վանքն է (13-րդ դար)` բաղկացած իրար կից երկու եկեղեցիներից, մատուռից և արտաքին սրահից:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Խորագիր՝ #16 (1263) 17.10.2018 - 23.10.2018, Հոգևոր-մշակութային


18/10/2018