ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԱԼԻՔ ԿԱՄ ԳՐԱՖԻ «ՄՈՒՐՃԸ»
Առաջին անգամ «Հայ զինվորի» հյուրասրահում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայազգի ծագող աստղ, մեծ ռինգում ԴԱՎԻԴ ԳՐԱՖ անունով հայտնի գերմանաբնակ Վահագն Սահակյանը։ Խոստումնալից հայորդու մուտքը պրոֆեսիոնալ բռնցքամարտի անիմանալի ու բարդ աշխարհ եղավ շռնդալից եւ նշանավորվեց այնպիսի ռեկորդով, որը, մասնագետների կարծիքով, պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ դեռ երկար ժամանակ կմնա անգերազանցելի։ 2011թ. ապրիլի 2-ին Գերմանիայի Հալեվեստֆալեն քաղաքում անցկացված մենամարտի առաջին ռաունդի երրորդ վայրկյանին Գրաֆն ուժգին հարվածով նոկաուտի է ենթարկել լիտվացի Օլեգ Լոպայեսին։ Մասնագետները հիացած են Գրաֆի ոտքերի խաղով՝ այն նմանեցնելով Մուհամեդ Ալիի եւ Ռոյ Ջոնսի տեխնիկային։ Անշուշտ, ծանր ու գերծանր քաշային կարգում նման բռնցքամարտիկները բացառիկ են, իսկ մասնագետներն էլ մեր հայրենակցին մեծ ապագա են կանխատեսում։
-Չորս մենամարտ ես անցկացրել եւ չորսը հաղթել նոկաուտով։ Փայլուն արդյունք է։
-Իմ առաջին մենամարտում նոկաուտի ենթարկեցի լիտվացի բռնցքամարտիկ Լոպայեսին։ Առաջին իսկ հարվածից նա ընկավ եւ երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ, ուստի մրցավարը դադարեցրեց մենամարտը։ Հետո իմացա, որ դարձել եմ պրոֆեսիոնալ ռինգում աշխարհի ամենաարագ նոկաուտ կատարած բռնցքամարտիկը։ Երկրորդ մենամարտս ավարտեցի երկրորդ ռաունդի միջնամասում, կրկին նոկաուտով։ Մրցակիցս Լատվիան ներկայացնող Մակարենկոն էր (անունը չեմ հիշում)։ Երրորդ մենամարտս էլ եմ ավարտել նոկաուտով, առաջին ռաունդում. մրցակիցս անգլիացի Ստեֆան Հյուսն էր։ Չորրորդ մենամարտս տեղի ունեցավ վերջերս՝ օգոստոսի 27-ին, մրցակիցս հունգարացի բռնցքամարտիկ Վիկտոր Շալայն էր։ Նա 32 տարեկան է, փորձառու բռնցքամարտիկ, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 55 մենամարտ։ Ի դեպ` այս հաղթանակի հաջորդ օրը, ինչպես եւ խոստացել էի Վիկին, եկա Հայաստան` ներկա գտնվելու նրա կազմակերպած բռնցքամարտի երեկոյին։
-Եթե չեմ սխալվում, բոլոր բռնցքամարտիկներն էլ սիրողական բռնցքամարտից են մտնում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհ: Հետաքրքիր է, ի՞նչ նվաճումներ ես ունեցել սիրողական բռնցքամարտում։
-Առաջին լուրջ հաջողությունս ունեցա 2002թ.` 13 տարեկանում դառնալով Բադենվիրտենբերգի երկրամասի պատանիների չեմպիոն, եւ այդ տիտղոսն իմ ձեռքում եմ պահել մի քանի տարի։ Երեք անգամ՝ 2005, 2006 եւ 2008 թվականներին դարձել եմ Գերմանիայի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 2007-ին Գերմանիայի դրոշի ներքո մասնակցել եմ Սերբիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, դարձել բրոնզե մեդալակիր։
-Քանի՞ տարեկան էիր, երբ առաջին անգամ հագար բռնցքամարտիկի ձեռնոցները։
-Նախ ասեմ, որ ծնվել ու մեծացել եմ Երեւանում։ 8 տարեկան էի, երբ առաջին անգամ հաճախեցի բռնցքամարտի դպրոց։ Բռնցքամարտի այբբենարանը սովորել եմ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցում, այնտեղ եմ ծանոթացել բռնցքամարտի գաղտնիքներին, այնտեղ եմ որոշ հմտություններ ձեռք բերել։
-Հասակդ 1,92 մ է, եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին ծանր քաշային կարգում առայժմ միակ հայազգի բռնցքամարտիկն ես։ Եթե չիմանայի, որ բռնցքամարտիկ ես, կմտածեի, որ իմ զրուցակիցը բասկետբոլիստ է կամ լողորդ։
