ՏՈՀՄԱԾԱՌ
Ըստ «Աստվածաշնչի» եւ Մովսես Խորենացու
Եվ Նոյյան տապանը կանգ առավ Արարատ լեռան գագաթին։ Միակ ցամաքը, որ աշխարհակործան ջրհեղեղի ժամանակ, գլուխը դուրս հանած, երեւում էր խորախորունկ օվկիանոսով պատված երկրի երեսին։ Նույն զգուշությամբ բացեց տապանի պատուհանը եւ խոր շնչեց լեռնային օդը։ Երակների մեջ խնդաց¬խնդմնդաց արթնացող հույսը. ամեն ինչ կատարվել էր, ինչպես պատվիրել էր Աստվածը։ Մի բուռ հող կար ոտնատակ՝ հենարան¬խարիսխ։ Մարդկությանը փրկող առաջին նախապայմանն առկա էր՝ գլխավերեւում շնչելի օդ էր, ոտքերի տակ՝ հող։ Նոյը՝ իր կնոջ, երեք որդիների՝ Սեմի, Հաբեթի, Քամի եւ նրանց կանանց հետ…
Մի բուռ մազապուրծ մարդկություն էր, որն օվկիանոսի հատակին էր թողել նախորդ քաղաքակրթությունը՝ պատած անբարոյականության ամայացնող զսպաշապիկով։ Մի բան որոշ էր ու հաստատ, նախկինը չէր կրկնվելու այլեւս։ Ծավալվող մարդկությանն ուտող անբարոյականությունը, թվում էր, անվերադարձ հանգչում էր բարձրացած ու փոթորկուն ջրերի հատակին։ Իրենք ապագա մարդկության սերմերն էին՝ իրապես փրկվե՞լ էին, թե՞ ոչ։ Ինչ¬որ կղզյակ ընկած աղետյալներ էին։ Իրենք գուցեեւ փրկվել էին, բայց դա չէր կարեւորը, այլ իրենց արարելիք ապագա մարդկության փրկությունը, իսկ դրա համար լրացուցիչ երաշխիքներ էին անհրաժեշտ։ Եվ Նոյն իր ուղարկած աղավնու միջոցով վերջապես պարզեց, որ համատարած օվկիանոսի ջրերը նվազել¬ցամաքել են, եւ կարելի է փրկության կղզյակից լանջն ի վար իջնել մայր ցամաք։ Ո՞ւր էր գնալու առաջին հերթին, որտե՞ղ էր հանգրվանելու, ո՞րն էր ապագա մարդկության առաջին օրրանը լինելու, սուրբ Արարատն արդեն եղել էր առաջին հանգրվանը, հետո լանջն ի վար իջնելու ժամանակն էր, ցածում տեղավորված ընդարձակ դաշտավայրն ամենամոտն էր ու ամենից առինքնողը։ Եվ ապա, այսօրվա մտածողությամբ ասած, Նոյը ոչ սեփական ինքնաթիռ ուներ, ոչ կառք ու սայլ, որ ամենամոտ դաշտավայրն արագորեն ճեղքել¬ անցնելով գնար, ուրիշ տեղ բնակվեր։ Աղետյալները լանջն ի վար ոտքով էին իջնելու եւ առաջին իսկ պատահած, բնակության համար պիտանի վայրում խփելու էին իրենց վրանները։ Իսկ այդ վայրն ուրիշ տեղում չէր, դա Արարատյան դաշտավայրն էր՝ ապագա մարդկության առաջին բնօրրանը, որին մենք այսօր, իրավամբ, Ավետյաց երկիր ենք անվանում։
Եվ Արարատյան դաշտում խփված առաջին վրաններում ծխաց առաջին օջախը, ծնվեցին Սեմի, Հաբեթի ու Քամի առաջին զավակները, Նոյ Նահապետի ձեռքով տնկվեց խաղողի առաջին այգին, հասունացավ առաջին բերքը եւ օրհնվեց։ Մինչեւ հիմա էլ հայոց եկեղեցին պահել է Խաղողօրհնեքի՝ Նոյ Նահապետից եկած արարողությունը։
