Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ



ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆՏարեմուտ է, ուշ  գիշեր, մոր ծննդաբերության ցավերը սաստկացել են։

-Մի քիչ համբերիր, խնդրում եմ, մի քիչ էլ համբերիր -անընդհատ ժամացույցին նայելով հորդորում է  հայրը։

Մոտակա եկեղեցու զանգերը ղողանջում են տասներկու անգամ։ Փա՜ռք Տիրոջը։ Սկսվում է 20-րդ դարի վերջին հարյուրամյակի առաջին օրը։

Տատմերը հորը դուրս է հանում, քիչ անց հայտնվում է, ավետում.

-Աչքդ լույս, տղա  ունեցար։

-Անունը Աբրահամ դնենք,-փութկոտ  կնոջ սնարին է մոտենում ամուսինը։

– Քրիստոսատուրը ավելի հարմար չէ՞,-թույլ առարկում է կինը։

-Ոչ մեկիդ հետ  էլ համաձայն չեմ,-կանխում է որտեղից-որտեղ հայտնված կնքահայրը,-ես վաղուց էի որոշել, որ եթե  տղա ծնվի, Արշավիր կոչեմ։

Ամուսինները տարակուսանքով նրան են նայում.

-Ի՞նչ է նշանակում Արշավիր…

-Առյուծասիրտ,-նորածնին գիրկն է առնում, գգվում  կնքահայրը։

ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆ  -Ժողովրդական վրիժառու։ Քսանմեկ տարեկանում, Հռոմում գնդակահարեց Սայիդ Հալիմին, մեկ տարի անց Բեռլինում, Արամ Երկանյանի հետ՝ Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ Երեքն էլ հայերի ցեղասպանության հանցագործներ էին, ոճրագործներ։

1915 թվականի Մեծ եղեռնը Պոլսում՝ 250 հայ մտավորականների ձերբակալությամբ ու սպանդով սկսվեց։ Հետո այդ թիվը 600-ի հասավ։ Շատ չանցած, հունիսի 15-ին, Սուլթան Բայազիդ հրապարակում կախաղան հանեցին քսան հնչակյան հեղափոխականների։ Ճիշտ է, կառավարության պարագլուխները եվրոպական դեսպանությունների, բազմաբնույթ առաքելությունների ներկայությունից երկնչում ու միջազգային հանրային կարծիքը ապակողմնորոշելու համար մայրաքաղաքի հայ ազգաբնակչությանը չէին տարագրում,  տագնապը հետզհետե ահավոր էր դառնում։ Երբ գավառներից ավելի ու ավելի հաճախ զանգվածային նախճիրների լուրեր սկսեցին հասնել, պոլսահայերը որոշեցին համախմբվել, լրջորեն մտածել ինքնապաշտպանության մասին։

Արշավիրենց տանը գրեթե ամեն գիշեր գաղտնի հավաքներ էին տեղի ունենում, որոնք ռազմական խորհրդի նիստեր էին հիշեցնում։ Նա,  հասկանալի է, մեծերի խոսակցություններին չէր խառնվում, անկյունում նստում, լուռ լսում էր։ Փոքրամարմին ու այնքան վտիտ էր, որ ժողովականները չէին նկատում։ Թերեւս նկատում, լուրջ չէին վերաբերվում, երեխայի տեղ էին դնում։ Սակայն, շուտով զենք հայթայթելու կարիք զգացվեց, եւ գնելը, փոխադրելը նրան վստահեցին։ Սկզբում միայն այն բանի համար, որ նիհարակազմ  էր, ուշադրություն չէր գրավում, հետո արդեն տարիքին անհարիր հնարագիտության, հանդգնության համար։ Երբ սկսվեց պոլսահայ մտավորականների, հեղափոխականների ձերբակալությունը, Արշավիրենց ձեղնահարկը ապաստարան դարձավ։ Լինում էին օրեր, որ  եռահարկ առանձնատան տարբեր անկյուններում  տասը հոգուց ավելի էր թաքնվում…

