Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓԱՍՏԵՐԸ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ



Զրույց «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

-Տիկին Մարգարիտա, այս տարի եւս բանակաշինության խնդիրներով մտահոգ հասարակական կազմակերպությունների շրջայցերը պաշտպանական բանակ եւ Հայաստանի զորամասեր եղել են հաճախակի, կրել են պարբերական բնույթ։ Մասնավորապես՝ Ձեր ղեկավարած խորհուրդը հնարավորություն է ունեցել դիտարկելու պաշտպանական բանակի գրեթե բոլոր զորամասերը՝ այդպես էր գրված պաշտպանության նախարարին ուղղված զեկույցում։ Ի՞նչ ձեռքբերումներ ու թերություններ եք արձանագրել շրջայցերի ընթացքում։

-Ես ցանկանում եմ խոսել փաստերով եւ իրավիճակը ներկայացնել համեմատության մեջ։ Մեր դիտարկմամբ՝ 2010-ին բանակաշինության առանցքային խնդիրը, նշանաբանը պաշտպանության նախարարի «Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» ուղեցույց-պահանջն էր։ Առհասարակ, նախարարը իր ուղերձներով սահմանում է տվյալ ժամանակահատվածում բանակաշինության առաջնահերթությունները եւ ընդգծում իր դիրքորոշումը։ «Հրամանատարը՝ զինվորի ավագ ընկեր» ուղերձով բանակի ղեկավարը շեշտեց, որ սպա-զինվոր հարաբերությունները դեռեւս խոցելի են, չեն հասել ցանկալի որակի եւ զորքերում ներքին փոխհարաբերությունները բարելավելու, զինվորին արժեւորելու, նրա իրավունքները հարգելու խնդիր դրեց։ Նախարարը զինվորի հանդեպ առանձնահատուկ ուշադրության, հոգատարության ու սրտացավության հորդոր հղեց բանակի սպայակազմին։

-Ձեր խոսքի հուզականությունից ու շեշտադրումներից ինքնին հասկանալի է, որ նախարարի ուղերձը Ձեր սրտով է։ Իսկ արդյունքնե՞րը… սպասելիքները արդարացա՞ն։

-Ուրախությամբ պիտի նշեմ, որ նախարարի ուղերձը զգոնության կոչեց սպաներին, ստիպեց վերանայել զինվոր-հրամանատար փոխհարաբերությունների տրամաբանությունն ու բարոյականությունը եւ էական առաջընթաց արձանագրեց միջանձնային հարաբերությունների ոլորտում։ 2011-ի շրջայցերի ժամանակ մենք նկատեցինք, որ սպաները իրենց ծառայական պարտականությունների կարեւոր բաղադրիչ են դիտում զինվորի ֆիզիկական եւ հոգեբանական պաշտպանվածությունը ապահովելու, առողջ, ինքնավստահ, մարտունակ զինվոր դաստիարակելու պարտականությունը։ Արդյունքը ակնհայտ էր. առանձին անհատական զրույցների ժամանակ զինվորների դժգոհությունները սպայակազմի վերաբերմունքից կտրուկ նվազել էին։

-Փոխարենը՝ աճել են սպաների դժգոհությունները, թե՝ ինչքան կարելի է զինվորի խաթրով գնալ։

-Պետք է ասեիք՝ որոշ սպաների դժգոհությունը։ Նրանք այն սպաներն են, որոնք շփոթում են խստությունը` կոպտության, հարգանքը` վախի հետ, ովքեր չեն գտել զինվորի սերն ու հարգանքը նվաճելու ճանապարհը, ովքեր չեն հասկանում զինվորի հոգեբանությունը։ 2011թ. շրջայցի ժամանակ մեր դիտարկմամբ բարոյահոգեբանական մթնոլորտը զորքերում բարվոք էր: Զինվորի ոգին նկատելիորեն բարձրացել էր։ Մենք 2010-ը բնութագրում ենք որպես հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների սերտացման եւ բանակում միջանձնային հարաբերությունների կատարելագործման տարի։

