ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՉԵՆ ՍՊԱՍՈՒՄ
Նրանք հայտնվում են այնտեղ, որտեղ իրենց չեն սպասում և անում են այն, ինչը մարդկայինի սահմաններում անհնարին է: Նրանք չեն սիրում իրենց մասին խոսել. նրանց մասին խոսում են ասք դարձած նրանց գործերը:
Նյութիս հերոսը 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակից է: Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Խմբի կազմում մասնակցել է տարբեր մարտական գործողությունների, հակառակորդի անընդհատ հրետակոծության պայմաններում ապահովել հատուկ նշանակության խմբերի և կենտրոնի միջև կայուն կապը, խոցել է հակառակորդի դիվերսիոն խմբերի հետախուզական բրիգադի հրամանատարին… Թալիշ գյուղ մտած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հետ առճակատվելով՝ ղեկավարել է ստորաբաժանումը, որը, սանրելով գյուղը, հետապնդել և ոչնչացրել է այնտեղ թաքնված ադրբեջանական հատուկջոկատայիններին… Մասնակցել է թշնամու գրաված դիրքերը հետ վերցնելու գործողություններին: Գործողությունների մանրամասները ու այն սխրանքները, որ գործել են իմ հերոսն ու նրա հետախուզական խմբի ու մյուս հատուկ նշանակության մարտիկներն այդ օրերին, հասկանալի պատճառներով ամբողջապես ներկայացնել չենք կարող, սակայն մեր զրույցում տեղ գտած դրվագները, հետախույզի հիշողություններն ու մտորումները ավելի քան խոսուն են:
Շուտով պիտի պարզեի, որ նրա՝ այդ օրերին տվյալ տեղանքում լինելը ավելի շուտ Աստծու նախախնամության պես մի բան է եղել: Իրենք՝ վախ չճանաչող մարտիկներն են վկայում, որ պատժիչ գործողություններում իրենց ուղղորդում ու մշտապես պահապան է լինում Վերին արդարադատությունը…
Թշնամին անցել էր բոլոր սահմանները՝ խոշտանգելով ու տանջամահ անելով անպաշտպան գյուղացիներին: Մեծ ուժերով և հատուկ պատրաստություն անցած հատուկջոկատայինները («Յաշմայի» հրոսակները) մեծ խմբերով գրոհում էին հայկական դիրքերը: Մեր հերոսական անձնակազմերը գերագույն ճիգեր ու աննկուն կամք էին դրսևորում…
Տարօրինակ, երկակի զգացողություն է համակում քեզ, երբ հետախույզի հետ ես զրուցում. նրանից բարության, ջերմության անբացատրելի հզոր ալիքներ են տարածվում, ասես հարյուր տարվա հարազատիդ հանդիպած լինես, սակայն հենց սկսում է խոսել հակառակորդի մասին, աչքերում մետաղական մի սուր, ծակող սառնություն ես զգում, և, անկախ քեզնից, զգում ես այն հատու, սառնասիրտ, կշռադատված ու մեքենայացած ուժը, որ նրան առաջնորդում է հատուկ գործողություններ կատարելիս:
-Մեր մարտական խնդիրը Ապրիլյան քառօրյայում հետևյալն էր՝ մաքրել Թալիշը այնտեղ թափանցած ելուզակներից եւ հետ վերցնել թշնամու գրաված դիրքերը,- պատմում է նա:- Երբ հասանք գյուղ, տեսանք, որ Թալիշն ամբողջությամբ հրետակոծության տակ է: Գյուղ մտնելիս իրավիճակն այնպիսին էր, որ հույս չունեինք, թե մեզանից որևէ մեկը ողջ կմնա. մեր մտքում միայն մեկ բան էր՝ կատարել հրամանը: Անօդաչուները երկնքում պտտվում էին, և որտեղ շարժ էր նկատվում, անմիջապես ականներ էին թափվում: Հակառակորդը նստած