Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՄԱՐՏԻ



ՈՒ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՄԱՐՏԻ

Քունը չէր տանում: Բոլոր պոստերն ստուգեց. ամեն ինչ ճիշտ էր, ամեն մեկն` իր տեղում: Բայց քունը չէր տանում: Երբ փոքր էր, վարագույրի ճեղքից նայում էր երկնքին, սկսում հաշվել աստղերը եւ անմիջապես քնում էր: …Ինչո՞ւ մանկությունը հիշելիս ամեն անգամ արթնանում է նույն պատկերը: Հայրը բարձրանում էր աստիճաններով: Գլուխը` կախ, թեւերը` թույլ, ոտքերն` ասես մի կերպ շարժելով: Զինվորական համազգեստին` արյան չորացած հետքեր: Իսկ գետնաքարշ ավտոմատը խուլ աղմուկով բախվում էր աստիճաններին՝ թըխկ, թըխկ… «Հայրդ ընկեր է կորցրել պատերազմի դաշտում»,- ասաց մայրը: Ընկեր: Հոր ցավը հետո հասկացավ: Շատ տարիներ անց հասկացավ ազատագրական ջոկատի հրամանատար Գրիգոր Հունանյանի ապրումները, երբ տեսավ իր զինվորի վերջին հայացքը աչքերը փակելուց առաջ: Սովորականի պես իր տղերքի հետ խրամատ էր փորում: Հետո Սեւակը մոտեցավ դիտակետին: …Ու ընկավ: Հակառակորդի դիպուկահարը ուղիղ սրտին էր նշան բռնել: Այդ օրը վիրավոր գայլի պես մենակ թափառեց սարերում ու ցավից ոռնաց մինչեւ լուսաբաց: Հետո զանգեց հորը: Հայրը հասկացավ: Ինքը ոչինչ չասաց, բայց հայրը հասկացավ. այդ ցավը ծանոթ էր հին ռազմիկին: Երկար լռեցին հայր ու տղա հեռախոսի տարբեր ծայրերում: Հետո հայրն ասաց` դիմացի՛ր…

Արտասովոր մարդ էր հայրը: ԽՍՀՄ սպորտի վարպետ կարատեիստը ցերեկները բանվոր էր աշխատում, երեկոյան մարզում էր սաներին, որ կարողանա պահել մեկ սենյակի մեջ պատսպարված իր հինգ հոգանոց ընտանիքը: Ու երեւի լավ էր մարզում, որ նրա սաները մրցանակներ էին բերում Եվրոպայի առաջնությունից, իսկ ինքը սպորտի վարպետ դարձավ դեռեւս դպրոցական տարիներին:

Ցերեկները Մանյա տատիկինն էին: Հայրենական պատերազմի վետերանների միության նախագահն անձամբ էր զբաղվում թոռան դաստիարակությամբ: Հսկում էր դասերը, տանում էր շախմատի: Նոր կտակարանն էր կարդում ամեն օր: Միասին շրջում էին թանգարաններում, գնում էին օպերա, ուսումնասիրում էին յուրաքանչյուր հուշարձանի պատմությունը: Իսկ երեկոյան, երբ վերջապես ազատագրվում էր տատի «տիրապետությունից», վազում էր հոր մոտ՝ մարզվելու:

