ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՎԱՐԺԱՆՔ-ՄՐՑՈՒՅԹԻՆ
ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության 10 հոգանոց ստորաբաժանումը հոկտեմբերի 5-ից 19-ը մասնակցել է Ուելսում անցկացվող Քեմբրիան Փաթրոլ վարժանքի նախապատրաստական ծրագրին և բուն վարժանքին:
Քեմբրիան Փաթրոլը աշխարհում ամենամեծ վարժանք-մրցույթն է, որը 1959 թվականից անցկացնում է Ուելսի 160-րդ հետևակային բրիգադը: Երկօրյա բուն վարժանքի ընթացքում տասնյակ երկրների թիմեր, կիրառելով մարտավարական հմտություններ և ֆիզիկական մեծ ջանքեր, պետք է հաղթահարեն 60 կիլոմետրանոց տարածք` մանևրելով վարժանքի անհատական սցենարի համաձայն: Մրցույթի մասնակիցների մոտ մեկ երրորդը սովորաբար չի կարողանում ավարտել վարժանքը: Հաղթահարելով ամբողջ տարածությունը և հավաքելով համապատասխան միավորներ՝ թիմերն ստանում են Քեմբրիան Փաթրոլը հաղթահարելու հավաստագիր:
Այս տարի վարժանքին մասնակցել են 36 երկրների թիմեր: ՀՀ զինված ուժերի թիմը գիշերային և ցերեկային պայմաններում հաջողությամբ հաղթահարելով ինքնաշեն պայթուցիկ միջոցների, քիմիական, կենսաբանական և ռադիոլոգիական արգելքները, կիրառելով վիրավորների տարհանման, հետախուզական, ջրային տարածությունների հաղթահարման հնարքներ՝ հավաքել է բավարար միավորներ և արժանացել Քեմբրիան Փաթրոլի հավաստագրի:
Խորագիր՝ Նորություններ