«ԹՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՆՊԻՍԻ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ, ԻՆՉՊԻՍԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԵՍ ԴՈՒ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ»
Նյութի վերնագիրը քաղված է մեր մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի Գեմբարսկուն ուղղված նամակից։ Թվագրված է՝ 1962թ., հունիսի 3:
Բոգդան Գեմբարսկի։ Այս անունը ներկա սերնդին գրեթե ոչինչ չի ասում, նա հանրագիտարանից միայն կարող է իմանալ, որ Գեմբարսկին լեհ հրապարակախոս է, արեւելագետ, երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով, մինչդեռ մարդն արժանի է ավելի մեծ ճանաչման եւ ավելի մեծ հարգանքի։ Հայ–լեհական դարավոր բարեկամության 500-ամյա հոբելյանի առթիվ փորձենք նորից տեսնել նրան իր կյանքի եւ հայանվեր գործունեության մի քանի առավել էական կողմերով։
Ավելի լավ չես բնութագրի Գեմբարսկուն, քան այդ նամակը, ուստի հարմար է այն մեջբերել ամբողջությամբ. «Սիրելի Գեմբարսկի։ Ժողովրդի պատմության մեջ մնալը մեծ փառք է։ Երջանիկ են այն արվեստագետները, մտածողներն ու գործիչները, որոնք հիշվում են ժողովրդի կողմից, դառնում են նրա սիրված անուններից մեկը։ Առավել մեծ է, երբ այդպիսով մի մարդու սիրում է մեկ ուրիշը, մի այլ ժողովուրդ։ Դա խոսում է նրա մարդկայնության, մարդասիրության, արդարամտության մասին։ Մենք սիրում ենք Ձեզ, սիրում ենք, որովհետեւ Դուք մասնակցեցիք մեր բախտի, մեր ճակատագրի պայքարին, պայքար, որ դեռ երկար է շարունակվելու։ Ես հիացմունքով եմ տալիս Ձեր անունը՝ որպես Մեծ մարդու, արդարամիտ լեհի, լեհ, որը իրավունք ունի լեհ կոչվելու հենց նրա համար, որ իր համար երբեք օտար չէ մի այլ ազգի վիշտը, դժբախտ վիճակը։ Հեռու հեռվից համբուրում եմ Ձեզ, իմ լավ, իմ քաջ լեհ բարեկամ։ Դուք նման եք Ձեր հպարտ, ազատասեր ժողովրդին։ Ողջունում եմ Ձեր ժողովրդին։ Թող աշխարհում արդարություն լինի, այնպիսի արդարություն, ինչպիսին երազում եք Դուք իմ ժողովրդի համար»։
Այս տողերով մեծ նկարիչը, ըստ էության, գծել է Գեմբարսկու դիմանկարը։
Եվ, այնուամենայնիվ, Գեմբարսկու անունը մեզ համար թանկ է նախ եւ առաջ Հայկական հարցի արդարացի լուծման, մասնավորապես՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար նրա գործադրած անդուլ ջանքերի համար։ 1961թ. նոյեմբերի 20-ին Վարշավայում լույս տեսնող «Կյորունկի» շաբաթաթերթում տպագրվեց Գեմբարսկու «Նամակ իմ հին թուրք ծանոթին» հոդվածը, որը ռումբի պես պայթեց ու շատերին ցնցեց ինչպես Լեհաստանում, այնպես էլ Հայաստանում եւ Սփյուռքում։ Հոդվածը հայերեն եւ ռուսերեն թարգմանել էր Երեւանում ապրող մի լեհուհի՝ Մարիա Գրոխոլսկան, որը մեքենագիր վիճակում անցնում էր ձեռքից ձեռք։
…Իսկ Գեմբարսկին շարունակում էր գրել եւ աշխարհում տարածել իր նամակները Հայոց եղեռնի եւ Հայ դատի մասին։ Իր հին թուրք ծանոթին գրում էր. «Ես ո՛չ թուրք եմ, ո՛չ էլ հայ, ուստի եւ իմ կոչումը չեմ համարում նշել կոնկրետ ձեւերը փոխհատուցման, որի իրավունքը ունեն հայերը ձեր նկատմամբ։ Սակայն գիտեմ, որ մեր ներկա պատմական ժամանակաշրջանում՝ նեղյալ ժողովուրդների ու զավթած երկրների ինքնակամ ազատագրման ժամանակաշրջանում, այդ խնդիրը առանց այն էլ պիտի ծառանա։ Բայց հենց ձեզ համար ավելի շահեկան կլինի, եթե ինքներդ լինեք ձեզ դատապարտողն ու ձեր դատավորը՝ փոխանակ լինելու միայն դատապարտված»։