-Լողով զբաղվել եմ 4 տարի։ Ավելի ճիշտ, բռնցքամարտին զուգահեռ զբաղվել եմ նաեւ լողով։ Մի պապս լողորդ է եղել, մյուսը` բռնցքամարտիկ, եւ որպեսզի նրանցից ոչ մեկին չնեղացնեմ, որոշեցի զբաղվել ե՛ւ բռնցքամարտով, ե՛ւ լողով։ Բայց հետո հասկացա, որ դրանցից մեկից պետք է հրաժարվեմ եւ թողեցի լողը՝ ինձ ամբողջովին նվիրելով բռնցքամարտին։
-Միգուցե ընտրությունդ պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայկական բռնցքամարտի դպրոցը ճանաչված էր ողջ աշխարհում, իսկ լողը, մեղմ ասած, Հայաստանում այնքան էլ զարգացած չէ։
-Յուրաքանչյուր երեխա, պատանի, երբ ոտք է դնում սպորտի աշխարհ, ուզում է զբաղվել այնպիսի մարզաձեւով, որը երկրում զարգացած է, որին շատ են ուշադրություն դարձնում, եւ որով հնարավոր է առաջ գնալ։ Մեր երկրի բռնցքամարտի դպրոցն աշխարհում լավագույններից է եղել, տվել է անվանի շատ մարզիկներ, եւ ես ու իմ հասակակիցներն էլ ձգտում էինք նմանվել այս մարզաձեւի երեւելիներին, անվանիներին։
-Բռնցքամարտի ո՞ր դպրոցն ես ներկայացնում։
-Գերմանիայում ամենահայտնի եւ մեծ հեղինակություն վայելող «Զաուեռլանդ» բռնցքամարտի դպրոցի ներկայացուցիչն եմ եւ ակումբակիցը հայազգի տաղանդավոր բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամի, Կարո Մուրադի, օրերս WBA վարկածով աշխարհի չեմպիոն դարձած Ալեքսանդր Պովեդկինի։
-Ո՞վ է մարզիչդ:
-Տորստեն Շմիթսը:
-Վիկի մենամարտի մասին հետաքրքիր է իմանալ քո կարծիքը` ե՛ւ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի, ե՛ւ որպես հանդիսատեսի։
-Սեպտեմբերի 3-ի երեկոն հավերժ կմնա իմ հիշողության մեջ` աշխարհահռչակ Վիկ Դարչինյանի, վերելքի ուղին բռնած Ազատ Հովհաննիսյանի, Գաբրիել Տոլմաջյանի, Հովհաննես Ժամկոչյանի տպավորիչ եւ համոզիչ հաղթանակների շնորհիվ։ Անձամբ ես մեծ բավականություն ու հպարտություն ապրեցի այդ օրը։ Այդ գեղեցիկ պատմական երեկոն անչափ ոգեւորեց ինձ։
-Սիրելի Վահագն, բռնցքամարտում շատերին կնքում են այդ մարզաձեւին բնորոշ անուններով, ինչպես մեր միակ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանին՝ «Ռինգի կախարդ», Վիկ Դարչինյանին՝ «Կատաղի ցուլ», Արթուր Աբրահամին՝ «Առյուծ արքա»։ Օրերս ձեռքս ընկավ Գերմանիայում հրատարակվող հայտնի «Բոքս Սպորտ» ամսագրի 2011թ. 9-րդ համարը, որտեղ անգլիացի Ստեֆան Հյուսի հետ քո մենամարտի մասին պատմող նյութը վերնագրված էր «Հարձակումների ալիք եւ Գրաֆի մուրճը»։ Հնարավո՞ր է, որ մեծ ռինգում քեզ հենց այդ անունով էլ կնքեն` «Մուրճ»։
-(Ժպտում է-Ս.Հ.) Այդ մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել։
-Ե՞րբ եւ քանի՞ ռաունդանոց է լինելու քո հաջորդ մարտը, ո՞վ է լինելու ապագա մրցակիցդ։
-Ամենայն հավանականությամբ, տարվա վերջին մենամարտը կանցկացնեմ դեկտեմբերին։ Այն կլինի 6 ռաունդանոց։ Իսկ մրցակիցս ու մրցավայրս դեռ հայտնի չեն։
– Բանակում ծառայե՞լ ես:
– 2008-2010թթ. ծառայել եմ Գերմանիայի Բրուխզալ քաղաքում տեղակայված զորամասում։
– Ի՞նչ գիտես Հայաստանի զինված ուժերի մասին:
-Գիտեմ, որ ունենք կռվող, մարտունակ եւ ուժեղ բանակ, ինչը ինձ եւ արտերկրում ապրող մեր հայրենակիցներին շատ է ուրախացնում։ Բայց ավելի շատ մեզ ուրախացնում է այն, որ Հայաստանում այսօր խաղաղություն է։ Ես ցանկանում եմ, որ այդ խաղաղությունը հավերժ լինի, եւ մեր զինվորներն էլ ողջ-առողջ վերադառնան իրենց տուն։
Խորագիր՝ #35 (900) 08.09.2011 - 14.09.2011, Նորություններ, Ուշադրության կենտրոնում