էր «Խաչի» բարձունքում գտնվող խրամատում, ճնշում էր իր կրակով, մյուս կողմից հրետանին էր ռմբակոծում: Քանի անգամ այդ ընթացքում զարմանքով նկատում էինք, որ պայթյունից հետո ականներից ճիշտ կողքներս՝ գետնին, խորը փոս էր առաջանում, քարեր, անգամ պատ է փուլ եկել վրաս, բայց… հաջողվեց սանրելով մաքրել գյուղը ադրբեջանցի հատուկջոկատայիններից: Հաջորդ խնդիրն այն էր, որ օգնեինք մեր տղաներին, որոնք Թալիշի գումարտակում էին: Տղաներից մեկը ռադիոկապ տվեց, ասաց, որ վիրավոր է: Երբ փորձել էր շրջանցել «Խաչի» բարձունքը և թիկունքից մոտենալ թշնամուն, նրան նկատել, խոցել էին: Լարանն (ժգուտ) ու ներարկիչը մոտն էին. պիտի ինքն իրեն առաջին օգնություն ցուցաբերեր, մինչև կհասնեինք: Սրանք միշտ մեզ հետ են. ինքդ պիտի քեզ ցավազրկես և կանգնեցնես արյունահոսությունը՝ մինչև օգնության հասնեն: Կարևորը՝ իմացանք, որ ողջ են տղաները: Նրանց մի մասն արդեն դիրքերում էր:
Ամենակարևորն այդ իրավիճակում հավասարակշռությունը չկորցնելն է, սառնասրտորեն ճշգրիտ որոշումներ կայացնելը: Հետախուզական խմբի հրամանատարը և խմբի անդամները պետք է յուրահատուկ պատրաստություն անցած լինեն: Առօրյայում մենք հաճախ չգիտենք՝ ինչի ենք ընդունակ, միայն ծայրահեղ իրավիճակներում է, որ դրսևորվում է մարդու իրական «ես»-ը: Պատրա՞ստ ես կյանքդ տալու ընկերոջդ համար: Պատերազմը ցույց է տալիս քո և ընկերներիդ էությունը՝ ով ինչի է ընդունակ: Մենք այդ օրերին ասես մի մարդ լինեինք: Վտանգի դեպքում անվարան կրծքով ծածկում էինք մեկս մյուսին: Մարտական իրավիճակների առաջացրած ադրենալինը պահպանվում է նաև հետո՝ առօրյա կյանքում: Այդ օրերից հետո հոգնելն ի՞նչ է, չգիտեմ: Կարող եմ մի քանի օր չքնել, չուտել, անդադար աշխատել:
…Երբ ձորից բարձրացանք ու հենակետերին մոտեցանք, տեսանք խփված «Կամազը»: Բացեցի դուռը. խոշտանգված երկու մարտիկների դիակներ էին, որոնք փորձել էին զենք հասցնել դիրքեր:
Հակառակորդի հիմնական խնդիրն էր, որ «Խաչի» անձնակազմը կրակով գումարտակին թույլ չտար դիրքերին օգնության գնալ: Հետո արդեն հակառակորդի մնացած խմբերը պետք է գային գումարտակը ոչնչացնելու: Ու հենց այդ պահին… անակնկալ հայտնվեցինք մենք ու խառնեցինք թշնամու բոլոր ծրագրերը: Երբ արդեն հետապնդել ու ոչնչացրել էինք նրանց՝ մոտ մեկ ժամ անց, մի զինվոր վազելով իջավ դիրքից, գոռալով՝ «170 դիրքը վերցրել են, ով կար, բոլորին սպանել են. ես եմ միայն ողջ մնացել…»: Քաջարի դիրքապահները մինչև վերջին շունչը պայքարել էին՝ չնահանջելով և փորձելով ետ մղել թշնամու մի քանի անգամ գերազանցող հատուկջոկատայինների հուժկու գրոհը, սակայն…
170 և 171-րդ դիրքերը հյուսիսային ուղղության ռազմավարական նշանակության դիրքերից են, քանի որ այստեղից վերահսկվում է ամբողջ Թալիշ գյուղը: 170 դիրքը գրավելիս հակառակորդի տասնյակ հատուկ նշանակության ջոկատայիններ էին սպանվել մեր փոքրաթիվ դիրքապահների կողմից: Թշնամին, դիրքը գրավելով, մեծ ուժեր էր կենտրոնացրել այդտեղ, անցել շրջանաձև պաշտպանության: Մեր հատուկջոկատայիններն այդ ուղղությամբ պետք է անեին անհնարինը. փոքրաթիվ ուժերով անհրաժեշտ էր ետ բերել թանկ արյան գնով երկու օր պահված դիրքը:
Դիրքը հետ վերցնելու առաջին փորձից հետո հատուկջոկատայինների խումբը ստիպված էր եղել հետ նահանջել. հակառակորդն այնքան մեծաթիվ էր, որ զինամթերքն արագ սպառվել էր: Գիշերվա ժամը երկուսին երկրորդ գրոհը ձեռնարկեցին: Այդ գրոհի ժամանակ էր, որ զոհվեց Սասուն Մկրտչյանը… Սասունի ցասումն այնքան մեծ էր եղել, որ նա պառկած դիրքից կանգնել ու իր գնդացրով սկսել էր կրակ վարել թշնամու ուղղությամբ…
Հրամանատարության կողմից խնդիր էր դրված. ամեն գնով ետ վերցնել կարևոր դիրքերը: Լուսադեմին հատուկջոկատայինների խմբերը որոշիչ գրոհ ձեռնարկեցին երկու հարևան դիրքերի ուղղությամբ:
-Մենք այդ օրը չէինք գնում զոհվելու, մենք գնում էինք ետ վերցնելու մեր մարտական դիրքերն ու մեր տղերքի աճյունները: Անձնակազմի մարտական ոգին անասելի բարձր էր: Հայի օրենք է՝ մեկը տասի դեմ՝ առանց երկար-բարակ մտածելու: Միշտ քանակով ավելի քիչ ենք եղել, բայց կարողացել ենք հաղթել: Մեր մեկը հարյուրի դեմ է կռվել ու հաղթել: Մեր հայրերը, քեռիներն ու հորեղբայրներն էլ են այսպես կռվել ու հաղթել:
Տվյալ իրավիճակում շատ կարևոր էր, որ մենք միմյանց հետ հստակ կապ ունեինք: Չկա կապ, չկա ղեկավարում: Գիտեինք՝ ով որտեղ է: Տեղեկության արագ, հստակ փոխանցումը մարտական գործողությունների ընթացքում կենսական նշանակություն ունի: Կապի շնորհիվ կարողացանք մի քանի կարևոր գործողություն իրականացնել դիրքը ետ գրավելու ընթացքում՝ հրետանու, տանկի օգնությամբ: Վերևից նայում էինք հակառակորդին օգնության եկող զինտեխնիկային: Մեր հրետանին բնականաբար չէր տեսնում, և մենք էինք նրան ուղղություն տալիս: Հակառակորդի օգնությունն այդպես էլ տեղ չհասավ:
Դիրքերն ազատագրելու գործողության միակ զոհի՝ Սասուն Մկրտչյանի մահվանից հինգ-վեց ժամ անց հայ հատուկ նշանակության ջոկատայինների ջանքերով 171 մարտական դիրքն արդեն մերոնց վերահսկողության տակ էր: …171-ի ազատագրումից րոպեներ անց ազատագրվեց նաև 170 դիրքը:
-Հակառակորդը փրկվելու չնչին հույսով իրեն նետում էր ականապատ դաշտը: Ապրիլի 3-ն էր… ձյուն էր գալիս: Ցուրտ էր, գործողության ընթացքում մինչև հագուստի վերջին թելը քրտինքի մեջ էինք, բայց ցուրտը չէինք զգում` ներքուստ վառվում էինք… Իջնում էինք սարերից` հաղթական, զենքը ուսներիս: Մի երեք-չորս կիլոմետր այդպես իջանք ու այդ ընթացքում հատիկ-հատիկ հավաքում էինք գետնին թափված փամփուշտները. փամփուշտը մեր թե՛ ջուրն է, թե՛ հացը, մեր ամեն ինչը: Եթե գնում ես մահվան, պետք է հետդ շատ զինամթերք վերցնես: Դրա համար համազգեստս ամբողջովին գրպաններով է ծածկված: Մարտն այնպիսի բան է, որ չգիտես՝ որքան կտևի, ինչ թվով հակառակորդի ես դիմագրավելու:
Երկու դիրք ազատագրեցինք, «Ուրալ» մեքենան քթների տակից գողացանք, բերեցինք՝ առանց որևէ խնդրի: Վիրավորներ ունեցանք, բայց Աստծու կամոք մեր խնդիրները կատարեցինք: Եթե միայն Սասունը ողջ լիներ…
Ինչպիսի՞ն պետք է լինի հետախույզը՝ հարցիս Ա.-ն պատասխանում է.
