ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Ռազմական բախումների` ոչ ուժային մեթոդներով լուծման համաշխարհային միտումի հետ մեկտեղ Արևմուտքի առաջատար երկրների զինված ուժերում այժմ առավել մեծ ուշադրություն է դարձվում հոգեբանական պատերազմի ծառայության զարգացմանն ու կատարելագործմանը: Սա հատկապես վառ երևում է ԱՄՆ օրինակով, որտեղ ռազմաքաղաքական ղեկավարությունը ակտիվորեն զարգացնում է հոգեբանական գործողությունների ուժերը, որոնք արդեն իսկ աշխարհի տարբեր տարածաշրջաններում մարտական գործողությունների վարման մշտական փորձ ունեն:
ԱՄՆ ԶՈՒ հոգեբանական գործողությունների (ՀԳ) զորամասերն ու ստորաբաժանումները ամենագործուն մասնակցություն են ունեցել վերջին մի շարք ռազմարշավների, այդ թվում՝ անմիջականորեն «Իրաքյան ազատություն» գործողության ռազմական փուլին և դաշնային ուժերի կողմից հետպատերազմական Իրաքում իրավիճակի կայունացման ուղղությամբ տարվող գործունեությանը: Անկախ փորձագետների գնահատմամբ՝ ամերիկյան զորքերի ներկայիս հոգեբանական գործողությունները բնութագրվում են ոչ միայն ՀԳ նորագույն տեխնոլոգիական հնարավորությունների (օրինակ՝ համացանցի և բջջային կապի) զանգվածային կիրառմամբ, այլև կոկրետ ռազմական գործողությունների ծրագրերի՝ նախկինից առավել մեծ ծավալով և համաձայնեցվածությամբ:
Վերջին տարիներին ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությունը մի շարք արմատական քայլեր է ձեռնարկել հոգեբանական գործողությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Սա վկայում է հույժ կարևոր այն դերի ու նշանակության մասին, որ Պենտագոնը վերագրում է հոգեբանական գործողությունների ուժերի և միջոցների կիրառմանը: Արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ այժմ ԱՄՆ ԶՈՒ հոգեբանական պատերազմ վարող ուժերը այլ երկրների ԶՈՒ համապատասխան կառույցների շրջանում ամենազարգացածն ու մարտունակն են:
Հոգեբանական գործողությունների զորատեսակի նշանաբանն է. «Համոզել, փոփոխել, ազդել»: Այս ասելով՝ պետք է հասկանալ այն միջոցների ամբողջությունը, որոնք ընտրողաբար ազդում են մարդկանց հոգեբանական գործունեության վրա՝ դրան համապատասխան բնութագիր տալու և մարտական խնդիրների լուծման համար մարդու վարքի նպատակաուղղված ղեկավարման նպատակով:
Այս` մարտի դաշտում զինծառայողների հոգեբանության և վարքի վրա ազդելու կանխամտածված և կազմակերպված միջոցների համակարգը, հոգեբանական գործողությունների մասնագետների կարծիքով, կոչված է.
♦ ապահովելու պատերազմական նպատակների իրականացումը՝ առանց հակառակորդ պետության շրջակա միջավայրը, ժողովրդատնտեսական ենթակառուցվածքը, մարդկային ռեսուրսները վնասելու:
♦ անհրաժեշտ ժամանակահատվածում հակառակորդ կողմի զորքերի մարտունակության երաշխավորված, մինչև ցանկալի սահմանները իջեցնելուն՝ մարտավարական, օպերատիվ և նույնիսկ ռազմավարական խնդիրների լուծման համար:
♦ Էականորեն ընդլայնելու սեփական ստորաբաժանումների և զորամասերի հոգեբանական հնարավորությունները: Սա թույլ կտա հակառակորդի հանդեպ առավելության հասնելու՝ բարոյահոգեբանական վիճակի, մարտական ակտիվության, հոգեբանական կայունության և արհեստավարժության չափորոշիչների առումով:
♦ հակառակորդի առջև «հոգեբանական պատնեշներ» դնելով՝ նրան ստիպել զբաղեցնելու իր համար անհարմարավետ շրջաններ և սահմաններ:
♦ հնարավորինս մեծ տարածքներ ընդգրկելով՝ ազդելու հակառակորդի անձնակազմի և նրա մարտակարգի վրա (օպերատիվ շարվածք),
♦ նույնատիպ խնդիրների լուծման դեպքում մարտի վարման ավանդական միջոցներից նվազ ծախսատար լինելու:
♦ ապահովելու զորքի ծավալման գաղտնիությունը և այլն:
Նման զինատեսակների թվին կարելի է դասել արդեն իսկ լայն ճանաչում և գործնական կիրառում գտած տեղեկատվական-հոգեբանական ազդեցության համակարգերը, որոնք թե՛ ակտիվ կիրառման և թե՛ նոր գիտական, փորձարարա-կոնստրուկտորական մշակումների փուլում են, հոգետրոպ, տեխնո-հոգեբանական և սոմատո-հոգեբանական զենքերը:
Տեղեկատվական-հոգեբանական զենք. Նախատեսված է որպես ազդեցության օբյեկտների վարքի խթանիչ և կարգավորիչ:
Հոգետրոպ զենք. Դեղամիջոցներ, հոգեմետ, քիմիական բաղադրություններ, որոնք ազդում են մարդու նյարդային համակարգում կենսաբանական գործընթացների, ակտիվության, իրադրության ընկալման, հոգեկան առողջության բնութագրերի վրա:
Տեխնո-հոգեբանական զենք. Տեխնիկական այն սարքերն են, որոնք ունակ են էլեկտրամագնիսական ալիքներ կուտակելու և հաճախականության սպեկտրով ճառագայթելու՝ խախտելով գլխուղեղի և պերիֆերիկ նյարդային համակարգի բիոէլեկտրական գործընթացները և մարդու հոգեկան գործունեության խզումներ առաջ բերելով:
Սոմատո-հոգեբանական զենք. Տեխնիկական սարքեր, քիմիական բաղադրություններ և այլն, որոնք առաջ են բերում մարդկանց ֆիզիկական ակտիվության փոփոխություններ և այդ հիմքի վրա՝ բռնկուն վարք:
Կազմեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #18 (1265) 31.10.2018 - 06.11.2018, Ռազմական