Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄ



ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄՊատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Մելինե Անումյանը  Հայաստանի հանրային ռադիոյի արտասահմանի համար հեռարձակվող հաղորդումների բաժնի թուրքերեն հաղորդումների խմբագիրն է: 2009 թ.-ից աշխատում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում` որպես  ավագ գիտաշխատող, թուրքերեն բաժնի պատասխանատու: 2013թ. հրատարակվել է նրա «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 և 1926 թթ.)» մենագրությունը, որը թարգմանվել է անգլերեն և թուրքերեն: Մելինեն Հայոց ցեղասպանության, երիտթուրքերի դատավարությունների և իսլամացված հայերի թեմաներով զեկուցումներով հանդես է եկել բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովներում` այս հիմնախնդիրները ներկայացնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ  Թուրքիայում, Իրանում, մի շարք եվրոպական երկրներում և Ամերիկայում: Նա նաև դաշտային հետազոտություններ է իրականացնում Թուրքիայի հայաշատ վայրերում, թուրքերենից Ցեղասպանության թեմայով և գեղարվեստական մի շարք գրքերի թարգմանիչ է, նաև՝ շուրջ 50 գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ:

 

Մելինե, մեր նախորդ հարցազրույցում անդրադարձել էինք թուրք պատմաբան Թաներ Աքչամի՝ Ձեր թարգմանած «Հայերի բռնի իսլամացումը. լռություն, ժխտում և ուծացում» գրքի կարևոր ուղերձներին: Հարցազրույցը բավականին մեծ արձագանք ստացավ: Այս անգամ  խոսենք  երիտթուրքերի դատավարության վերաբերյալ Ձեր հեղինակած գրքի մասին:

-ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո ընդունվեցի այն ժամանակ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան և որպես ուսումնասիրության նյութ ընտրեցի հենց երիտթուրքերի դատավարությունների և հայերի տեղահանության ու կոտորածների մեղադրանքով Թուրքիայում հարուցված դատական գործերի թեման: Ի սկզբանե գիտեի, թե ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք է ինձ սպասվում: Երիտթուրքերի դատավարությունների փաստն ինքնին նշանակալի է, քանի որ Թուրքիան, ի դեմս այն ժամանակվա իշխանությունների, այդ կերպ ընդունել է, որ հայերը զանգվածաբար կոտորվել են` նախապես որոշված պետական ծրագրի համաձայն:  Այն, որ թուրքերը, փաստորեն, առաջինն են դատապարտել Մեծ եղեռնի հեղինակներին, թերևս, կարող է առաջին հայացքից աբսուրդային թվալ, մանավանդ, երբ նկատի առնենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության ամբողջ ընթացքում իշխանությունները շարունակաբար ժխտել են Հայոց ցեղասպանությունը: Այս առումով շատ կարևոր է հասկանալ այն մթնոլորտն ու իրավիճակը, որում Թուրքիան էր Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո: Օսմանյան կայսրության պարտությունից հետո երկրում ծանր ու լարված վիճակ էր: Թալեաթ փաշայի կառավարությունը հրաժարական էր տվել, իսկ երիտթուրքական 7 պարագլուխները, այդ թվում և Թալեաթը, գերմանական հածանավով փախել էին Գերմանիա: Զինադադարի կնքումից հետո Դաշնակից պետությունների զորքերը` Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, մտել էին Ստամբուլ և սկսել ռազմակալել Օսմանյան կայսրության տարածքները:  Թուրքիայում ահաբեկված սպասում էին հաղթանակած տերությունների հետ կնքվելիք վերջնական հաշտությանը, որը ենթադրաբար ավելի ծանր պետք է լիներ: Եվ պետությունը նման օրհասական վիճակի հասցնելու համար մեղադրվում էին երիտթուրքերը:

Այս դատավարությունները կարևորվում են նաև հետևյալ առումով. ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության վերաբերյալ երիտթուրքերի կուսակցության կենտրոնական կոմիտեի գաղտնի նիստերում կայացրած որոշումների մասին փաստաթղթերի մի զգալի մասը ոչնչացվել է դեռևս Ցեղասպանության ընթացքում, հետագայում նույնպես շարունակվել է այս գործելաոճը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի ոչնչացումը կատարվել է նաև հանրապետական շրջանում, երբ կառավարության հրահանգով օսմանյան արխիվներից վերացվում կամ գաղտնի էին պահվում կարևոր վավերագրեր:  Եթե հաշվի առնենք նաև այն, որ Թուրքիայի այն արխիվները, որոնցում որոշ չափով պահպանվել են տվյալ շրջանին վերաբերող փաստաթղթեր, գրեթե միշտ անհասանելի են եղել հատկապես հայ ուսումնասիրողների համար, ապա ակնհայտ կդառնա նման վավերագրերին հասու լինելու առանձնահատուկ նշանակությունը, քանի որ Հայոց ցեղասպանության փաստագրման առումով կարևորվում են հատկապես օսմանյան փաստաթղթերը: Այդ առումով, երիտթուրքերի դատավարությունների փաստաթղթերը խիստ էական փաստեր են ամփոփում, որոնք անհերքելիորեն ապացուցում են, որ կատարվածը ցեղասպանություն է եղել:

Ձեզ որտե՞ղ հաջողվեց հայտնաբերել օսմանյան աղբյուրները:

-ՀՀ ԳԱԱ-ն 2002 թ. ինձ գործուղեց Ստամբուլ, որտեղ «Պատմության հիմնադրամ» կազմակերպությունում մասնակցեցի օսմաներենի արագացված դասընթացների: Ի դեպ, այդ ժամանակ ինձ աղբյուրներ գտնելու հարցում շատ օգնեց պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթի երջանկահիշատակ խմբագիր Հրանտ Դինքը: Ստամբուլում ուսանելու ընթացքում այդ թեմայի վերաբերյալ ինձ հաջողվեց հույժ կարևոր փաստաթղթեր գտնել: Նշեմ, որ Ստամբուլի Ռազմական արտակարգ ատյանում 63 դատական գործ է հարուցվել հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով, որից երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատերը համարվում են գլխավոր: Գլխավոր դատավարությունների ամբողջական արձանագրությունները տպագրվել են Օսմանյան պետության այն ժամանակվա պաշտոնաթերթ «Թաքվիմ-ի վեքայի»-ում («Իրադարձությունների օրացույց»), որի բոլոր համարներն առկա էին Պատմության հիմնադրամի գրադարանում:

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄԵրիտթուրքերի դատավարությունների թեմայով մինչ այդ այլ ուսումնասիրություններ էլ էին հրատարակվել Հայաստանում և աշխարհում: Ի՞նչ նորություն է պարունակում Ձեր ուսումնասիրությունը: 

-Իմ առաջին գրքում, որը լույս տեսավ 2011 թ. Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի կողմից, առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվեցին Յոզղատի, Տրապիզոնի, Խարբերդի և Բյույուք-Դերե շրջանի հայերի տեղահանության և կոտորածների դատավարությունների ընթացքի մասին հրապարակումները: Մինչ այդ, Ավետիս Փափազյանը և մյուս ուսումնասիրողները տպագրել էին տվյալ դատական գործերի միայն դատավճիռները: Իսկ այդ շրջանների դատավարությունների ընթացքը լուսաբանող հրապարակումները լույս էին տեսել 1919-1920 թթ. օսմանյան «Ալեմդար» օրաթերթում, որին հասու դարձա իմ գիտական ղեկավար` դոկտոր, պրոֆեսոր Արսեն Ավագյանի շնորհիվ: Իմ հաջորդ գրքում, որը հրատարակվեց 2013 թ., Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից, առաջին անգամ համեմատություն եմ անցկացրել երիտթուրքերի 1919-1921թթ. և 1926 թ. դատավարությունների միջև: Ուշագրավ է, որ երիտթուրքերին դատել էր ոչ միայն Առաջին աշխարհամարտին անմիջապես հաջորդած ամիսներին իշխանության գլուխ եկած «Ազատություն և համաձայնություն» կուսակցությունը, որի անդամները եղել էին իթթիհադականների ընդդիմադիրները, այլ նաև, իհարկե հետագայում` քեմալականները, չնայած այն փաստին, որ Մուստաֆա Քեմալը (հետագայում` Աթաթուրք) ինքը մի ժամանակ եղել էր երիտթուրքական կուսակցության անդամ: 1926 թ. դատական գործին անդրադառնալուս նպատակը հետևյալն էր. հիմնավորել այն փաստը, որ թե՛ 1919-1921 թթ. և թե՛ 1926 թ. դատավարությունների ժամանակ դատվել են միայն երիտթուրքական կուսակցության որոշ անդամներ, սակայն այդ դատաքննությունները երբևիցե ուղղված չեն եղել «Միություն և առաջադիմություն» կուսակցության գաղափարախոսության դեմ: Ավելին` Թուրքիայի Հանրապետության ամբողջ պատմության ընթացքում իշխանությունների նպատակը մշտապես եղել է թուրքական պետությունը էթնիկ առումով միատարր դարձնելու գաղափարախոսությունը և գործելաոճը, որը բնորոշ էր երիտթուրքերի վարած քաղաքականությանը:

Ձեր «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921թթ. և 1926 թ.)» գիրքը լույս է տեսել նաև անգլերեն և թուրքերեն:

-Այո՛, 2017 թ. Բեյրութում այն հրատարակվեց անգլերեն, իսկ այս տարի՝ Ստամբուլում տպագրվեց նաև թուրքերեն՝ «Փենջերե» հրատարակչության կողմից: Ես կարևորում եմ հատկապես գրքի` թուրքերեն հրատարակվելու փաստը, քանի որ այժմ այն հասանելի է նաև թուրք ընթերցողներին: Ի դեպ, նախատեսվում է նաև գրքի արաբերեն տարբերակը:

Թուրքական կողմն, անկասկած, պետք է փորձի ժխտել այս կարևոր դատավարությունների փաստը:

-Այո, նման փորձեր շատ են եղել: Ուշագրավ է, որ սույն դատաքննություններին անդրադարձել է նաև թուրքական պաշտոնական պատմագրությունը` ի դեմս Ֆերուդուն Աթայի, որն իր «Տեղահանության դատավարությունները գրավյալ Ստամբուլում» վերնագրով աշխատությունում փորձում է խեղաթյուրել դատաքննություններին առնչվող բազմաթիվ փաստեր կամ այլ կերպ մեկնաբանել դրանք: Ֆերուդուն Աթայի վերոհիշյալ աշխատության մեջ միտումնավոր աչքաթող է արվել այն փաստը, որ այս դատական գործերը հարուցվել են ոչ միայն հայերի տեղահանման, այլ նաև` զանգվածային կոտորածների մեղադրանքով: Բացի այդ, Ֆերուդուն Աթան այս ամենին անդրադառնում է միայն պաշտոնական պատմագրությանը ձեռնտու կողմից` աղճատելով բազմաթիվ փաստեր: Օրինակ` նա պնդում է, թե իբր դատական նիստերում մեղադրյալների դեմ ուղղված ցուցմունքներով հանդես են եկել միայն հայազգի վկաներ, այնինչ նիստերում հանդես են եկել նաև բազմաթիվ թուրք և այլազգի, անգամ՝  նախարարի և նահանգապետի մակարդակով մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ: «Երիտթուրքերի 1919-1924 թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի» վերնագրով իմ առաջին գրքում  բերում եմ  նման վկաների բազմաթիվ օրինակներ՝ այդկերպ հերքելով վայ-պատմաբանին:

Դուք այս թեման ներկայացրել եք նաև թուրքական և արտասահմանյան լսարանների առաջ: Ինչպե՞ս,  ի՞նչ մթնոլորտում  են անցնում նման հանդիպումները, հատկապես` թուրքերի հետ:

-Գրեթե միշտ հանդարտ մթնոլորտում, քանի որ բոլոր զեկուցումներս հիմնված են այնպիսի անհերքելի փաստերի վրա, որ անգամ Ցեղասպանությունը ժխտող թուրքերը որևէ հակափաստարկ ներկայացնել չեն կարողանում: Բերեմ մի ուշագրավ օրինակ. 2014 թ. Թուրքիայի Քոջաելի նահանգում այդ թեմայով ելույթ ունեցա: Ի պատասխան թուրք մասնակիցներից մեկի այն հարցին, թե՝ «Արդյոք թուրք ազգը պե՞տք է պատասխանատու համարվի այդ կոտորածների համար», մեջբերեցի 1918 թ. վերջերին Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Ջեմալի այն միտքը, թե՝ «Թուրքական կառավարությունն ու ժողովուրդը  այդ հանցագործությունների համար պատասխանատու կարող են համարվել միայն այն դեպքում, եթե չդատապարտվեն տեղահանության և կոտորածների անխտիր բոլոր հեղինակները»: Եվ քանի որ, չնայած երիտթուրքերի դատավարություններին, Հայոց ցեղասպանության պատասխանատուների մեծ մասը Թուրքիայում այդպես էլ մնաց անպատիժ, իսկ սահմանափակ թվով հանցագործների դատապարտումն էլ առավելապես ձևական բնույթ կրեց, ապա կարելի է արձանագրել, որ, չնայած այս դատավարությունների կայացման փաստին, թուրք իշխանություններն ու ազգը դեռ շարունակում են պատասխանատու լինել այդ մեծագույն ոճրի համար:

Զրույցը վարեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #17 (1264) 24.10.2018 - 30.10.2018, Պատմության էջերից, Ռազմաքաղաքական


25/10/2018