ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոգեբանական գործողությունը հակառակորդի դեմ ուղղված յուրօրինակ ազդեցության ձեւ է, արդյունավետ մի զենք, որի կիրառումը երբեմն հնարավորություն է տալիս ընդհանրապես ձեռնպահ մնալու ռազմական ուժից: Դրա՝ ներկայումս լայնորեն կիրառվող եւ կարեւոր տարատեսակներից է տեղեկատվական հոգեբանական զենքը: Վերջինիս կիրառման հիմնական միջոցներից են.
- Տպագիր՝ թռուցիկներ, ցուցապաստառներ, տեղեկագրեր և այլն, ինչպես նաև դրանց արտադրության (պատճենահանում) և տարածման միջոցները: Թռուցիկները տարածվում են հրետանու օգնությամբ` 105 և 155 մմ, 81 մմ ականներով, քարոզչական ռեակտիվ ականներով, ավիացիոն փաթեթներով և տուփերով կամ հատուկ պլաստիկե ռումբերով (M129E1), որոնք նետվում են ուղղաթիռներից և ինքնաթիռներից, անօդաչու հրթիռներով, որոնք նշանակման վայր են տեղափոխում մինչև 500 կգ բեռ՝ ինքնաբացվող ավիացիոն փաթեթներ (5000 թռուցիկ), ավիաբեռնափոխադրիչներով (մինչև 50 կգ թռուցիկներ), օդային DG-100 բալոններով (տեղավորում են 1300 թռուցիկ) և այլ միջոցներով:
Թե ինչ մեծ նշանակություն են տալիս թռուցիկներին հոգեբանական գործողությունների մասնագետները, խոսում են հետևյալ փաստերը: Վիետնամում դրանց տարածման համար 10 ինքնաթիռ է օգտագործվել՝ 4 մարտավարական գոտիներում: Պարսից ծոցի պատերազմի ընթացքում (1990-1991թթ.) ամերիկացիները ավելի քան 30 մլն թռուցիկ են տարածել: Ասվում է, որ գերի հանձնված իրաքյան զինվորականների 98%-ը կարդացել են ամերիկյան թռուցիկները, նրանցից 88%-ը հավատացել է դրանց և հենց այդ պատճառով էլ հանձնվել է:
Սոմալիում ՄԱԿ-ի զորքերը 1992-1993թթ. հոգեբանական գործողությունների մասնագետների պատրաստած թռուցիկների 37 տարբերակ և ավելի քան տասնյակ բրոշյուրներ են տարածել: Սոմալիցիների շրջանում՝ «թեժ կետերում» շուրջ 7 մլն թռուցիկ և «Ռաջո» քարոզչական թերթի 116 համար է ցրվել:
- Հոգեբանական գործողությունների կարևոր միջոցներից են ռադիոն և հեռուստատեսությունը: Սրանց են վերաբերում ստացիոնար և շարժական ռադիո և հեռուստակենտրոնները (ավտոմոբիլներով, ինքնաթիռներով, նավերով): Հոգեբանական գործողությունների այս միջոցների դերը հատկապես նշանակալի է այն տարածաշրջաններում, որտեղ շատ են ռադիոհեռուստաընդունիչները, ինչպես նաև՝ կիսագրագետ բնակչությունը: Օրինակ՝ Հայիթի ներխուժման (1994թ.) նախապատրաստման հոգեբանական գործողությունների ժամանակ հենց ռադիոն և հեռուստատեսությունն են եղել երկրի բնակչության վրա ազդեցության հիմնական գործոնները: Կարճ ժամանակում Ֆորտ-Բրետտ բազայից Վաշինգտոն տեղափոխվեց 4-րդ խմբի հոգեբանական գործողությունների մասնագետներով և կրեոլյան լեզվի մասնագետ քաղաքացիական անձանցով համալրված ռազմական-տեղեկատվական աջակցության խումբը: Ժամանումից 5 ժամ հետո այս խումբը, համագործակցելով Հայիթիի աքսորյալ նախագահ Ժ. Արիստիդի հետ, սկսեց