ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2019թ. համագործակցության պլանի նախնական քննարկումներ
Նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի 2018թ. համագործակցության պլանի համաձայն Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ակադեմիական համանախագահ, պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն /Կանադա/:
Այցի նպատակը ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության պլանի վերաբերյալ նախնական քննարկումների անցկացումն էր:
Այցի շրջանակում Էռնեստ Բենոն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների և պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար հանդես է եկել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում օպերատիվ և ռազմավարական մակարդակի կրթության կազմակերպման և անցկացման վերաբերյալ դասախոսությունների շարքով:
♦♦♦
ՆԱՏՕ-ի փորձագետների հետ անցկացվել են մասնագիտական քննարկումներ
2018թ. համագործակցության պլանի համաձայն Հայաստան էին այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» և ՆԱՏՕ-ի Բարեվարքության հարցերով փորձագետները:
Այցի նպատակը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում զինվորական առաջնորդություն և էթիկա, պետաիրավական պատրաստություն առարկաների ուսումնական ծրագրերի կատարելագործման շուրջ մասնագիտական քննարկումների անցկացումն էր:
Նոյեմբերի 7-ին և 8-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվել են ՆԱՏՕ-ի փորձագետների և ՀՀ զինված ուժերի կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու համար ստեղծված ՊՆ աշխատանքային խմբի քննարկումները: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ զիված ուժերի կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը, մասնավորապես` ռազմաուսումնական հաստատությունների համապատասխան առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության վերաբերյալ թեմատիկ նյութերի ներդրման, ինչպես նաև գործընթացի ճանապարհային քարտեզի նախագծերը:
ՆԱՏՕ-ի փորձագետներն իրենց հերթին ներկայացրել են Դաշինքի անդամ երկրների ռազմաուսումնական հաստատություններում բարեվարքության ոլորտին վերաբերող ուսումնական առարկաների և դասընթացների ներդրման և անցկացման փորձը:
Այցի արդյունքներն ամփոփվել են փորձագետների խմբի հետ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հանդիպման ընթացքում:
Խորագիր՝ Նորություններ