Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻ ՍՐԱՏԵՍ ԱՉՔԸ. ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ



ԲԱՆԱԿԻ ՍՐԱՏԵՍ ԱՉՔԸ. ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆՅուրաքանչյուր բանակի հզորությունն ու մարտունակությունն ապահովում է գրագետ ռազմական հետախուզությունը: Այն  հայթայթում է հստակ տեղեկություններ հակառակորդի ուժերի եւ միջոցների մասին, ապա դրանց հիման վրա ընդունվում են ճիշտ որոշումներ: Ով տեղեկացված է՝  նա պաշտպանված է: Բայց որքանո՞վ է այդ ամենն անհրաժեշտ  XXI դարում՝ բարձր տեխնոլոգիաների, անօդաչուների եւ արբանյակների ժամանակաշրջանում: Հարց է ծագում՝ ինչո՞ւ պետք է տղաները, վտանգելով իրենց կյանքը, անցնեն թշնամու խորը թիկունք, հայտնաբերեն զինպահեստների  կամ հրետանային մարտկոցների տեղակայման վայրը, ուսումնասիրեն դիրքերն ու խրամատները, որովհետեւ հետախույզի աչքից չի վրիպում անգամ յոթ փակի տակ պահված տեղեկատվությունը:  Այս առումով տարբեր  զորամասերում ծառայող մեր հետախույզներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են բարձր մակարդակով՝  ապահովելով բանակի հաջողությունները:

 

ԱՐՏԱՎԱԶԴ, 27 տ., կապիտան

Տարբեր գործողությունների եմ մասնակցել: Բայց մեկը հատկապես անմոռաց է, թեեւ այդ օրվանից վեց տարի է անցել: Ես նոր-նոր էի ավարտել ՌԴ ուսումնարանը: Ծառայության էի նշանակվել առաջնագծում: Հրամանատարությունը որոշեց՝ խմբի կազմում ներթափանցելու եմ հակառակորդի տարածք: Հաշվի էին առել թե՛ բնավորությունս, թե՛ տրամադրությունս, թե՛ էմոցիոնալ համատեղելիությունը մյուսների հետ: Առաջին խնդիրս էր: Երկմտա՞նք՝ ո՛չ, որովհետեւ, երբ ծառայում ես հայրենիքիդ, երբ քո աշխատանքը քո համոզմունքն է, երկմտելու իրավունք չունես…

Մութն ուր որ է վրա էր հասնելու, հագած-կապած առաջ շարժվեցինք: Ամեն քայլը ճշգրտորեն հաշվարկված էր, ամեն հայացքը մի միտք էր արտահայտում, անգամ մեր շնչառությունն էր համաչափ: Մի անզգույշ քայլ, մի կոպիտ շարժում, մի ավելորդ խոսք, նույնիսկ մի շրշյունը բավական էր, որ մենք բացահայտվեինք: Սրտիս զարկերն արագանում էին: Մերթ կողք էի նայում, մերթ խմբի հրամանատարին:  Նա քննական աչքի էր անցկացնում ամեն թուփն ու քարը, մատի մի շարժումով հասկացնում էր, թե ով որ կողմում դիրքավորվի: Այնքան հանգիստ էր, ասես գլխում ոչ մի կասկած չուներ: Այնքան ինքնավստահ էր գործում թշնամու տարածքում, ասես իրենց բակում լիներ: Նրա կերպարն ինձ ուժ էր տալիս, թեեւ ընդամենը մի քանի տարով էր ինձնից մեծ: Առաջին երկու ժամերը դժվար անցան, հետո կենտրոնացա եւ կատարեցի առաջադրանքս: Իմ  մկրտությունն էր: Նույնիսկ երբ փորձառություն ես ձեռք բերում, սահման հատելը բարդ է: Իսկ վերադառնալը միշտ հեշտ է, որովհետեւ տուն ես գալիս:

 