-Հետախույզը պետք է տաքարյուն չլինի, պետք է միշտ շատ հավասարակշռված ու սառնասիրտ լինի: Մի սխալ քայլով հնարավոր է ամբողջ գործողությունը ձախողել: Հետախուզական տվյալներ հավաքելով՝ պետք է ճշգրիտ զեկուցի՝ ըստ վերադասության: Խնդիրն ստանալուց հետո նա մտածում է միայն մի բան. «Թեկուզ կյանքի գնով՝ խնդիրը պետք է կատարվի հնարավորինս անձայն ու աննկատ»: Զենքի օգտագործումը հետախույզի համար վերջին միջոցն է: Մինչև վերջ պետք է փորձես խուսափել հրազեն կիրառելուց՝ տեղդ չմատնելու համար: Դրա համար հետախույզներին պատրաստում են ամեն տեսակի սուր, կտրող, ծակող գործիքների լավագույնս տիրապետելուն, ձեռնամարտում ճկուն ու ֆիզիկապես շատ ուժեղ լինելուն: Հետախույզը պետք է կարողանա շահագործել ցանկացած ռազմական տեխնիկա, կարողանա կապի ամեն տեսակից օգտվել:
-Իսկ ինչպիսի՞ն եք Դուք զորամասում, խաղաղ ժամանակ:
-Ես հիմա բոլորին համոզում եմ, եթե կուզեք՝ քարոզում եմ՝ միշտ դիմացինի հանդեպ բարի ու բարյացակա՛մ եղեք, բարությո՛ւն տարածեք ձեր շուրջբոլորը: Դիմացինդ ագրեսի՞վ է տրամադրված, քեզ փորձում է վատությո՞ւն անել, վիրավորո՞ւմ է քեզ, ուշադիր ու լուռ, հանգիստ նայի՛ր նրան՝ առանց չարության, ու նա անպայման կզգա, կհասկանա իր սխալն ու կափսոսա իր վարքի համար: Ես զորամասում կարող եմ խիստ լինել, կտրուկ, բայց բոլորը գիտեն, որ ինձնից նեղանալն անմիաստ է, որ հոգումս չարություն չկա: Զորամասի ընկերներիս անչափ հարգում ու սիրում եմ: Յուրաքանչյուրն, իրոք, մեկը տասի համար է գնում ցանկացած գործողության: Գնում են մահվան…Դրա համար էլ մեր մարտիկների միջև հոգևոր կապը շատ ուժեղ է:
Ապրիլի 2-ը իմ երկրորդ ծնունդն եմ համարում: Մինչև այդ, շատ գործողությունների եմ մասնակցել, բայց մարտական առաջին լուրջ փորձությունն ինձ համար հենց 2016-ի ապրիլյան գործողություններն էին: Մի տարի անց՝ մեր «ծննդյան օրը», ընկերներով գնացինք Եռաբլուր, այնտեղ Արցախյան ազատամարտում զոհված քեռիներիս շիրիմներին, մեր Սասունի և մյուս մարտական ընկերների շիրիմներին այցելեցինք: Այնտեղ հանգչող բոլոր տղաներն էլ մեր մարտական ընկերներն են: Հետո գնացինք Սասունենց տուն, հիշեցինք մեր ընկերոջ սխրանքը…
Այստեղ, այս զորամասում մարդիկ պատրաստ են ամեն պահի միմյանց համար իրենց կյանքը տալու: Մենք ընկերներով տեսել ենք լինել-չլինելը, ու այստեղ ծառայելն ինձ համար մեծ հպարտություն է:
Մեր զորամասի հրամանատարն այդ ընթացքում ղեկավարում էր մեր խմբերի գործողությունները: Նա նաև ընկեր էր մեզ համար: Այդ օրերին ոչ հաց էր ուտում, ոչ քնում էր: Խնդրում էինք՝ «Հրամանատա՛ր, մի ժամ գոնե քնի՛ր, հանգստացի՛ր»: Եթե նա այդ օրերին ճշգրիտ, արագ որոշումներ չկայացներ, մեզ համար շատ ծանր կլիներ: Հպարտ եմ, որ նրա պես հրամանատար ունեմ: Հպարտ եմ, որ իմ շուրջը այսպիսի մարտական ընկերներ եմ ունեցել ու ունեմ: Պարտադիր չէ, որ մարդը մարմնով աժդահա լինի: Նրա ոգին պետք է բարձր լինի: Իմ շրջապատում այսպիսի շատ տղաներ կան: Անուններ չեմ կարող տալ, բայց հատկապես մերձամարտում հրաշքնե՜ր էին գործում:
…Չորս օր հետո եմ միայն զանգել ընտանիքիս: Կինս կամքով շատ ուժեղ է, բայց այդ մի քանի օրը, կապի լիակատար բացակայության պայմաններում, ֆիզիկապես ու հոգեպես հյուծվել էր: Մի ամիս անց, երբ տուն եկա, տնեցիները չէին հավատում, որ անվնաս եմ, մտածել էին՝ լուրջ վիրավոր եմ, բայց թաքցնում եմ…
Հետախույզի օրվա կապակցությամբ նախ և առաջ մեր բոլոր հետախույզներին կմաղթեմ, որ իրենց առջև դրված ցանկացած խնդիր փառքով կատարեն ու անփորձանք վերադառնան իրենց ընտանիքի գիրկը: Բայց, նախ՝ խնդիրը… Սա է վայել հայ հետախույզին: Անփորձանք եղեք ու երջանիկ:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #19 (1266) 07.11.2018 - 13.11.2018, Ազգային բանակ