Այդ  երեկո խորհրդաժողովին մասնակցում էր նաեւ իտալական բանակի սպա Լինարդոն, որը գաղտնի Պոլիս էր եկել Համաձայնական երկրների սուզանավերի ափհանումը արագացնելու համար։ Գիշերվա ուշ ժամին նա բակ դուրս եկավ ու  իսկույն եւեթ, առանց կարիքները հոգալու, հետ եկավ։

-Տունը պաշարված է ,-շշնջաց,-բոլորս կորած ենք։

Արշավիրը իտալացուն արագ ձեղնահարկ բարձրացրեց, վարագույրի արանքից նայեց դուրս։ Ոստիկանների մի մեծ խմբի շքամուտքից ներս  էր առաջնորդում պատկից հարեւանը՝ Վահե Եսայանը։ Նա մահմեդականություն էր ընդունել, Իհսան վերանվանվել ու ծառայում էր թուրքական գաղտնի  ոստիկանությանը՝ հայրենակիցներին էր մատնում։ Դեմ-դիմաց ապրելով՝ գիշերային անցուդարձը  երեւի նկատել էր։

-Դուռը բացեք,-խիստ ու անողոք պահանջեց նա։

-Չբացես,-մորը շշնջաց Արշավիրը,-հագուստներդ հանիր, գիշերանոց հագիր, որքան կարող ես՝ դանդաղ։

Այդ ընթացքում պահարաններով փակեց թաքստարանների մուտքերը, նկատելի ճեղքերի վրա մոխիր լցրեց։

Վահե Իհսանը ոտքերով, զենքի խզակոթով այնպես էր խփում դռանը, ասես ուզում էր կրնկահան անել։ Երբ մայրը, քնած ձեւանալով, շալն ուսերին առավ ու  ի վերջո բացեց,  դավաճանը մազմզոտ ձեռքով, որ ավելի շուտ թաթի էր նման, շառաչուն ապտակ իջեցրեց դեմքին։ Մայրը հետ-հետ գնաց, օրորվեց, բայց չընկավ։

-Ղանջըղ, կարծում ես, չտեսա՞, թե ինչպես օտար տղամարդ ներս մտավ։

Ոստիկանները ամբողջ տունը տակն ու վրա արեցին, կասկածելի ոչինչ չգտան։ Վահե Իհսանը երկու հոգու  պահակ թողեց նախասրահում, հայհոյելով հեռացավ։ Արշավիրը հազիվ էր զսպում իրեն, որ չվազի հետեւից ու խեղդամահ չանի։ Եթե թուրք ոստիկանը ապտակած լիներ մորը, այդքան չէր վիրավորվի։ Մի՞թե դավաճաններն այն աստիճանի են ստորանում, որ պատկից հարեւանությունն են ուրանում։

Ահա թե ինչու երիտթուրքերի իշխանության տապալումից հետո Պատասխանատու մարմնի «Սեւ ցանկն» էին անցել ոչ միայն  բարձրաստիճան թուրք պաշտոնյաները, այլ նաեւ այն հայերը, ովքեր մատնիչներ ու գործակալներ էին եղել։ Արշավիր Շիրակյանը մի օր երկու հարյուր հոգանոց այդ ցուցակում կարդաց Վահե Իհսանի անունը, ձայնը դողաց.

-Խնդրում եմ, նրա պատուհասումը ինձ հանձնարարեք։

ՎՐԻԺԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅ ՔՐՄԵՐԸ. ԱՐՇԱՎԻՐ ՇԻՐԱԿՅԱՆՊատասխանատու մարմինը, տարիքը նկատի ունենալով,  սկզբում մերժեց, հետո, քանի որ շատ էր խնդրում, մի շաբաթ պայմանաժամ տվեց։ Եթե «գործը» չավարտեր, ուրիշին էին հանձնարարելու։

Իթթիհատականները անփառունակ պարտություն էին կրել, բայց Վահե Իհսանը առաջվա պես ամբարտավան ու ինքնահավան էր՝ հիմա էլ քեմալական կառավարությանն էր ծառայում։ Նա զգաց, որ Արշավիրը հետապնդում է իրեն, նախազգուշացրեց.