ՀՐԱՅՐ, 25 տ., կապիտան

ԲԱՆԱԿԻ ՍՐԱՏԵՍ ԱՉՔԸ. ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ

Տասներկու տարեկան երեխա էի, երբ առաջին անգամ դիտեցի «Իններորդ վաշտ» ֆիլմը:  Պատերազմի հորձանուտում հայտնված սովորական տղաների հերոսությունների մասին է:  Նրանք կատարում են խնդիրները՝ լավ իմանալով, որ իրենց կյանքն է արժենալու: Տպավորված էի եւ որոշեցի՝ զինվորական եմ դառնալու: Այժմ հետախուզական վաշտի հրամանատար եմ: Մեր գործում դիմացկունությունը որոշիչ է, բայց, եթե հոգեպես թույլ եղար, ուրեմն հետախուզությունը քո տեղը չէ: Հրամայված էր առաջ տալ դիրքերը: Նման գործողություններն առանց մանրակրկիտ հետախուզման հնարավոր չէ իրականացնել:  Մեր փոքրիկ խումբը նախապես ուսումնասիրեց նախանշված տեղանքը, ռելիեֆը, հակառակորդի հարվածի ուղղությունները: Իհարկե, վտանգավոր էր: Հակառակորդը շատ մոտ էր: Չբացահայտվելու համար երբեմն ժամերով չէինք շարժվում՝ մնալով նույն դիրքով նույն կետում: Եվ երբ օրեր անց տեսնում ես գերիշխող բարձունքին բազմած հենակետը, երբ հասկանում ես, որ հայրենիքի հզորացման համար մի գործ ես արել, քեզ լիուլի վարձատրված ես զգում:

 

ԿԱՐԵՆ, 36 տ., մայոր

ԲԱՆԱԿԻ ՍՐԱՏԵՍ ԱՉՔԸ. ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ

Ութ տարի բանակում եմ, ութն էլ սահմանին` որպես հետախույզ: Չեմ կարող բնավորության մի գիծ, մի հատկանիշ առանձնացնել, որ ամենակարեւորն է հետախույզի համար: Հավատարմություն, հաստատակամություն, հավասարակշռություն, լավ հիշողություն, արագ կողմնորոշվելու ունակություն, վերլուծական միտք, նախաձեռնողականություն, կազմակերպվածություն, պարկեշտություն, ազնվություն, պարտաճանաչություն՝ որ մեկն ասեմ: …Գիշերը հակառակորդն առաջացել էր չեզոք գոտում, փորձում էր ամրանալ: Սա իսկապես կվտանգեր մեր զորքի տեղաշարժը: Հրամայված էր կասեցնել: Ստացվեց:  Հակառակորդը զոհեր ունեցավ ու ետ քաշվեց:

Դու հաճախ ստիպված ես խախտել աստվածաշնչյան պատվիրանները, ստիպված ես գործել հակառակ այն կանոնների, որ քեզ մանկուց են սովորեցրել: Եվ կարեւոր է, որ այսքանից հետո չչարանաս, չկոպտանաս, մարդ մնաս:

 