Գեմբարսկու նամակները, որպես այդպիսիք, պետք է համարել միայն պայմանականորեն, իրականում դրանք գիտական լուրջ ուսումնասիրություններ էին, երկար տարիների պրպտումների, խորհրդածությունների արդյունք, որը նա, իբրեւ մտածող եւ ճնշված ժողովուրդների պաշտպան, պարտադրված էր հասցնել աշխարհին, խիղճ եւ արդարամտություն արթնացնել։ Այս տեսակետից հատկանշական է «Շրջանի հայկական քառակուսին ունի իր լուծումը» ծավալուն հոդվածը, որը գրել եւ 1977թ. մայիսին թվագրված նամակով ուղարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին։
Հայասիրական ջերմ զգացումներով են գրված նրա նամակները՝ ուղղված Մ. Սարյանին, Ն. Զարյանին, Հովհ. Շիրազին, Պ. Սեւակին, Գ. Էմինին… Եվ հայ մտավորականները սիրել եւ հարգել են նրան։ Սեւակն իր 1965թ. փետրվարի 14-ի թվակիր նամակում գրում է. «Այն ամենի համար, ինչ եղել է, այն ամենի՝ ինչ կա եւ կլինի, խոնարհվում եմ ձեր առաջ, թանկագին Գեմբարսկի, ազնիվ ժողովրդի ազնիվ որդի»։
1965թ. Մեծ եղեռնի 50-ամյակի առիթով, Գեմբարսկին գրեց «Սիրիական անապատ» հոդվածը, որը տպագրվեց Կրակովի «Տիգոդնիկ պովշեխնի» թերթի 1965թ. օգոստոսի 15-ի համարում։ Գրել է նաեւ վիպակ («Մահվան դատապարտվածները») եղեռնի թեմայով։ Ընդհանրապես, Գեմբարսկու նամակ-հոդվածները եւ ուսումնասիրությունները, որոնք այս կամ այն ճանապարհով հասնում էին Հայաստան, հսկայական ազդեցություն ունեցան 1960-ական թվականների ազգային զարթոնքի առաջին դրսեւորումների վրա։ Հատկապես երիտասարդությունը դրանք կարդում էր հափշտակությամբ եւ, իհարկե, գաղտնի, այլապես հալածանքներն անխուսափելի էին։ Դժվար օրեր էր ապրում ինքը՝ Գեմբարսկին։ 1965թ. հուլիսի 16-ին խորհրդավոր հանգամանքներում ենթարկվեց ավտովթարի։ Բարեբախտաբար, չզոհվեց, բայց մինչեւ կյանքի վերջը մնաց հաշմանդամ։ Նրա անունը բարձրաձայն տալն արդեն իսկ դարձել էր վտանգավոր…
Նվիրյալ հայասերն իր մահկանացուն կնքեց 1978թ. մարտի 20-ին եւ թաղվեց Վարշավայի Բրուդնա կոչվող գերեզմանոցում։ Նրա թարգմանչուհին եւ համախոհը՝ Մարիա Գրոխոլսկան, որը 1968-ին մշտական բնակության էր մեկնել հայրենիք՝ Լեհաստան, Գեմբարսկու մահից հետո շտապում է Երեւան, հանդիպում Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ։ 1978թ. սեպտեմբերի 10-ին Էջմիածնի Սուրբ Առաքելոց եկեղեցում տեղի է ունենում Գեմբարսկու հոգեհանգստի պատարագը։ Պատարագում էր ինքը՝ կաթողիկոսը, որի նվիրած հայոց մարմարե խաչքարը զարդարում է լեհ մեծ հայասերի շիրիմը Վարշավայի գերեզմանոցում։
Ի դեպ, առիթը չկորցնենք եւ մեկ-երկու խոսք ավելացնենք հիանալի լեհուհու՝ Մ. Գրոխոլսկայի մասին ասվածին։ Նա էլ էր Հայ դատի նվիրյալ պաշտպան, եւ Սեւակը նրան կոչում էր «համար մեկ հայուհի»։ Նա է բնագրից հայերեն թարգմանել լեհ նշանավոր գրող Ստանիսլավ Լեմի «Սոլյարիս», Սինկովսկու «Նապոլեոնի ատամը» վիպակները։ 1988-ին նորից եկել է Երեւան, մասնակցել այդ շրջանում ծավալվող ցույցերին ու հանրահավաքներին եւ ցասումնալից նամակ գրել Մ. Գորբաչովին՝ պաշտպանելով Ղարաբաղի նկատմամբ հայերի արդար իրավունքը։ Եղել է լեհական «Սոլիդարնոստ» ազգային-ազատագրական կազմակերպության ակտիվիստներից մեկը։ Մահացել է 1989թ. փետրվարի 27-ին (զարմանալի զուգադիպությամբ՝ Գեմբարսկու ծննդյան օրը), Վարշավայի հիվանդանոցներից մեկում։ Նույն թվականի մարտին՝ Էջմիածնում, Վազգեն Առաջինի մասնակցությամբ, հոգեհանգստի պատարագ է տրվել նաեւ Մարիայի հիշատակին։
Ահա այսպիսի մարդիկ՝ ազգությամբ օտար, բայց մեզ համար հարազատ ու թանկ։
Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #18 (1265) 31.10.2018 - 06.11.2018, Հոգևոր-մշակութային