Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՍՊԻՏԱԼԻ ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ



ՀՈՍՊԻՏԱԼԻ ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄՀոսպիտալ տանող ճանապարհը երկարում է: Հավանաբար անհանգստությունս է պատճառը: Զինվորական բուժհաստատություն առաջին այցս է: Մտորումների մեջ քայլում եմ, հանդիպակաց քայլող կնոջից հետաքրքրվում եմ՝ մոտ է արդյոք հոսպիտալը: Հոգսաշատ ժպիտով նշան է անում, որ հետևեմ իրեն: Ճանապարհին ծանոթանում ենք. «Զինվոր տղես էդ հոսպիտալում է պառկած, գնում եմ մոտը»: Զինվոր բառն ընդգծված հպարտությամբ է արտաբերում, բայց զգում եմ՝ անհանգիստ է: Փորձում եմ մխիթարանքի, երախտիքի խոսքեր գտնել, ինչ-որ բան ասել, բայց հարմար կամ գուցե պատշաճ բառեր չեմ գտնում: Հասանք հոսպիտալի անցագրային կետ, առողջություն ցանկացա զինվորին, հրաժեշտ տվեցի, ու բաժանվեցինք: Թերապևտիկ բաժանմունք տանող ճանապարհին փորձում էի հոգեպես նախապատրաստվել բուժվող զինվորների հետ շփմանը: Մտածում էի՝ եթե այստեղ են, ուրեմն ինչ-որ լուրջ առողջական խնդիր ունեն, գուցե տրամադրված չլինեն լրագրողի հետ շփման: Արդեն բաժանմունքում, որտեղ զրուցելու էի զինվորների հետ, անհանգստությունս մի քիչ փարատվեց: Բժիշկները, բուժքույրերը, ապաքինվող զինվորները…բոլորը ժպտադեմ բարևում էին, հետաքրքրվում՝ ինչով կարող են օգնել: Ընդունարանում ներկայացա՝ լրագրող եմ, ուզում եմ զինվորների հետ զրուցել: Ծանոթանում ենք. տիկին Վերան բուժծառայության ենթասպա է, արդեն տասնմեկ տարի ծառայում է հոսպիտալում, բաժանմունքի քույր-տնտեսուհին է, միասին բաժանմունքի պետի աշխատասենյակ ենք քայլում: Մարգարիտա Սարգսյանի հետ զրուցում ենք պատերազմական իրավիճակներում ու խաղաղ պայմաններում զինվորական բժշկի առաքելության, ծառայողական առօրյայի մասին: «Զինվորական բժշկի դերը չի սահմանափակվում զուտ բժշկական միջամտությամբ, հաջողության կարելի է հասնել միայն հիվանդ-բժիշկ փոխվստահության միջոցով, հատկապես զինծառայողների հետ շփման մեջ անհրաժեշտ է ծայրահեղ նրբանկատ լինել»,- անկեղծանում է բժիշկը: Սկսնակ զինվորական լրագրողիս ծանոթությունը հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի հետ շարունակվում է. հարգալից ու ջերմ հարաբերություններ ծառայակից բժիշկների միջև, մայրական ջերմ հոգատարություն յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ…Ինչպե՞ս է հաջողվել նման մթնոլորտ ստեղծել: Ի պատասխան՝ բուժքույրերը վստահեցնում են՝ թեպետ բաժանմունքի պետը սրտացավ է, հոգատար թե՛ բուժանձնակազմի, թե՛ բաժանմունքում բուժում ստացող զինծառայողների նկատմամբ, բայցև խստապահանջ է, ինչ վերաբերում է առողջությանն ու կարգապահությանը, ապա այս հարցերում թերացումները չեն ներվում:

ՀՈՍՊԻՏԱԼԻ ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄՏիկին Սարգսյանից բաժանմունքում բուժում ստացող զինվորների հետ հանդիպման թույլտվություն եմ խնդրում: Ի զարմանս ինձ՝ զինվորներից և ոչ մեկի դեմքին տխրություն չեմ նկատում: Ալբերտի և Հովհաննեսի ժպիտով բարևից սթափված՝ խոր շունչ եմ քաշում, ու ներքին անհանգստությունս գրեթե տեղի է տալիս: «Աբովյան Ալբերտ»,- հպարտ ձայնով ներկայանում է, առաջարկում նստել:  2017թ. ամառային զորակոչին է մեկնել ծառայության, պաշտպանության բանակի զորամասերից մեկում է ծառայում: Ասում է՝ ի տարբերություն իր պատկերացրածի՝ ծառայությունն ավելի հեշտ է անցնում: Թոքերի բորբոքումով է հոսպիտալ տեղափոխվել, բայց վստահեցնում է՝ արդեն լավ է, բժիշկների բոլոր ցուցումները պատշաճ ու ժամանակին է կատարում, ընկերներն իրեն զորամասում սպասում են, համ էլ ծառայությունն է կիսատ մնացել: Ի պատասխան իմ այն հարցին, թե իսկապես այդքան մեծ դեր ունի զինվորական ծառայությունն իր կյանքում, Ալբերտը միանգամից լրջանում է. «Մեծ դեր ունի, մտածելակերպս էլ է փոխվել, ամեն ինչին այլ աչքերով եմ սկսել նայել: Երեխա գնում՝ տղամարդ հետ ենք գալիս. մեծերը չեն սխալվել»:

Հովհաննեսն էլ պայմանագրային զինծառայող է, ժամկետային ծառայությունն ավարտել է, մի քանի տարի հետո անցել պայմանագրային ծառայության: Ասում է՝ զինվորական ծառայությունը մարդուն է՛լ ավելի պատասխանատու է դարձնում:

Դանդաղ քայլերով, անշտապ, դեմքի լուրջ արտահայտությամբ ներս է մտնում Սարգիսը: Միանում մեր զրույցին: Օդեսայից հայրենիք է եկել զինվորական պարտադիր ժամկետային ծառայության անցնելու նպատակով: Առողջական որոշ խնդիրներ ունի: Յոթ տարեկանից ընտանիքի հետ արտերկրում է ապրում: Բայց հայերեն է սովորել, նախապատրաստվել հայրենիքում ժամկետային ծառայության անցնելուն: «Եթե եկել հասել եմ էստեղ, որ ծառայեմ հայրենիքիս, երևի դա էլ հայրենասիրություն է»,- ժպիտը դեմքին ասում է Սարգիսը: Քիչ անց մեզ է միանում նաև Դավիթը, ութ ամիս է, ինչ ծառայում է: Անկեղծանում է՝ բանակային կյանքին հեշտ չի հարմարվել: Հիմա էլ հոսպիտալում կարոտում է ընկերներին ու հարազատ դարձած զորամասին: Մասնագիտությամբ խոհարար է, ծառայությունից հետո որոշել է ուսումը շարունակել:

Տղաներից յուրաքանչյուրն ունի կյանքի ու ապագայի մասին իր  պատկերացումները՝ մեկը մյուսից տարբեր, բայց մի բան նրանց մոտ նույնն է. հայրենիքին իրենց պարտքը պատվով տալն ու տուն վերադառնալը. Նրանցից յուրաքանչյուրը պատրաստակամ է՝ անհրաժեշտության դեպքում մարտական խնդիրներ կատարելու:

Հրաժեշտ եմ տալիս տղաներին, շուտափույթ ապաքինում մաղթում: Տիկին Վերան միջանցքում սպասում է, հեռվից նկատում է, ժպտալով առաջ գալիս ու ձեռքի հետ էլ տղաներից մեկին զգուշացնում` «Գուլպա՛ հագիր, կմրսես»: Մի քիչ էլ ենք զրուցում ու կրկին հանդիպելու ակնկալիքով բաժանվում: Քայլում եմ դեպի բակ` տպավորված տիկին Վերայի ձայնի հոգատար ելևէջներից ու շարք վերադառնալու սպասումով հոսպիտալում անցնող օրերը հաշվող զինվորների ծառայելու պատրաստակամությունից…

ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԵՊՀ Լրագրության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի

Խորագիր՝ #16 (1263) 17.10.2018 - 23.10.2018, Ռազմական


18/10/2018