ԿԱՌԼԵՆ, 26 տ.,  լեյտենանտ 

ԲԱՆԱԿԻ ՍՐԱՏԵՍ ԱՉՔԸ. ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ

Հետախույզը ունիվերսալ զինվոր է: Նա ոչ միայն դիպուկահար հրացանը պետք է վարպետորեն կիրառի, այլեւ պետք է հրետանային միջոցներից կրակել իմանա,  պետք է տանկ վարի:  Դե, պատկերացրեք, հակառակորդը տանկը թողել է մարտադաշտում ու փախել, մեկը պիտի գնա ու բերի, չէ՞:  Վաղը մեքենավարման եմ: Ինչպե՞ս հետախույզ դարձա: Ըմբշամարտիկ եմ, բազում հաջողություններ ու մեդալներ ունեմ: Մի օր էլ գցեցի-բռնեցի՝ ո՞ւմ է պետք ուժը, եթե այն մի կարեւոր նպատակի չի ծառայում: Եվ այդպես հայտնվեցի հատուկ նշանակության ստորաբաժանումում: Հիշելու շատ բան ունեմ: Գերիների փոխադարձ փոխանակում էր: Ես իմ խնդիրը պիտի կատարեի, եթե հանկարծ ինչ-որ բան նախատեսվածի պես չընթանար: Հետեւում էի գործընթացի մասնակիցների ամեն քայլին: Իսկ երբ հակառակորդի գերեվարված զինծառայողն անցավ իրենց կողմը, մերն էլ՝ մեր, չկարողացա զսպել հուզմունքս. հետախույզները քարսիրտ չեն:

 

ԱՐՏԱԿ, 25 տ., ենթասպա 

ԲԱՆԱԿԻ ՍՐԱՏԵՍ ԱՉՔԸ. ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ

Ժամկետային ծառայությունս հետախուզական վաշտում է անցել: Երկու տարվա ընթացքում զորանոցի երես գրեթե չեմ տեսել. անընդհատ առաջնագծում, դարաններում: Անձրեւ, ձյուն մեզ համար նշանակություն չուներ: Չնայած դժվարություններին՝ սիրեցի հետախույզի գործը. այն համահունչ է իմ խառնվածքին: Բռնցքամարտիկ եմ: Բայց եւ համոզված եմ՝ ամեն  մարզիկ չէ, որ կարող է հետախույզ դառնալ:  Հիմա պայմանագրային հիմունքներով եմ ծառայում: Մեր գծում թշնամու դիրքեր տանող այնպիսի մի սողանցք չկա, որին ծանոթ չլինեմ, որտեղով ներթափանցած չլինեմ նրանց թիկունք: Տասնյակ անգամներ հատել եմ կարմիր գիծը: Այդ ճանապարհներն ինձ համար վաղուց «հարթ» են: Եվ, այդուհանդերձ, սովորական չեն դարձել: Թույլ չեմ տալիս, որ զգայարաններս բթանան, որ աշխատանքը վերածվի մեխանիկական գործողության:

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ, 29 տ., կապիտան 

ԲԱՆԱԿԻ ՍՐԱՏԵՍ ԱՉՔԸ. ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտությամբ մոտոհրաձիգ եմ, բայց արդեն երեք տարի ապրում եմ  հետախույզի կյանքով: Ծառայության ընթացքում անընդհատ շփվում էի հատուկ նշանակության մարտիկների հետ: Ինձ շատ էր գրավում նրանց ապրելակերպը, ոգեւորությունը, պատմությունները: Որոշեցի ինքս փորձել եւ ընդգրկվեցի հետախուզական ստորաբաժանումում: Իհարկե, սկզբնական շրջանում բարդ էր: Շաբաթներով դաշտերում էինք: Գոյատեւման առաջադրանքներն անհաղթահարելի էին թվում: Եվ ես իմ մաշկի վրա զգացի, թե ինչ զրկանքներ,  ինչպիսի կենտրոնացում, համբերություն, կամք, նվիրում ու արիություն է պահանջվում հետախույզից: Այսօր իմ խմբին վստահվում է օպերատիվ ուղղությունների դիտարկումը: Ոչ մի տեսասարք, հեռադիտակ չի կարող փոխարինել հետախույզի սրատես աչքին:  Մենք միշտ այնտեղ ենք, որտեղ սպառնալիք կա: Օրերով դարաններում, անտառներում ենք՝ հակառակորդի հնարավոր ներթափանցումը կանխելու համար: Ծանր աշխատանք է: Բայց, դե, հետախույզի կյանքը պայքար է, եւ  մենք միշտ պատրաստ ենք:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #19 (1266) 07.11.2018 - 13.11.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/11/2018