…Կիսալուսինը դաջվել էր բլինդաժի լուսամուտին` ասես դիտմամբ հիշեցնելով, որ քիչ այն կողմ ադրբեջանցիների դիրքերն են, ու չի կարելի վստահել այս դավադիր լռությանը: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ միանգամից սկսեցին: Խաղաղ գիշեր էր: Ինքը դիրքերում էր տղերքի հետ: Հետո… հողը բարձրացավ երկինք, աստղերը կրակ դարձած թափվեցին հողին, ու դժոխային աղմուկը չդադարեց մի քանի օր: Ինքը գիտեր, որ իր տղերքը քաջ են, գիտեր, որ կյանքը չեն խնայի հայրենիքի համար: Բայց այդքա՞ն հզոր, այդքա՞ն խիզախ: Կռվեցին ու հաղթեցին: Հաղթեցին ու չզոհվեցին: Ոչ մի զոհ: Բայց հակառակորդի երկու հրետանային մարտկոց լռեցրին, շարքից հանեցին մեկ տանկային վաշտ, հատուկ նշանակության մեքենա: Ինքը հինգ ամիս դիրքերից չիջավ: Էլինան երեք ամսական էր, երբ ապրիլյան պատերազմն սկսվեց: Հետո նրան տեսավ արդեն 8 ամսական դարձած: Երբ այս մասին պատմեց լրագրողուհուն, նա անսպասելի հարցրեց. «Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց զինվորականի մասնագիտությունը: Դպրոցը գերազանցով էիք ավարտել, անգլերեն ու ֆրանսերեն գիտեիք, կարող էիք…»: Ինքը չսպասեց, որ «իմանա», թե ինչ «կարող» էր: Երեւի կոպիտ ասաց. «Ձեր կարծիքով` զինվորական պիտի դառնան նրանք, ովքեր կրակելուց բացի, ուրիշ բան չե՞ն կարող անել»: Լրագրողուհին շփոթվեց, ինչ-որ բան կմկմաց: Ինքն անմիջապես փափկեց. «Ուրիշ ի՞նչ մասնագիտություն պիտի ընտրեր ռազմիկի որդին: Հայրենական պատերազմի վետերան տատի հետ Արցախյան շարժման բոլոր միտինգներին, նստացույցերին մասնակցած տղան»: Հետո կատակեց: «Տեսքիս նայեք,- ոտքի կանգնեց` ցույց տալով բարձր հասակն ու հաղթ ուսերը,- ինձ պատկերացնո՞ւմ եք առանց զինվորական համազգեստի»: Լրագրողուհին խոր շունչ քաշեց, ժպտաց: Լարվածությունն անցավ: Տարիներ առաջ էր: Իրեն ծառայության էին նշանակել հյուսիսային զորամասում: Որոշ ժամանակ անց ինքը զեկուցագիր էր գրել, խնդրել էր, որ ուղարկեն առաջնագիծ: Ու հակառակի պես խառնվել էր այն զինվորականներին, որոնք ծառայում են իրենց բնակության վայրում եւ ներկայացել էին նախարարություն, որ առաջնագծում ծառայելու նշանակում ստանան: «Դպրոցն ավարտել է գերազանցությամբ, ռազմական համալսարանը` կարմիր դիպլոմով, Լիտվայի միջազգային կապիտանների ակադեմիան`գերազանցությամբ, տիրապետում է հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, գիտի թուրքերեն ու ադրբեջաներեն…»: Իր կենսագրությունն էին կարդում:

-Պատրա՞ստ ես ծառայելու առաջնագծում,- ինքը մի պահ չհասկացավ, որ հարցն իրեն է ուղղված: Մտածեց` սխալ է լսել:

-Սահման կգնա՞ս:

-Ի՛նքս եմ զեկուցագիր գրել, որ առաջնագիծ գնամ: Ես զինվորական եմ. կծառայեմ այնտեղ, որտեղ կնշանակեք:

Մի քանի օր անց ինքը մտավ զորամաս` որպես հրետանային մարտկոցի հրամանատար: «Ու ես առաջին անգամ շնչեցի ծառայության հոտը: Մի տեսակ շնչառությունս բացվեց»: «Ծառայության հո՞տը»` կրկնեց լրագրողուհին ու սկսեց ծիծաղել: Հետո հետզհետե լրջացավ, երբ ինքն ասաց. «Եթե քո գործում դու առաջինը չես, ամենալավը չես, ուրեմն էդ գործը քոնը չէ: Ուրեմն` քո գործը չես գտել»: Իսկ ինքն առաջինն էր: Ընդամենը 6 ամսվա ծառայող էր, երբ առաջին տեղը գրավեց հրետանային մարտկոցի լավագույն հրամանատարների համաբանակային մրցույթում:

…Անձրեւը վարարել էր: Ցեխակոլոլ սապոգները ծանրացել էին, համազգեստը թրջվել էր: Մտավ բլինդաժ, ու ջերմությունը հաճելիորեն դիպավ մաշկին: Սեղանին զինվորի պատրաստած թեյն էր: Քնելուց առաջ բերեց. «Գոնե թեյ խմեք, հրամանատա՛ր, ընթրիքին ոչինչ չկերաք»: Թեյը գոլ էր ու հոտավետ: Սառած ձեռքերով ամուր սեղմեց բաժակը, ասես ուզում էր քամել ջերմության վերջին փշրանքները: «Հրամանատարից ավելի բարձր կոչում չկա աշխարհում, ավելի մեծ տիտղոս, ավելի վեր պատիվ: Հրամանատար, այսինքն՝ ուսուցիչ, ղեկավար, ընկեր, զինակից»,- ասաց հայրը իրեն առաջին անգամ զորամաս ճանապարհելիս: Իր առաջին զինվորական-ուսուցիչը գնդապետ Արարատ Մելքումյանն էր: Նրա զորամասը նման էր ժամացույցի, որի հավասար ռիթմը երբեք չէր խաթարվում: Իր երկրորդ հրամանատար-ուսուցիչը գնդապետ Կարեն Ջալավյանն է: Նրա նվիրումը բանակին, զինվորին սահման չունի: Ջալավյանն ասում է. «Զինվորին քարոզները պետք չեն, զինվորին քո կերպարն է պետք»: Նայեց պատից կախված փոքր հայելուն՝ «փոխգնդապետ Զավեն Հունանյանի կերպարը»: Մազերը սպիտակում են: Ընդամենը 37 տարեկան է, բայց արդեն…

ՈՒ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՄԱՐՏԻԼրագրողուհին ասաց. «Դուք լավ ռազմական կցորդ կլինեիք: «Ինչո՞ւ հենց ռազմական կցորդ»: «Դե, որ լեզուներ գիտեք, համ էլ` Ձեր արտաքին տվյալները»,- հաճոյախոսեց: Ինքը շփոթվեց. «Չգիտեի, որ ռազմական կցորդ աշխատելու համար արտաքին տվյալներ են պետք»: Ու երկար ծիծաղեցին բարձրաձայն: Լրագրողուհին ուզում էր էլի ինչ-որ բան ասել, բայց լռեց: Իսկ հայացքը խոսուն էր. «Էս սարերում, խրամատի մեջ ինչի՞դ են պետք անգլերենն ու ռուսերենը, ֆրանսերենն ու թուրքերենը»: Ու ինքը պատասխանեց նրա «լռությանը»: «Սիրում եմ թարգմանել: Դեռեւս ռազմական համալսարանում սովորելու տարիներին անգլերենից հայերեն թարգմանեցի «Բրազիլիայի դեսանտագրոհային բրիգադը» գիրքը: Սիրում եմ բնագրով գեղարվեստական գրականություն կարդալ»: Լրագրողուհու դեմքին հիացմունք նկարվեց. «Կարդացեք Հեմինգուեյի «Ծերունին կամրջի մոտ» պատմվածքը: Պատերազմի մասին իմ կարդացած ամենացնցող պատմվածքն է»:

Կարդաց. լավ պատմվածք էր: Թշնամին գրավել էր գյուղը, ծերունին հասցրել էր փախչել, բայց նրա ընտանի կենդանիները գյուղում էին մնացել: Ծերունին կանգնել էր կամրջի մոտ. հետ գնալ չէր կարող, առաջ գնալ չէր լինում: Իրոք, հուզիչ պատմվածք էր: Իսկ ամենալավն այն էր, որ լրագրողուհին, իր բառերով ասած, ցնցվել էր այս պատմվածքից: Նա չգիտեր` ինչ է զգում մարդը, երբ թշնամին վերեւից կրակ է թափում, խփում է ավերիչ զենքով, եւ ամեն հարվածից հետո դու այսուայն կողմ ես վազում` տեսնելու` ո՞ղջ են քո տղաները, թե…