Ուրախության առաջին աղաղակի հետ՝ բերքի տոնի օրը կայացավ առաջին գինարբուքը։ Եվ եթե այսպես, քայլ առ քայլ հետեւենք «Աստվածաշնչին», ապա առնվազն ծիծաղելի կհնչեն հազար ու մի աստվածաբանների, պատմաբանների, հնագետների այն պնդումները, ըստ որոնց՝ Ավետյաց երկիրը ոչ թե Հայաստանում է, այլ ինչ¬որ մի ուրիշ վայրում։ Նման կարծիք որդեգրած գիտնականները միահամուռ ընդունում են, որ Նոյյան տապանը հանգրվանել է Արարատ լեռան գագաթին, ինչպես որոշակիորեն հավաստում է Աստվածաշունչը։ Եթե դա այդպես է, ապա ո՞ւր էր գնալու աղետյալ Նոյը Արարատ սարից։ Թեւե՞ր ուներ, ինչ է, որ թռչեր, միանգամից, ասենք, վայրէջք կատարեր Միջագետքում, գնար, Քաղդեաց աշխարհը հասներ։ Ո՛չ այս, ո՛չ այն։ Աղետյալն առաջինը ոտք դրեց Արարատյան դաշտ, եւ վերջինս էլ ապագա մարդկության ու քաղաքակրթության բնօրրանը դարձավ։ Մինչեւ հիմա էլ մեր ժողովրդի հիշողության մեջ մնացել է Նոյի ձեռքով տնկված խաղողի այգիների մասին ավանդությունը։
Ինչպես նշեցինք, մեր երկրում Նոյ Նահապետն իր արարած խաղողի նեկտարից գինովցել է։ Աստվածաշնչում մի հետաքրքիր պատմություն կա այդ մասին. «Նոյի՝ տապանից դուրս եկած որդիներն էին Սէմը, Քամը եւ Յաբէթը: Քամը Քանանի հայրն էր: Այս երեքն էին Նոյի որդիները, եւ ժողովուրդները սրանցից սերուելով՝ տարածուեցին ողջ երկրի վրայ: Նոյը` հողագործ այդ մարդը, առաջինն էր, որ հող մշակեց եւ այգի տնկեց: Նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացաւ իր տան մէջ: Քամը` Քանանի հայրը, տեսաւ իր հոր մերկութիւնն ու դուրս գալով` այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին: Սէմն ու Յաբէթը, երկուսն էլ, հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը: Նրանք մէջքով էին կանգնած, այնպէս, որ իրենց հօր մերկութիւնը չտեսան: Նոյը սթափուելով գինովութիւնից` իմացաւ, թէ ինչ է արել իր նկատմամբ իր կրտսեր որդին, եւ ասաց. «Անիծեալ լինի ստրուկ Քանանը եւ իր եղբայրների ծառան թող լինի»: Նա աւելացրեց. «Օրհնեալ լինի Տէր Աստուած` Սէմի Աստուածը, իսկ Քանանը թող լինի նրա ծառան»:
Հնում գերդաստանի նահապետի համար մեծ անպատվություն էր, երբ ուրիշները, թեկուզ դրանք լինեին հարազատ զավակները, տեսնեն սեփական մերկությունը։ Քամը դա տեսավ եւ չարախնդաց, դրա համար էլ որդոց որդի արժանացավ հոր անեծքին, որն անպայման բռնելու էր։
Ոչ ոք, սակայն, ուշադրություն չի դարձրել Աստվածաշնչի այն մի հատիկ տողին, երբ Նահապետը, Հաբեթին օրհնելով, ասում է. «Նա Սեմի վրաններումը բնակվի»։ Այնինչ, քննարկվող հարցի առնչությամբ, այս տողի խորքում շատ ծալքեր կան թաքնված։ Հաբեթն, ուրեմն, որն ըստ մեր պատմիչների վկայության ու հայ ժողովրդական զրույցների, մեր նախնի Հայկի նախապապն է, հենց սկզբից ի վեր ընդարձակվելով, այսինքն՝ զավակներ ունենալով, աճելով ու բազմանալով՝ բնակվել է Արարատյան դաշտում, նախապես, իհարկե, իր եղբայր Սեմի