Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ



ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ«Մխրճված հակառակորդի ջախջախում, առաջնագծի վերականգնում, հարձակման զարգացում եւ բարենպաստ բնագծերի գրավում». պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ անցկացված մարտական հրաձգությամբ զորավարժության թեման էր: Մարտավարական զորավարժությունների գլխավոր ստուգատեսին հետեւում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Հայկական զինուժը հրետանիով, զրահատեխնիկայով եւ կրակային այլ միջոցներով ճնշեց հակառակորդին: Կարճ կրակահերթերով խոցվեցին նաեւ օդային նշանակետերը: Մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր: Դրանք նախագծվել եւ թողարկվում են Արցախի Հանրապետությունում, ունեն առաջադրված մարտական խնդիրը լիարժեք կատարելու անհրաժեշտ չափորոշիչներ: Ներգրավված ստորաբաժանումները հաջողությամբ եւ նախանշված ժամանակահատվածում կատարեցին առաջադրված խնդիրներն ու գրանցեցին բարձր արդյունքներ:

Զորավարժության պատշաճ իրականացումը մեկ անգամ եւս վերահաստատեց պաշտպանության բանակի մարտունակության բարձր աստիճանն ու հնարավոր ագրեսիային արժանի հակահարված հասցնելու պատրաստակամությունը: Զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Գրիգորյանը նշեց. «Զորավարժությունն անցկացվել է բարձր մակարդակով, կրակային խոցման նախնական տվյալները 80 տոկոսից բարձր են»:

ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԱԿԱՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄՏարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակը ընդգրկված ուժերի եւ միջոցների մարտական ներդաշնակությունը կատարելագործելն էր, զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման պլանների իրատեսությունը, նոր հաստիքապաշտոնային կառուցվածքի պայմաններում զորքերի մարտական կիրառման արդյունավետությունն ստուգելը: ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ընդգծեց. «Մենք ոչ թե սահմանափակվել ենք պաշտպանական մարտով, այլ զորավարժության մտահղացմամբ սահմանված էր նաեւ հակահարձակողական օպերացիա՝ ըստ ընտրված ուղղությունների: Եվ այդ գործողությունների նախապատրաստական, կազմակերպչական միջոցառումները գոհացնող  են»:

Նոյեմբերի 6-ից 10-ը չորս փուլով անցկացված զորախաղերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարների եւ կառավարման մարմինների գործնական ունակությունների բարձրացման եւ ժամանակակից մարտում ստորաբաժանումների, զորատեսակների ու ծառայությունների միջեւ նպատակային փոխգործակցության իրականացմանը: Զորավարժության ավարտին նախագահ Բակո Սահակյանն ընդգծեց, որ բանակաշինությունը, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են ու կմնան պետության կարեւորագույն խնդիրները, եւ հետեւողական աշխատանքներն այս ուղղությամբ շարունակվելու են:

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՅԱՆ

Խորագիր՝ #20 (1267) 14.11.2018 - 20.11.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/11/2018