Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԱՅԻԿԸ



ԱՐԱՅԻԿԸԱրայիկ Ավանեսյան. յուրօրինակ տաղանդավոր մարդ: Մեր ուսանողական տարիների Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը: Թե ինչպիսի իրավաբան նա կլիներ` կյանքը ցույց կտար: Ավաղ, ճակատագիրը նման հնարավորություն նրան չընձեռեց: Նա զոհվեց իր հայրենի օրրանը` Ճարտարը պաշտպանելիս, դառնալով գյուղի առաջին զոհը` այդպես էլ չհասցնելով իրեն հատուկ նվիրումով պաշտպանել մեր բոլորի համար անչափ թանկ Հայրենիքը: Արայիկի թաղմանը սգո թափորի վերջը չէր երեւում: Նա անգամ իր մահով համախմբել էր ժողովրդին: Դա տեսնել էր պետք, նկարագրել հնարավոր չէ:

Արայիկը շատ լավ էր սովորում. փայլուն տիրապետում էր բոլոր առարկաներին եւ դպրոցն ավարտեց արծաթե մեդալով` «լավ» գնահատական ստանալով միայն «Մաթեմատիկա» առարկայից: Արայիկին ճանաչողները վստահ կարող են ասել, որ նա ցանկացած մասնագիտության մեջ լավագույնը դառնալու մեծ ներուժ ուներ: Նա անսահման հայրենասեր էր, ընկերասեր, բարի ու նաեւ չարաճճի: Նախաձեռնող էր ու երբեք պատասխանատվությունից չէր խուսափում: Ուներ առաջնորդի` մարդկանց իր հետեւից տանելու բոլոր հատկանիշները: Երբ մտահոգ ընկերներով հավաքված խորհում էինք ինչ-ինչ հարցերի շուրջ, բոլորիս համար անսպասելի, մեր Արայիկը սկսում էր Չարենց, Սեւակ, Շիրազ ու Սիամանթո արտասանել, կիթառ նվագել: Ու միանգամից տրամադրություն էր փոխվում:

ԱՐԱՅԻԿԸԵս իմ ուսանողական ընկերներից փոքր-ինչ շուտ վերադարձա Ղարաբաղ եւ միանգամից ներգրավվեցի Ղարաբաղում գործող գրոհային ջոկատներից մեկում: Բայց դա ծածուկ էի պահում, լուր տարածելով, թե իբր մեկնել եմ Ռուսաստան: Արայիկը իմանալով այդ` հավաքում է մեր գյուղի ուսանող տղաներին ու ասում բառացի հետեւյալը. «Ամոթ է, մեր ընկերն այնտեղ կռվում է, իսկ մենք այստեղ չգիտես ինչով ենք զբաղված, ում է պետք մեր իրավաբանությունը, մեր տնտեսագիտությունը, մեր բանասիրությունը, երբ հիմա, հենց էս րոպեին հայրենիքը մեր կարիքն ունի»: Արայիկի առաջարկով տղաները Երեւանում մասնակցեցին երկշաբաթյա բանակումների եւ վերադարձան հայրենի Ճարտար գյուղ` հայրենիքը պաշտպանելու: Արայիկը եկավ ու միանգամից ներգրավվեց ակտիվ գործողությունների մեջ: Ցավոք, հենց առաջին մարտական գործողության ժամանակ Արայիկը մահացու վիրավորում ստացավ եւ գյուղ հասցնելու ճանապարհին մահացավ ներքին արնահոսությունից: Նրա հուղարկավորության օրը ես երդվեցի գյուղում կազմավորել հատուկ ջոկատ եւ այն անվանակոչել Արայիկի անունով` որպես բարձր, աննկուն ոգու եւ անսահման հայրենասիրության խորհրդանիշ: Ի պատիվ մեզ եւ ի հիշատակ իմ հերոս ընկերոջ, հպարտությամբ հայտարարում եմ, որ Ճարտարի «Արայիկ» հատուկ ջոկատը փառապանծ մարտական ուղի է անցել` մարտի դաշտում չկրելով ոչ մի պարտություն:

 

«Արայիկ» ջոկատի հրամանատար`

ՎԱՀՐԱՄ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Խորագիր՝ #19 (1266) 07.11.2018 - 13.11.2018, Ճակատագրեր


08/11/2018