վրաններում, իսկ հետո արդեն իր եւ զավակների կառուցած շեներում ու ավաններում։ Եվ ապա, ըստ Աստվածաշնչի, եթե Հաբեթը բնակվելու էր Սեմի վրաններում, այդ դեպքում ի՞նչ էր անելու Սեմը։ Սա ուղղակի ակնարկ է, որ Նոյ Նահապետը Հայաստանում որոշ ժամանակ ապրելուց ու բազմանալուց հետո որոշում է ընդարձակել իր բնակության վայրերը։ Մարդկության առաջին բնօրրանը որպես ժառանգություն թողնելով Հաբեթ որդուն ու նրա սերունդներին՝ նա վերցնում է բազմանդամ ընտանիքի մյուս անդամներին եւ ուղեւորվում այլ վայրեր, մասնավորապես՝ Միջագետք, ու 950 տարեկանում կնքում մահկանացուն։
Հայաստանն, ուրեմն, բաժին հասավ Հաբեթին ու նրա սերունդներին։ Եթե հաշվի առնենք, որ հնում ավագ որդին էր դառնում օրինական ժառանգը, Հաբեթից հետո մեր երկրի լիիրավ տնօրենը դարձավ Գամերը, ապա՝ Թորգոմը, ապա՝ Հայկ Նահապետը, որի անունով էլ Ավետյաց երկիրը կոչվեց Հայաստան։ Ահա թե ինչու մտացածին ու հորինովի է հնչում հայերի՝ եկվոր լինելու մասին առասպելը։ Վերը նշված փաստերը վկայում են, որ այն խարսխված է կեղծ հիմքի վրա, եւ հորինել են մեր ժողովրդի թշնամիները՝ եկվորության մոլուցքով ցանկանալով մեզ զրկել պապենական հողերի ժառանգական իրավունքից։ Ի դեպ, այդ առասպելն են վկայակոչում այսօրվա Ադրբեջանի «գիտնականներից ու ղեկավարներից» շատերը՝ Արցախի, ինչու չէ, նաեւ մերօրյա Հայաստանի հայ էթնոսին եկվոր համարելով եւ իրենց՝ նախկինում իրապես քոչվոր թուրք¬սելջկական էթնոսին Ավետյաց երկրի իսկական ու միակ տերը կոչելով։ Մի սովորական ու անպտուղ խաղ՝ այդ խաղի բոլոր կանոնների կոպիտ խախտումով… Նրանց ջրաղացին, իհարկե, որոշ չափով ջուր է լցնում պատմահայր Մովսես Խորենացու մշակած «Հայկի եւ Բելի» առասպելը։ Ըստ դրա, մեր նախնի Հայկը Հայաստան է եկել Բաբելոնի աշտարակաշինությունից հետո, լեզուների խառնակության եւ Բելի, այսինքն՝ Ասորեստանի տիրապետությունից տարբեր ազգությունների առանձնանալու ժամանակ։ Դա այդպես է, բայց հարց է ծագում՝ ինչու՞ Հայկը ընտրեց Հայաստան աշխարհը։ Այդ զորավոր դյուցազնը, որն իր էությամբ ազնիվ էր, հպարտ ու օտարի բռնությունը չտանող, ինչպե՞ս պատահեց, որ եկավ, ինքը բռնակալ դարձավ ուրիշ ժողովուրդների գլխին, ովքեր, մինչ նրա գալը, ապրում էին Հայաստան աշխարհի տարածքում։ Սովորական տրամաբանությունը մեզ հուշում է, որ նա պարզապես իր նախնիների երկրից ժամանակավորապես Բաբելոն էր գնացել՝ մասնակցելու, մեր օրերի լեզվով ասած, «Դարի կառույցին»՝ Բաբելոնի աշտարակաշինությանը, որը նախնիների պատկերացմամբ այնքան էր բարձրանալու, որ հասներ Աստծու քղանցքներին։ Բնականաբար, նման վիթխարի ձեռնարկի իրականացման համար Հայկի ուժը, խելքն ու կարողությունը շնչելի օդի պես անհրաժեշտ էր Բելին, եւ նա հզոր կողմնակիցների