-Տիկին Մարգարիտա, խոսենք խնդիրներից։ Նախարարին ուղղված 2010-ի զեկույցում Ձեր ղեկավարած խորհուրդը խոսել էր մի քանի զորամասերում սննդի պահպանման տեխնոլոգիաների խախտման մասին։

-2010-ի շրջայցերի ժամանակ մենք սննդի պահպանման տեխնոլոգիաների խախտում հայտնաբերեցինք Ս. Սուրենյանի ղեկավարած զորամասում։ Անմխիթար վիճակում էր նաեւ բուժկետը, ինչից հետեւում է, որ ցածր էր բուժսպասարկման որակը։ Զորամասի հրամանատարը փոխվեց։ 2011-ի շրջայցի ժամանակ մենք տեսանք նորոգ եւ արդիական բուժսարքավորումներով հագեցած բուժկետ ու արձանագրեցինք սննդի պահպանման բարելավում։

Դրական տեղաշարժ կա Ա. Մելքումյանի ղեկավարած զորամասում։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է սպա-զինվոր փոխհարաբերություններին։ Անցյալ տարի այդ նույն զորամասում անբարեկարգ էր ճաշարանը եւ անմխիթար էին հիգիենիկ պայմանները։ 2011-ի ապրիլին վիճակը փոխված էր. ճաշարանը նորոգ էր, ուներ սննդի պատրաստման ու մատուցման համար բոլոր անհրաժեշտ պարագաները։ Սննդի որակը բարձր էր՝ հագեցած անհրաժեշտ բաղադրիչներով։

Փոփոխություններ կային նաեւ Ս. Գրիգորյանի ղեկավարած զորամասում, մասնավորապես` բարելավվել էր սննդի պահպանումը։

Շրջայցի ժամանակ եղանք ամենահեռավոր ու ամենաբարձր հենակետերում։ Դիրքային ծառայություն իրականացնող զինվորներն ապահովված էին որակյալ սննդով, ջրով, բարեկարգ կացարաններով, քնապարկերով։ Զինվորների ոգին ամուր էր, տրամադրությունը՝ բարձր։ Մեզ ուղեկցող երգ-պարի համույթի անդամները ելույթ ունեցան հենց դիրքերում, ուրախացրին սահման պահող զինվորին, բոլորը միասին քոչարի պարեցին։

-Շրջայցերի ժամանակ եղե՞լ եք այն զորամասում, որտեղ օրերս զինվոր սպանվեց, թերություններ հայտնաբերե՞լ եք, զգացել եք, որ բարոյահոգեբանական վիճակը, մեղմ ասած, պատշաճ մակարդակի վրա չէ, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

-Անկեղծ ասած` մեր շրջայցերի ժամանակ այդ զորամասում էական թերություններ չենք հայտնաբերել: Բանակում պետք է ամեն վայրկյան զգոն լինել, չթուլացնել հսկողությունը։ Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ օրենքի ողջ խստությամբ կպատժվեն բոլոր մեղավորները։ Արդեն կան ձերբակալվածներ։ Մենք վստահ ենք, որ սպաներին զգոնության կկոչի ոչ միայն պատժի անխուսափելիության միտքը, այլեւ կորստի մեծ ցավը եւ պատասխանատվությունը յուրաքանչյուր զինվորի հարազատների, մեր հասարակության եւ պաշտպանության նախարարության ղեկավարության առջեւ։