ռադիոհաղորդումներ և թռուցիկներ պատրաստել: Հեռարձակման համար ստեղծվեցին «Ժողովրդավարություն» ռադիոն և հեռուստատեսությունը և «Ռադիո միջին ալիքներ 940»-ը, որոնք գործողությունից երկու ամիս առաջ աշխատեցին օրական 10 ժամ: Նախկին նախագահ Արիստիդը ամեն օր դիմում էր ժողովրդին: Կղզու բնակչության շրջանում հոգեբանական մշակման հնարավորությունների ընդարձակման նպատակով տարածվեցին հոգեբանական գործողությունների համար նախատեսված շուրջ 10 հազար ֆիքսված հաճախականությամբ տրանզիստորային ընդունիչներ: «Վահանը անապատում» և «Փոթորիկն անապատում» գործողությունների ընթացքում իրաքյան բանակի անձնակազմի վրա՝ միայն մերձճակատային գոտում, շուրջօրյա հաղորդումներ էին հեռարձակում 6 կայաններ: Բնակչության և զինվորականների շրջանում պոտենցիալ լսարանի մեծացման նպատակով ավիացիայի օգնությամբ տարածվեց 150 հազար ֆիքսված հաճախականությամբ փոքր չափի ընդունիչ: Հոգեբանական գործողություններին աջակցելու նպատակով ռադիոյի և հեռուստատեսության հետ մեկտեղ, որպես կանոն, կիրառվում են նաև ՌԷՊ միջոցները, որոնք ճնշում են հակառակորդի ռադիոկայանները: Օրինակ՝ «Բաղդադի ձայնը» ռադիոկայանն, ըստ էության, կաթվածահար էր եղել տարածաշրջանային հակամարտության ամբողջ ընթացքում:
- Տեսաֆիլմերը, ձայնային նյութերն ու տեսողական, լսողական տեղեկության այլ կրիչները նախատեսված են ոչ միայն համոզման, այլև ներշնչման ազդեցություն թողնելու համար: Օրինակ՝ Պարսից ծոցում ռազմական գործողությունների ընթացքում Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և այլ պետությունների բնակչության շրջանում տարածվում էին Սադամ Հուսեյնի մասին տեսագրություններ, որտեղ նա ներկայացվում էր որպես իրաքյան ժողովրդի թշնամի, միասնական արաբական աշխարհի պառակտիչ: Միևնույն ժամանակ, դրանք պարունակում էին ԱՄՆ` պայքարի հզորությունն ու արդարությունը քարոզող սյուժեներ:
Մարտավարական հոգեբանական գործողությունների ընթացքում հակառակորդի վրա տեղեկատվական-հոգեբանական ազդեցության ամենաարդյունավետ միջոցներից է նաև ձայնասփռումը: Այն իրագործվում է ձայնահաղորդման կայանների և ձայնի ուժգնացման, այդ թվում՝ շարժական՝ ջիփերի, տանկերի և բեռնատարների, ՀՄՄ-ների, ուղղաթիռների և ինքնաթիռների վրա տեղադրված միջոցների շնորհիվ: Բարձրախոսները բեռնատարների վրա հիմնականում գործածվում են թիկունքային գոտիներում, իսկ տանկերի և այլ զինտեխնիկայի վրա տեղադրվածը՝ զորքերի գրոհը ուղեկցելու նպատակով:
- Բոսնիայում և Հերցեգովինայում ամերիկյան զորքերի խաղաղարար ուժերի տեղեկատվական-հոգեբանական ապահովման գործողության արդյունքները վկայում են համակարգչային միջոցների և, առաջին հերթին, համացանցի՝ որպես մարդկանց վրա ազդեցության միջոցի, աճող դերակատարման մասին: Այսպես, նախագահական ընտրություններից առաջ տարածաշրջանում ԱՄՆ հոգեբանական գործողությունների մասնագետները այս համակարգի ուղիներով տեղեկատվություն էին փոխանցում` տեղի բնակչության շրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վերաբերյալ դրական վերաբերմունք ձևավորելու նպատակով: Արձանագրվել են համացանցի միջոցով թռուցիկների, պաստառների և նույնիսկ թերթի փոխանցման փաստեր:
- Ինչպես ցույց է տալիս փորձը, որպես տեղեկատվական-հոգեբանական ազդեցության չափազանց արդյունավետ միջոց՝ հատկապես մարտական գործողությունների գոտիներում, ծառայում են կենցաղային իրերի՝ սննդամթերքի, խաղալիքների, սպորտային պարագաների վրա արված հոգեբանական ազդեցության մակագրությունները: Այսպես, 1945թ. Գերմանիայի երկնքից թափվում էին հրկիզման հրահանգավորումով կրակվառիչներ, պայթող գրիչներ և մատիտներ, Վիետնամում տարածվում էին մեկ հաճախականություն ուեցող ռադիոընդունիչներ, Հայիթիում՝ սպորտային շապիկներ, ֆուտբոլային գնդակներ, Պարսից ծոցի երկնքից թափվում էին շապիկներ, ձայնասկավառակներ և այլն:
- Հոգեբանական ազդեցության համեմատաբար նոր միջոց են մթնոլորտային հոլոգրաֆիկ և ձայնային էֆեկտների սինթեզատորները: Մի շարք երկրներ մշակում են գործող արբանյակների վրա տեղադրվող լազերային-լուսային համակարգերի ծրագրեր, որոնք կարող են ամպերի վրա տարբեր պատկերներ պրոյեկտել: Ինչպես հայտնի է, ամպերը հրաշալի բնական էկրաններ են. դրանց վրա պրոյեկտված պատկերները հստակ տեսանելի են 100-150 կմ հեռավորությունից: Ամպերի վրա պատկերներ պրոյեկտելու առաջին փորձերն իրականացվել են 1915թ.: Այն ժամանակ ռուս-գերմանական ճակատի հատվածներից մեկում՝ ռուսական զորքերի դիրքերի վերևում, լուսարձակների միջոցով պրոյեկտվեց Աստվածածնի պատկերը: Ականատեսները պատմում էին այս տեսարանի հոգեբանական ցնցող ազդեցության մասին: Նմանատիպ մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Սոմալիում՝ 1993թ.: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ փետրվարի 1-ին ԱՄՆ հետևակայինները, որ գործում էին Մոգադիշոյի մերձակայքում, փոշու և ավազի ամպերի մեջ նկատել են Հիսուս Քրիստոսի պատկերը: Հետևակայինները պատմել են, որ ծնկաչոք լաց են եղել և երկար ժամանակ ի վիճակի չեն եղել շարունակելու մարտական խնդրի կատարումը:
Սրբերի, հրեշների և այլ անբացատրելի պատկերների անսպասելի հայտնվելը կարող է հզոր հոգեբանական ազդեցություն ունենալ մարդկանց վրա, ընդ որում՝ ինչպես մոբիլիզացնող, այնպես էլ բարոյալքող: Ձայնային տեխնիկայի ներկայիս զարգացածությունը մարդկանց վրա ազդելու համար հնարավորություն է տալիս օգտագործելու ձայնային սինթեզատորներ: Օրինակ՝ զինծառայողները հանկարծ կարող են լսել հայտնի քաղաքական գործչի ձայնը, որն իրենց կոչ է անում` թողնել մարտի դաշտը կամ նույնիսկ զենքը շրջել սեփական ծառայակիցների դեմ:
Կազմեց ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ
Խորագիր՝ #19 (1266) 07.11.2018 - 13.11.2018, Հոգևոր-մշակութային, Ռազմական