կարիքն էր զգում։ Սակայն, հասկանալով Տիտանյան Բելի աշխարհակալ ցանկությունները, Հայկը չի հպատակվում եւ հետ է վերադառնում իր Ժառանգական երկիրը։ Դրա վկայությունն է Խորենացու այն խոսքը, թե Հայաստանում, որտեղ էլ որ հանգրվանում է Հայկը, տեղի բնակիչները նրան ընդունում են խանդավառությամբ եւ իրենց ենթակայությունը հայտնում։ Դա, ուրեմն, բռնակալի նվաճում չէր, այլ սեփական երկիր վերադարձած ավագ որդու ժառանգական իրավունքի վերականգնում ու վերահաստատում էր, որ հնում, սրբագործված հավատալիքի պես, անխաթար գործում էր։ Եթե Հայկ Նահապետը նվաճող լիներ, թերեւս ուրիշ ավելի արգավանդ երկրներ ընտրեր իբրեւ բնակության վայր։ Դա իրագործելու համար նա ուներ բոլոր հատկանիշներն ու միջոցները՝ հսկաների մեջ ամենից իմաստունն էր ու ամենից ուժեղը։ Բայց նա նախընտրեց, Խորենացու բառերով ասած, «Հյուսիսի ցուրտ սառնամանիքը«», որովհետեւ արար աշխարհում այդ էր ճակատագրով նրան բաժին հասածը, Ավետյաց երկիրը նրա Հաբեթ նախապապի, նրա Գամեր պապի, նրա Թորգոմ հոր Ժառանգական սեփականությունն էր։ «Այս է Հայկը,¬գրում է Խորենացին,¬որ հայ ազգի նախնին է, որ Թորգոմի որդին էր, սա՝ Թիրասի, սա՝ Գամերի, սա՝ Հաբեթի, եւ ա՛յս են նրա ցեղերն ու սերունդները եւ նրանց բնակության աշխարհը»։ Խորենացու այս տոհմածառի մեջ մի փոքրիկ շեղում կա «Աստվածաշնչից»։ Հայտնի է, որ Գամերն ու Թիրասը եղբայրներ էին եւ Հաբեթի զավակները։ Խորենացին, ինչպես վկայում է Ստեփանոս Մալխասյանցը, «մի անդամով երկարացրել է Հաբեթի ճյուղագրությունը… Սուրբ գրքի ճյուղագրությունը փոփոխելու համար նա պետք է շատ կարեւոր պատճառ ունենար։ Եվ այդ պատճառները երեւում են «Հայոց պատմության» հաջորդ գլուխներից։ Նախ՝ պետք է, որ Հայկն ու Բելը այնքան մոտ լինեին ժամանակով, որ կարողանային իրար հետ պատերազմել ¥Բելը, ըստ Խորենացու, Նեբրովթն է՝ Քամի սերնդից¤։ Երկրորդ պատճառն այն է, որ հետագա ճյուղագրության մեջ Նինոսը եւ հայոց Արամը պետք է ժամանակակից լինեին։ Վերոհիշյալ փոփոխությամբ հեղինակը հասել է երկու նպատակին էլ»։
Ժողովրդական անգիր զրույցներում նույնպես մեր երկիրը բազմիցս անվանվում է «Թորգոմա տուն», «Թորգոմա երկիր», իսկ հայերը կոչվում են նաեւ «Թորգոմա ազգ»։
Սուրբ գրքի վկայությունները, ինչպես եւ մեր պատմահոր ակնարկները հայերի ծագման մասին մեզ որոշակիորեն՝ պատմական, լեզվական բազում փաստերի հետ միաժամանակ, լրացուցիչ կերպով հուշում¬հավաստում են հայ ժողովրդի բնիկ լինելու եւ Նոյ Նահապետի օրհնանքով ու ցանկությամբ Ավետյաց երկիրը հայերին, իբրեւ ժառանգական սեփականություն, ավանդելու պատմական իրողությունը։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խորագիր՝ #16 (1263) 17.10.2018 - 23.10.2018, Հոգևոր-մշակութային