Վեր կացավ, գնաց կողքի սենյակ: Զինվորները քնած էին: Գոռի ուսը բաց էր: Ծածկոցը վեր ձգեց: Հետո մոտեցավ մոնիտորին. ջերմատեսիլ սարքերը խաղաղ առավոտ էին խոստանում: Փակեց աչքերը: Պիտի քնի: Պիտի հավաքի ցաքուցիր մտքերը անցյալի ծակուծուկերից ու պիտի քնի: Շուտով կլուսանա: Իսկ հրամանատարը ոտքի վրա ննջելու իրավունք չունի: Հայրը կատակով ասում էր. «Հրամանատարի տրամադրությունը գրիպից վարակիչ է: Հրամանատարը պիտի ուժ ու ինքնավստահություն «բաժանի», հրամանատարի կողքին զինվորը պիտի իրեն ապահով զգա»: Հին ճակատայինը չէր սխալվում: Երբ մի քանի տասնյակ մետր է բաժանում զինվորներիդ թշնամուց, քո ծիծաղն անգամ պիտի զինի նրանց:

…Հայրը զորամաս էր եկել: Ինքը արդեն 7-8 տարի Ամանորն ամենավտանգավոր դիրքում էր դիմավորում, զինվորների հետ: Կինը համակերպվել էր: Նոր տարին դիրքերում նշող մյուս զինվորականների կանանց հետ հավաքվում էին, միասին անցկացնում Տարեմուտի գիշերը, բայց հայրը կարոտին չէր դիմացել, եկել էր դիրքեր: Այդ օրը նաեւ զինվորներից մեկի հայրն էր եկել որդուն տեսնելու: Ու ահա խրամատում կանգնած էին հրամանատարն ու զինվորը` իրենց հայրերի հետ ու հսկում էին հայրենիքի սահմանը: …Հայրը մի քանի օրով էր եկել, բայց մնաց 14 օր: Հոգում արթնացել էր հին ռազմիկը, զինվորների հետ ջահելացել էր, ավտոմատն ուսից կախ` խրոխտ քայլում էր խրամատում: Ու աչքերը փայլում էին, ձայնը զրնգում էր: Զինվորներից մեկը մյուսին պատմում էր, թե գումարտակի հրամանատարի հայրը մեզ հետ սահման է պահում: Ու դրանից հողը ամրանում էր նրանց ոտքերի տակ, ու հակառակորդը խեղճանում էր իր բնում:

Մի օր իր զինվորներից մեկն ասաց. «Հրամանատա՛ր, երբ դու կողքիս ես, ես տասնապատիկ ուժեղ եմ, ու մեջս մի կաթիլ վախ չկա»: Ասես աշխարհի բոլոր մեդալները կախեցին իր կրծքին: Զինվորի բառերը հիշեց Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում, երբ բարձր ջերմությամբ, կոկորդն ուռած` պառկած էր` ասեղը երակի մեջ: Էնքան վատ էր, որ թվում էր` չի կարող նույնիսկ դռան մոտ հասնել առանց օգնության: Հրամանատարաշտաբային ֆակուլտետում էր սովորում այդ ժամանակ: Կողքի մահճակալին պառկած հիվանդին զանգեցին ու ասացին, որ դիվերսիոն հարձակում է եղել դիրքի վրա: Չորս զոհ ունենք: Ասեղը հանեց երակից ու առանց որեւէ մեկին ասելու դուրս եկավ հիվանդանոցից: Ամբողջ ճանապարհին մտքի մեջ իր զինվորի բառերն էին. «Ուժս տասնապատկվում է»: Իր ներկայությունը պիտի հարյուրավոր զինվորների ուժ տասնապատկեր: Էդ մտքից հիվանդությունն ասես նահանջում էր: Կոկորդի ցավը չքացել էր, ոտքերը չէին ճոճվում: Ինքը պիտի գնար սահման, հենց դրա համար էր մնացել Հայաստանում, որ առիթի դեպքում արագ հասնի առաջնագիծ` իր զինվորների մոտ: Դավիթ Տոնոյանը, որ այն ժամանակ փոխնախարար էր, ասաց. «Դու ակադեմիայի ընդունելության քննությունները հանձնել ես ամենաբարձր միավորներով, եւ մենք քեզ ուղարկում ենք Ղազախստան` լավագույն ակադեմիաներից մեկում սովորելու»: Ինքն ասաց. «Թող ընկերս` Համլետ Խաչատրյանը գնա Ղազախստան, ես ուզում եմ մնալ Հայաստանում, սահմաններին լարված է»: Չէ, ինքը, իրոք, մեղավոր էր, պիտի զգուշացներ ակադեմիայի ղեկավարությանը: Առանց ասելու, դասերը թողած` գնաց սահման, նրանք էլ վերցրին ու բացակայությունների համար հեռացրին ակադեմիայից: Իհարկե, հետո, երբ իմացան իրողությունը, վերականգնեցին: …