-Հետեւիցս քիչ քարշ արի, ես դեռ շատ զորություն ունեմ, ինչ վատություն ուզենամ, կանեմ։

Եթե Արշավիրը ատրճանակը չհանեց ու դիմահար կրակոցով չգետնեց նրան, պատճառն այն էր, որ թաղին շատ մոտ էին, բոլորն իրենց  ճանաչում էին։

Մի քանի օր անց նա այնպես արեց, որ հեռավոր փողոցում հանդիպեն։ Իհսանը զգուշավոր էր դարձել, մատը միշտ գրպանում, ատրճանակի ձգանին  էր  պահում։ Արշավիրը մոտեցավ ու որպեսզի մազմզոտ թաթը  հանել տա, բարեւելու համար ձեռքը պարզեց։ Մատնիչն էլ ուզեց նույնն անել, ու հենց այդ պահին վրիժառուի ատրճանակը որոտաց։ Իրավացի էին Պատասխանատու մարմնի անդամները, ինքը դեռ պատանի էր, փորձ չուներ։ Այդքան մոտ տարածությունից գնդակը կոկորդը խոցեց։ Իհսանը փորձեց ատրճանակը հանել, երկրորդ գնդակը խրվեց թեւը։ Զգալով, որ չի կարողանալու դիմադրել, շրջվեց, սկսեց փախչել։ Արշավիրը մի ցատկով հասավ հետեւից, կրակեց գլխին, կրծքին, կռնակին, հեւասպառ ասաց.

-Ես միայն քեզ չէ, մեր ազգի միջից դավաճանությունն ու ծառայամտությունն եմ ուզում սպանել։

Այդ ժամանակ Պատասխանատու մարմինը նիստեր էր գումարում «Ճակատամարտի» խմբագրությունում։ Մի քանի ժամ անց, հենց ներս մտավ, բոլորը տագնապած վրա տվեցին.

-Ո՞ւր էիր, ինչո՞ւ այսքան ուշացար։

-Թուրք ոստիկանների հետ էի,-հանգիստ պատասխանեց Արշավիրը։

-Ի՞նչ էիք անում։

-Իհսանին սպանողին էինք որոնում…

Շնորհավորեցին, համբուրեցին ճակատը։ Ու գրեթե անմիջապես հանձնարարեցին անցնել Կովկաս, միանալ Արամ Երկանյանին, որն իր նման քսան տարեկան էր, բայց հասցրել էր պատուհասել մուսավաթական Ադրբեջանի նախագահ Խան Խոյսկուն՝ 1918 թվականի Բաքվի, 1920 թվականի՝ Շուշիի հայերի ջարդերի սադրիչին։ Պատասխանատու մարմինը ստույգ տեղեկություն էր ստացել, որ «Սեւ ցանկի» հերթական հանցագործները՝ Էնվեր եւ Խալիլ փաշաները, Բաքվում են։ Ցավոք, Թիֆլիսի կայարանում  Արշավիրին ու Արամին ձերբակալեցին, Մետեխի բանտը նետելով, անողորմ կտտանքների ենթարկեցին։ Վրիժառուները, տեղի հայ երիտասարդության նախաձեռնությամբ, կարողացան փախուստի դիմել այն օրը միայն, երբ նրանց, պահակազորի ուղեկցությամբ, գնդակահարելու  էին տանում։ Էնվեր եւ Խալիլ փաշաներն այլեւս  Բաքվում չէին, Արշավիր Շիրակյանը մեկնեց Եվրոպա։

Շարունակելի

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Խորագիր՝ #18 (1265) 31.10.2018 - 06.11.2018, Ճակատագրեր, Պատմության էջերից


01/11/2018