Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՈԳԻԴ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ



ԵՐԲ ՈԳԻԴ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄԱրտավազդ Հակոբյան. ժամկետային զինծառայության ժամանակ սահմանել է Գինեսի ռեկորդ` «կամուրջ» դիրքում որովայնի վրա 17 վայրկյան պահելով 117 կիլոգրամանոց կշռաքարը:

 

-Արտավա՛զդ, Ձեր մարզական կենսագրությունը, անկեղծ ասած, փոքր-ինչ տարօրինակ էր. տասը տարեկանում սահմանել եք ռեկորդ ու գրանցվել «Դյուցազնագրքում», ապա զբաղվել եք մարմնամարզությամբ` նվաճելով զանազան մրցանակներ, դիպլոմներ, հետո փոխել եք մրցահարթակը՝ Ձեր ուժերը չափելով այս անգամ արդեն ըմբշամարտիկների հետ… Իսկ Ձեր սահմանած Գինեսի ռեկորդը ո՛չ մարմնամարզության հետ կապ ունի, ո՛չ էլ ըմբշամարտի…

-Հայրս մանկուց մարզել է ինձ: Նա նկատել էր իմ մարզական կարողություններն ու արտասովոր ֆիզիկական ուժը եւ ուզում էր, որ ես մեծ մարզիկ դառնամ: Հայրս իր երազանքով նաեւ ինձ էր վարակել: Իմ նպատակները միշտ էլ շատ համարձակ են եղել: Ու մի քիչ էլ փառասիրական: Ես ու հայրս միասին երազում էինք, թե ինչպես եմ ես հաղթում, ինչպես է հնչում Հայաստանի օրհներգ, ու բարձրանում Հայաստանի դրոշը, ինչպես են հայրենիքում դիմավորում ինձ` մարզական սխրանք գործած հերոսին:

-Ո՞ր մարզաձեւում պիտի մարզական սխրանք գործեիք:

-Դա այնքան էլ էական չէր, կարեւորը հաղթելն էր: Նույնիսկ չեմ կարող ասել` հայրս էր ինձ ներշնչել, թե ես այդ երազանքով էի ծնվել, բայց անընդհատ որոնումների մեջ էի: Ինը տարեկանում տասը հազարից ավելի փորի «պրես» էի անում, ահռելի մեքենաներ էի հրում: Հետո սկսեցի մարմնամարզությամբ զբաղվել, ճիշտն ասած, մարմնամարզությունը չսիրեցի: Երբ արդեն մեծ էի, հասկացա, որ ինձ ձգում են ֆիզիկական ուժով պայմանավորված մարզաձեւերը: Այ, ըմբշամարտը ուրիշ բան. այն սոսկ սպորտաձեւ չէ, փիլիսոփայություն է, խառնվածք է:

-Նման բան լսած չկայի ըմբշամարտի մասին: Գուցե բացատրեք, թե ոնց է ըմբշամարտը փիլիսոփայություն:

-Միայն ֆիզիկական ուժով հաջողության չես կարող հասնել ըմբշամարտի մրցագորգին, կարևորը՝ պիտի ուժդ ճիշտ կենտրոնացնես: Ըմբշամարտը սովորեցնում է, որ ցաքուցիր ուժը ոչինչ է: Ըմբշամարտը հնարքի արվեստ է, իմպրովիզի արվեստ է: Շատ կարեւոր է արագությունը. պահը բաց թողեցիր, տանուլ կտաս: Խոսքը կես վայրկյանի մասին է: Ըմբշամարտը կամքի, ոգու, տոկունության կռիվ է: Եթե անգամ մրցակիցդ ֆիզիկապես քեզնից ուժեղ է, դու չես պարտվի, եթե ոգիդ չի հանձնվում, եթե ուժդ հարվածում է ճիշտ պահին, ճիշտ ուղղությամբ ու հնարամտորեն: Ես պաշտում եմ ըմբշամարտը: Երազում էի օլիմպիական ոսկու մասին, ուզում էի աշխարհի չեմպիոն դառնալ:

ԵՐԲ ՈԳԻԴ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ-Իսկ ինչո՞ւ չդարձաք:

-Բազմաթիվ վնասվածքներ ունեի: Ապաքինվելու համար երկար ժամանակ էր պետք: Հետո զորակոչվեցի բանակ: Ու ես Արտավազդը չէի լինի, եթե իմ ծառայությունը «չնշանավորեի» ռեկորդով: Բայց այդ մասին ավելի ուշ: Ես Ձեզ ուզում եմ պատմել իմ ֆագոտի մասին:

-Ճի՞շտ հասկացա. Ձեր սերերից մեկը ըմբշամարտն է, մյուսը՝ ֆագոտը:

-Այո: 9Կ-111 հակատանկային ռեակտիվ համալիրը: Սա անպատմելի սիրուն զենք է:

-Սիրուն բառը ֆագոտի՞ն է վերաբերում:

-Այո՛: Գերճշգրիտ, ահարկու ֆագոտին, որը խփում է ճիշտ նշանակետին ու ավերում: Ես ջոկի հրամանատար էի: Վայրկյանների ընթացքում զենքը պիտի բերվի մարտական վիճակի: Հրթիռը տեղադրում է ջոկի զինվորը, կրակը դու ես կառավարում:

-Ասում են` վայրկյան է տեւում: Մարդը տեսնում է սլացող կուրացուցիչ կարմիր լույս, ու վերջ՝ թիրախը ոչնչացված է…

-Ես փայփայում էի ֆագոտս, այն միշտ մաքուր էր, փայլուն, ինչպես ասում են` պատրաստ մարտի:

-Լավ, Արտավազդ, եկեք խոսենք բանակում սահմանած Ձեր ռեկորդներից:

-Առաջինը ուսումնական զորամասում էր: Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն զորամասի ղեկավարությունը, զինվորներն ու սպաները, իմ ծառայակից ընկերները, այլև պաշտպանության նախարարը, գեներալներ, հյուրեր, իմ հարազատները: Դիրքում ես 23 վայրկյան որովայնիս վրա պահեցի 157 կիլոգրամ կշռող տղամարդուն, հետո չորսի փոխարեն երեք հենման կետով (մի ձեռքս օդում)17 վայրկյան փորիս վրա պահեցի 75 կգ.:

-Ապշեցուցիչ է: 157 կիլոգրամին փորի մկանները ո՞նց դիմացան:

-Այ, եթե Դուք տեսնեք, թե ինչպես էին ուրախացել ընկերներս, թե ինչ էր կատարվում դահլիճում, կհասկանայիք, որ մարդուն ընդամենը պետք է մեծ, շատ մեծ ցանկություն, մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է: Եթե դու մի անգամ ճաշակել ես ազնիվ հաղթանակի քաղցրությունը, էլ չես հրաժարվի դրանից: Ես այնքան ոգեւորվեցի, որ անմիջապես սկսեցի նախապատրաստվել Գինեսի ռեկորդին: Մենք հայտ ներկայացրինք, մեզ բացատրեցին Գինեսի ռեկորդների չափորոշիչները: Ու ես սկսեցի մարզվել: Գինեսի ռեկորդ սահմանեցի ռազմական համալսարանում. մարդուն փոխարինեց կշռաքարը: Իմ պատվին մեր օրհներգը չհնչեց, ոչ էլ Հայաստանի դրոշը բարձրացավ, բայց իր աշխատասենյակում ինձ պարգեւատրեց անձամբ նախարարը:

-Մի՛ տխրեք, որ ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն դառնալու Ձեր երազանքը չիրականացավ, փոխարենը` Դուք Գինեսի ռեկորդակիր եք, դա պակաս հաղթանակ չէ:

-Իսկ ո՞վ ասաց, որ ես հրաժարվել եմ օլիմպիական չեմպիոն դառնալու երազանքից: Վնասվածքներս ապաքինվել են, հիմա ես կարող եմ սկսել պարապմունքները:

SONY DSC

SONY DSC

-Այսքան տարիների ընդմիջումից հետո դժվար չի՞ լինի:

-Դուք չեք տեսել, թե ես ինչպես եմ մարզվում: Ինչպես եմ ինձ զրկում տարրական հաճույքներից` հանուն նպատակի: Ինչպես եմ անձնազոհաբար գնում դեպի հաղթանակ: Հաղթանակը գլխիդ ու հոգուդ մեջ է: Ես հրամայում եմ իմ մկաններին, ու դրանք պողպատ են դառնում:

-Արտավա՛զդ, Ձեզ հաղթանակ եմ մաղթում: Թող Ձեր պատվին հնչի Հայաստանի օրհներգը, ու Հայաստանի դրոշը բարձրանա բոլոր դրոշներից վեր:

Վերջում մի բան եմ ուզում հարցնել` քո ֆագոտը մասնակցե՞լ է մարտական գործողությունների, առիթ եղել է կրակելու:

-Ո՛չ: Բայց ես` արհեստավարժ ֆագոտիստս, միշտ պատրաստ եմ արագ հասնելու առաջնագիծ ու իմ գերճշգրիտ զենքով ավերակի վերածելու բոլոր այն թիրախները, որոնք սպառնում են իմ երկրի խաղաղությանը:

-Դուք նախկին զինվոր եք…

-Զինվորը երբեք նախկին չի լինում: Դու գնում ես բանակ, սովորում ես զինվորական մասնագիտությունդ ու դառնում հայրենիքի պաշտպան: Որ երբ հայրենիքիդ վտանգ սպառնա, անմիջապես նետվես սահման՝ թշնամուն իր բնում ոչնչացնելու…

-Ուզում էի հարցնել` որպես զորացրված զինվոր, ի՞նչ կասես սահման պահող տղաներին:

-Քո հողի վրա քեզ ոչ մի ուժ չի կարող հաղթել:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝  ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1267) 14.11.2018 - 20.11.2018, Ազգային բանակ, Մարզաշխարհ


15/11/2018