Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԵՂ ԲԱԶՈՒԿՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԸ. ԴԱՎԻԹ  ԴԱԴԻԿՅԱՆ



ԶՈՐԵՂ ԲԱԶՈՒԿՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԸ. ԴԱՎԻԹ  ԴԱԴԻԿՅԱՆ-Դավի՛թ, շնորհավորում եմ: Դու հերթական հաղթանակը տարար, բայց հավանաբար այն ամենահիշվողներից է լինելու, նախ այն պատճառով, որ բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն հռչակվեցիր Թուրքիայում, այն էլ՝ թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով: Ինչպե՞ս ես նախապատրաստվել մրցումներին. չէ՞ որ դու զինվոր ես, եւ ծառայությունը, հավանաբար, խլում է ամբողջ ժամանակդ:

-Անկեղծ ասած, զորամասային պայմաններում լիարժեք մարզվելը  բարդ էր: Բայց թե՛ գնդի, թե՛ իմ անմիջական հրամանատարներն աջակցում էին, որ հաղթանակը կայանա: Թույլ էին տալիս երբեմն բացակայել որոշ դասաժամերից, հնարավորություն ունեի ցանկացած ժամի օգտվելու սպորտդահլիճից, որն, ի դեպ, հագեցած է անհրաժեշտ մարզագույքով: Առաջնությունից քսան օր առաջ էլ դիրքերում էի՝ մարտական հերթապահության: Ջոկի տղաները խստիվ պահպանում էին կարգացուցակը՝ ճիշտ ժամին սնվում էինք, նույն ժամին հանգստանում, որ հանկարծ իմ ապրելակերպը, ռեժիմը չխաթարվի: Դիրքեր էի տարել մարզվելու պարագաներ, հատուկ ռետիններ, նաեւ փայտ էի ջարդում՝ պակաս ուժային վարժությո՞ւն է: Տղաներն օգնում էին ձգումներ կատարել, գետնատնակում ամեն օր ուժ էինք չափում:  Իհարկե, ոմանք ասում էին՝  եթե հանկարծ պարտվես,  չկոտրվես, չընկճվես, դու բանակում ես: Ես լուռ լսում էի, բայց եւ ներքուստ ընդդիմանում. «Պարտվե՞լ: Ո՛չ, ես չեմ կարող այդպես մտածել: Ես պետք է հաղթեմ, պետք է առաջինը լինեմ, որովհետեւ զինվոր եմ»: Այնպես որ՝ ծառայությունը, համազգեստը, հրամանատարներիս ու զինվոր ընկերներիս աջակցությունը ոգեւորեցին, առաջ մղեցին ինձ:  Ամեն հաջողություն պետք է նախապատմություն ունենա: Չեմ սիրում հեշտ տրվող հաղթանակները, դրանք սովորաբար հեշտ էլ կորցնում ես:

-Ճիշտն ասած, մինչ զորամաս գալը մտածում էի՝  ծառայում ես սպորտային վաշտում, քեզ համար հատուկ պայմաններ են ստեղծված: Անսպասելի էր. ոչ միայն ընդհանուր հիմունքներով ես ծառայում, այլեւ ընդգրկված ես մարտական հերթապահությունում:

ԶՈՐԵՂ ԲԱԶՈՒԿՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԸ. ԴԱՎԻԹ  ԴԱԴԻԿՅԱՆ-Կյանքը չի սկսվում եւ չի ավարտվում սպորտով: Ուժեղ բազուկներն էլ արտոնություն չեն, այլ՝ լրացուցիչ պատասխանատվություն: Ինչո՞ւ դիրքեր չբարձրանամ: Սահման պահելն այսօր ամենակարեւոր գործն է:  Իմ հաղթանակը արժեք չէր ունենա, եթե ես թերանայի որպես զինվոր: Երբ օդանավակայանում տեսա ինձ դիմավորելու եկած համազգեստավոր ընկերներիս, նույնքան հուզվեցի, որքան պատվանդանին, երբ հնչում էր մեր օրհներգը, ծածանվում եռագույնը:

-Դու վարժ հպումներով, առանց մեծ ջանքերի  ծալեցիր  ռուսների, ամերիկացու, ղազախի ձեռքը… Բայց մենք լարվածությամբ հետեւում էինք հատկապես թուրք բազկամարտիկի հետ մենամարտին: Իսկ քեզ համար հինգ հաղթանակներից ո՞րն էր ամենաբարդը:

-Թուրք մարզիկին հաղթելը բարդ էր հոգեպես՝ չնայած վճռական էի տրամադրված: Պարտությունը ծանր կտանեի, այն կկոտրեր թափս: Մի պահ նյարդերս տեղի տվեցին, ջղայնություն, եռք զգացի, բայց եւ անմիջապես ինքս ինձ սաստեցի: Հաղթելու համար պետք է լիարժեք տիրապետես ինքդ քեզ: Ղազախ բռնցքամարտիկի հետ եզրափակիչ  մենամարտը թեեւ ավելի կարճ տեւեց, բայց ֆիզիկապես էր ծանր: Ուժեղ մրցակից էր՝ աշխարհի փոխչեմպիոն: Ավելին՝ նրա վերջին պայքարն էր երիտասարդական առաջնությունում, հոգեբանորեն պատրաստված էր, ուզում էր անպայման հաղթել: Մի փոքր տխրեցի նրա համար:

-Ուրեմն հրամանատարդ քեզ ճիշտ բնութագրեց՝ մեր բարի հսկան, հետո էլ ավելացրեց՝ ուժեղները միշտ բարի են լինում:

-Հակառակն էլ է ճիշտ՝ բարի մարդիկ միշտ ուժեղ են:

-Դավի՛թ, քո առավելություններից մեկն էլ, թերեւս, արագությունն է. մեկ, երկու, երեք, եւ մրցակցիդ ձեռքը ծալված է:

ԶՈՐԵՂ ԲԱԶՈՒԿՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԸ. ԴԱՎԻԹ  ԴԱԴԻԿՅԱՆ-Այո՛, ես երկարատեւ պայքարի մեջ չեմ մտնում: Հաղթելու համար ինձ առավելագույնը քառասուն վայրկյան է պետք: Ամբողջ մարմնով քաշում եմ մրցակցիս դեպի ինձ, պտտում դաստակը, ճնշում թույլ մկանները: Երբ բռնում եմ դիմացինիս ձեռքը, միանգամից զգում եմ խոցելի կետերը: Երբեք ուժ չեմ գործադրում ուժեղ կետերի վրա, որ ինքս չհոգնեմ եւ նաեւ չհյուծեմ մրցակցիս: Բազկամարտում, ինչպես բոլոր սպորտաձեւերում, հաղթում ես զգալով, հաշվարկելով, վերլուծելով, մտածելով:

-Մի՞թե հասցնում ես մտածել:

-Երբեմն  վայրկյանները չափազանց երկար են՝ մի ամբողջ կյանք ես ապրում:

-Յոթանասուն մեդալ ունես՝ յոթանասուն հաղթանակ: Ասում են, սակայն, հաղթելու համար պետք է ըմբռնել պարտության խորհուրդը: Համաձա՞յն ես:

-Երեք կրծքանշաններս չհաշվեցիք: «Քաջարի մարտիկ», «Լավագույն մարզիկ»,  «Հայոց բանակի գերազանցիկ»՝  դժվարությամբ եմ նվաճել, յուրաքանչյուրը մի պատմություն ունի եւ մեդալի ծանրություն: Իսկ ամենացավոտ պարտությունս այս տարվա Եվրոպայի առաջնության ժամանակ էր: Հենց առաջին մենամարտում ձախ ձեռքս ծալվեց.  զբաղեցրի չորրորդ տեղը: Չընկճվեցի: Ցանկացած պարտություն բացահայտում է թույլ կողմերդ, օգնում է ճանաչել խառնվածքդ, սովորեցնում է հասկանալ ինքդ քեզ: Պարզապես կարեւոր է չհանձնվել անհաջողությունից հետո, ետ չկանգնել պայքարից, որովհետեւ հաջորդ օրը ամեն ինչ կարող է փոխել: Այդպես էլ եղավ՝ աջ ձեռքով դարձա Եվրոպայի չեմպիոն: Երկու օր անց  մեծահասակների առաջնությունում նորից ձախ ձեռքով գրանցվեցի եւ նվաճեցի Եվրոպայի մեծահասակների առաջնության չեմպիոնի տիտղոսը: Իմ առաջին խոշոր հաղթանակն էր որպես մարզիկ զինծառայող: Պարտությունը կարելի է վերափոխել հաղթանակի, եթե նորից փորձես:

-Դու մարտիկի ոգի ունես:

ԶՈՐԵՂ ԲԱԶՈՒԿՆԵՐՈՎ ԶԻՆՎՈՐԸ. ԴԱՎԻԹ  ԴԱԴԻԿՅԱՆ-Ես պարտվել չեմ սիրում: 14 տարեկանում Վանաձորից եկա Երեւան եւ ընդունվեցի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ: Պապս երազում էր, որ գոնե մի մարզաձեւից աշխարհի չեմպիոն դառնամ, իսկ ես շատ էի ուզում նրան ուրախացնել: Մարմնամարզություն, լող, ձյուդո՝ ամեն տեղ փորձում էի ուժերս: Հինգ տարի ձյուդո պարապելուց հետո ողնաշարի լուրջ վնասվածք ստացա: Արման Փիրոյանը՝ այսօր նա իմ անձնական մարզիչն է, առաջարկեց բազկամարտով զբաղվել: Անցումը դժվար էր. ֆիզիկապես թույլ մրցակիցներս ինձ միանգամից հաղթում էին: Հասկացա՝ միայն ուժեղ բազուկները բավարար չեն: Սկսեցի պարապել: Երկու ամիս ամեն օր հատուկ բռնակների միջոցով վարժում էի ձեռքերս: Մատներս օրերով ցավում էին, բայց ես նպատակ ունեի՝ դառնալ աշխարհի չեմպիոն: Իսկ երբ նպատակդ հստակ է, կյանքն ավելի հեշտ է:

-Եվ հասար քո նպատակին՝  երկու անգամ աջ, երկու անգամ էլ ձախ ձեռքով դարձար աշխարհի չեմպիոն: Ո՞ր ձեռքդ է ավելի ուժեղ:

-Աջս տեխնիկապես է զարգացած, ձախս՝ ֆիզիկապես:

-Ունե՞ս սովորություններ, որոնք քեզ հաջողություն են բերում:

-Ո՛չ, ո՛չ: Կարծում եմ՝ հաջողության գաղտնիքը շատ աշխատելու մեջ է: Մի նախասիրություն ունեմ՝ Աստվածաշունչ եմ կարդում: Այնտեղ կյանքի բոլոր իրավիճակների համար ճիշտ խոսքեր կան: Թե չէ՝ սնահավատ չեմ: Առաջնությունից առաջ դոպինգ ստուգում պիտի անցնեի, բայց մոռացել էի անձնագիրս: Ընկերներս ասում էին՝ չի կարելի ետ վերադառնալ կես ճանապարհից, վատ նշան է: Չհամոզեցին (ժպտում է):

-Իսկ՝ չիրականացած երազա՞նքդ:

-Շատ եմ ուզում, որ բազկամարտը դառնա օլիմպիական մարզաձեւ:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (1265) 31.10.2018 - 06.11.2018, Ազգային բանակ, Մարզաշխարհ, Ուշադրության կենտրոնում


01/11/2018