-Համակարգող խորհուրդը շրջել է նաեւ երրորդ բանակային զորամիավորման զորամասերում։

-Գեներալ-մայոր Լեւոն Երանոսյանի ղեկավարած զորամիավորումը լավագույններից մեկն է։ Մենք եղանք մի շարք զորամասերում։ Սոցհարցումները ցույց տվեցին, որ զինվորներին հասանելիք արձակուրդը տրվում է ըստ սահմանված գրաֆիկի։ Մի քանի ճաշարաններում հետազոտվեց ճաշի որակը, եւ արդյունքը դրական էր։ Ամբողջ հասանելիք սնունդը հասնում է զինվորին։ Ե՛վ ճաշարանները, ե՛ւ բաղնիքները նորոգված էին, զորանոցները բարեկարգ էին ու մաքուր։ Եղանք 2 հենակետում, ստուգեցինք զինվորների համազգեստը, քնապարկերի առկայությունը, ճաշի որակը։ Ամեն ինչ համապատասխանում էր հաստատագրված չափանիշներին։ Պաշտպանության նախարարը 2011-ի առաջին կիսամյակը հայտարարեց կարգապահության ամրապնդման շրջան։ Իրոք, կարգապահությունը բանակի ամենակարեւոր ձեռքբերումն է եւ օրինավոր ու մարտունակ բանակ ունենալու ամենամեծ երաշխիքը։ Լեւոն Երանոսյանի ղեկավարած զորամիավորման զորամասերում ամեն քայլափոխի զգացվում էր կարգապահության շունչը, կար ձգվածություն, զգոնություն։

-Եթե չեմ սխալվում, մշակութային ծրագիր եք իրականացրել եւ զինվորներին ժամացույցներ եք նվիրել նաեւ երրորդ զորամիավորման զորամասերում։

-Մեր հենակետերից լսվող խրոխտ երգի ձայնը հավանաբար հասնում էր ադրբեջանցիներին, հավաստելով, որ մենք ուժեղ ենք, հպարտ, անպարտելի։

-Տիկին Մարգարիտա, ինչո՞ւ են որոշ զինվորներ գուլպաներ եւ ներքնաշորեր խնդրում ծնողներից։ Մենք չունե՞նք բավարար չափով գուլպաներ եւ ներքնաշորեր զինվորների համար։

-Ծանոթ եմ խնդրին։ Իմ դիտարկմամբ՝ խնդիրը վերաբերում է գուլպաների եւ ներքնաշորերի որակին։ Դրանք, ելնելով զինվորի առողջապահական խնդիրներից, կարվում են բամբակյա գործվածքից, ինչը, լինելով առողջության համար օգտակար, դիմացկուն չէ, արագ է պատռվում։ Հավանաբար, ծնողները զինվորներին ուղարկում են արհեստական նյութերից պատրաստված ձգվող ու ամուր գուլպաներ եւ ներքնաշորեր։

-Եթե հավատանք ժողովրդի մեջ տարածված լուրերին, այս տարի զորակոչը կազմակերպվել է ավելի օրինավոր։ Նրանք, ովքեր հույս ունեին, թե կարող են իրենց զավակներին տեղավորել մոտակա զորամասերում, հուսախաբ են եղել։

-Զորակոչի օրինականությունը գնահատելիս մենք հետեւում ենք դիմում-բողոքների քանակին, որոնք վերաբերում են առողջական խնդիրներ ունեցող զինակոչիկների զորակոչին։ Մենք մասնակցել ենք զորակոչային հանձնաժողովի աշխատանքներին։ Դիմում-բողոքների մեծ մասին հանձնաժողովը արձագանքել է օպերատիվորեն՝ տեղում նշանակելով զինակոչիկների կրկնակի ստուգում, սակայն հիմնականում ծնողների մտավախությունները անհիմն էին, չպատճառաբանված։

-Ինչի՞ց են բողոքում զինվորների ծնողները ավելի հաճախ։

-Նվազել են միջանձնային հարաբերությունների հետ կապված բողոքները, այսօր մեր զինվորը ֆիզիկապես եւ հոգեբանորեն ավելի պաշտպանված է։ Հիմնականում դժգոհությունները վերաբերում են զինվորների առողջությանը։ Ծնողները պահանջում են ավելի սրտացավ վերաբերմունք իրենց զինվոր որդիների առողջական խնդիրների հանդեպ։

-Հասարակական կազմակերպությունների շրջայցերը շարունակվելո՞ւ են։

-Շուտով մեր խորհուրդը կայցելի եւս երեք զորամիավորում եւ պաշտպանական բանակ։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #35 (900) 08.09.2011 - 14.09.2011, Բանակ և հասարակություն


14/09/2011