…Հեռախոսը ծլնգաց: Կինը նամակ ուղարկեց: Փաստորեն, քնած չէ: Կարդաց նամակը: Ասես ռունգերին դիպավ «իր տան հոտը»: Տեսավ երեք երեխաներին՝ կողք կողքի պառկած, աչքերը` փակ, թաթիկները` վեր, լսեց նրանց անուշ շնչառությունը: Իր բախտը բերել է: Հասուն տղամարդ էր, երբ ամուսնացավ: Ինչպես ասում են` աշխարհի լավուվատը տեսած: Երեւի դա էր պատճառը, որ ճիշտ ընտրություն արեց: Կինը իր ամենամոտ ընկերն է, իր ընտանիքի լույսը, ջերմությունը: Անասելի կարոտ զգաց: Միակս, անկրկնելիս՝ հակիրճ պատասխանեց կնոջ նամակին: Զորամասի հրամանատարի տեղակալ նշանակվելուց հետո ամիսներով տուն չի գնում: Բայց կինը ոչ մի անգամ չտրտնջաց, ոչ մի անգամ չբողոքեց: Ինքը հեռակա հայր, հեռակա ամուսին է, բայց երեխաները մեծանում են խնամված, դաստիարակված, ապահով: Ձեռքերով գրկեց օդը ու երեքին միասին «սեղմեց» կրծքին` փափուկ ու տաք, զգաց թավշյա թուշիկների հպումը: Գրիգորը ամենամեծն է` հինգ տարեկան: Երբ հայրը գնում էր պատերազմ, ինքը Գրիգորից մի քիչ էր մեծ, բայց հայրն ասում էր` ես գնում եմ ռազմաճակատ, հիմա տան տղամարդը դու ես, աղջիկներին տիրություն կանես: Ինքն էլ հիմա իր որդուն է ասում` ես գնում եմ սահման, տան տղամարդը դու ես…

Մանկապարտեզի դաստիարակչուհին ասաց. «Գրիգորը շարել է իր խմբի բոլոր երեխաներին ու սովորեցրել դիրքապահի երդումը. «Ժողովրդի կողմից ինձ վստահված դիրքը պարտավորվում եմ պաշտպանել անձնվիրաբար, սրբորեն կատարել հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը… ու միշտ պատրաստ եմ մարտի…»:

…Բլինդաժի լուսամուտից այն կողմ կիսալուսինը չքացել էր: Կաթնագույն երկինքն իջել, լցվել էր ներս, ծանրացել կոպերին: Տունը, զորանոցը, դիրքը… ամեն ինչ խառնվել էր իրար ու ճոճվում էր մշուշում:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (1266) 07.11.2018 - 13.11.2018, Ազգային բանակ


08/11/2018