Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ



ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸՆոյեմբերի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի մամուլի ասուլիսը: Ինչպես հանդիպման սկզբում նշեց պարոն Տոնոյանը, ասուլիսի նպատակը մինչև նախընտրական քարոզարշավի սկիզբը լրատվամիջոցներին հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ տալն է: Ասուլիսից հետո, մինչև «լռության փուլի» ավարտը, պաշտպանության նախարարը պաշտոնապես չի պատասխանելու պաշտպանական ոլորտին վերաբերող որևէ հարցադրումի: «Սա մեզ համար սկզբունքային դիրքորոշում է»,- նշեց պաշտպանության նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով շվեդական JAS-39 Gripen կործանիչների ձեռքբերման մասին շրջանառվող լուրերին՝ Դավիթ Տոնոյանն ասաց. «Որևիցե որոշում շվեդական JAS-39 Gripen կործանիչների վերաբերյալ այս պահին չկա: Առկա է մի այլ առաջարկ` այլ գործընկերոջ կողմից»: Նա նաև նշեց, որ ընտրությունն արդեն կատարված է, և այժմ ճշգրտվում են որոշակի ֆինանսատեխնիկական հարցեր, ընդգծեց, որ ՀՀ ԶՈԻ ավիապարկը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում թարմացվի:

Հարց հնչեց վերջերս տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետևանքով ժամկետային զինծառայողներ զոհվեցին: Ի՞նչ փուլում է գործի քննությունը, կա՞ն արդյոք պատժվածներ, պաշտպանության նախարարությունը նման դեպքերը կանխարգելելու ուղղությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Ցավակցելով զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու բարեկամներին՝ պարոն Տոնոյանը մասնավորապես ընդգծեց. «Ինձ համար սա մեծ ողբերգություն է: Մեծ ցավ է նաև ՊՆ ղեկավար կազմի, հրամանատարության և զոհված զինծառայողների զինակից ընկերների համար»: Ինչ վերաբերում է ավտոպարկի համալրմանը, Դավիթ Տոնոյանը նշեց, որ վերջինս փոփոխվում է ըստ հնարավորությունների, թարմացումն ու մատակարարումն ընթանում են ըստ ժամկետների, և որ անձնակազմերի տեղափոխումները դրանք կազմակերպող ծառայության մշտական ուշադրության կենտրոնում են: «Եթե հայտարարվեց, որ տեխնիկական խնդիրն է եղել պատճառը, դրանից պետք չէ հետևություն անել, թե դա հենց շրջված մեքենային է վերաբերում: Եղել է վթարի առաջացման պայման, որի հետևանքն է եղել ավտովթարը,-պարզաբանեց Դավիթ Տոնոյանը:-Իսկ թե դեպքն ինչպես է պատահել, պարզ կլինի ծառայողական քննության ավարտին»:

Այն հարցին, թե ինչո՞ւ են ժամկետային զինծառայողները վարում մեքենաները, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ մեքենաների և վարորդ պայմանագրայինների թիվն անհամամասն է: Դա  լրացվում է ժամկետայիններով, մի բան, որ միշտ էլ եղել է: Նախարարի պաշտոնակատարը հավելեց նաև, որ մոտ ժամանակներս ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու հարցը լիովին լուծել հնարավոր չէ:

Անդրադառնալով զինծառայողների աշխատավարձերի հնարավոր բարձրացմանը վերաբերող հարցին՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ նախատեսված չէ աշխատավարձի բարձրացում: «Փոխարենը՝ նախատեսված է պաշտպանության նախարարության խնայողությունների հաշվին, հավելումների միջոցով, որոշակիորեն լուծում տալ զինծառայողների եկամուտի բարձրացման խնդրին: «Մենք ունենք այս հնարավորությունը, և այս դեպքում առաջնահերթությունը տրվում է մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողներին»:

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸԻնչ վերաբերում է սոցիալական երաշխիքներին, մասնավորապես՝ բնակարանների տրամադրմանը, Դ. Տոնոյանը նշեց, որ ՊՆ ծառայողական ֆոնդից մոտ 1400 բնակարան կսեփականաշնորհվի: Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ 122 բնակարան՝ որպես սեփականություն, փոխանցվել է կարիքավոր զինծառայողներին։ Այդպիսով կլուծվի թոշակի անցած զինծառայողների մոտ 1/3-ի հարցը:

Խնդրի լուծման մյուս տարբերակը հիփոթեքն է, որը մատչելի կլինի զինծառայողների համար: Դա վերաբերելու է ոչ միայն երիտասարդ զինվորականներին, այլև նրանց, ովքեր ծառայել են 10-20 տարի և կարիքավորների հերթում են: Նրանց խնդիրը կլուծվի առաջնահերթության կարգով:

Ինչ վերաբերում է քաղծառայողներին, ապա վերջիններիս համար նման երաշխիք չկա: Խոսքը չի վերաբերում այն քաղծառայողներին, որոնք ժամանակին զինծառայություն անցնելով՝ զորացրվել են և դրանից հետո անցել քաղծառայության: Նրանց պայմանները նույնն են, ինչ զորացրված զինծառայողներինը: Նախարարն ընդգծեց, որ բոլոր այս աշխատանքներն անցկացվելու են արդարության և լիարժեք թափանցիկության սկզբունքով:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաև վերջերս շատ քննարկվող՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված օպերատիվ կապի խնդրին: Արդյոք այս կապը գործո՞ւմ է նաև հրամանատարների մակարդակով:

Օպերատիվ կապը, ըստ Դավիթ Տոնոյանի, այժմ գործում է անխափան՝ Դուշանբեի պայմանավորվածություններին համապատասխան: Դրա համար նշանակված են հատուկ պաշտոնյաներ թե՛ ՀՀ-ում և թե՛ Ադրբեջանում: Տեղեկություններն ստացվում են երկուստեք: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ինքը հրամանատարների միջեւ կապի հաստատումը դեպքերի կանխարգելման շատ հզոր միջոց է համարում, Մինսկի խմբի համանախագահների առջև բարձրացվել  է դրա նպատակահարմարության հարցը:

Վերջերս ադրբեջանական դիրքերն առաջ տալու և հակառակորդի նշանառության տակ եղած հայկական գյուղերի վերաբերյալ հաճախ շրջանառվող լուրերի մասին Դավիթ Տոնոյանը մասնավորապես ասաց. «Որպես պաշտպանության նախարար՝ պաշտոնապես հայտարարում եմ, որ նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել»,  ինչպես իրենք են պնդում: Տարածքը, որի մասին խոսվում է, միջդիրքային տարածքն է, որը որոշ հատվածներում իրոք կրճատվել է:  Հաշվի առնելով այդ առաջխաղացումը՝ մենք դիմել ենք որոշակի միջոցների, որ չեզոքացնենք հնարավոր առավելությունները: Այդ գործողությունները հաջողությամբ կատարվել են, և մենք բարենպաստ դիրքեր ենք գրավել»:

Ինչ վերաբերում է «1000+» նախագծի շարունակականությանն առնչվող հարցին, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ այս նախագիծը շատ հաջողված է համարում: Այժմ փոխհատուցում է տրամադրվում նաև 2015-2016թթ. զոհված, վիրավորված և հաշմված զինծառայողների ընտանիքներին: Իսկ ակտուարական հաշվարկների արդյունքում, ըստ պարոն Տոնոյանի, հնարավոր կլինի փոխհատուցում տրամադրել նաև 2014, 2013թթ.  զինծառայողներին:

Հարց  հնչեց նաև այս տարի պաշտպանական բյուջեի կտրուկ աճի վերաբերյալ, և թե հիմնականում ո՞ր ուղղություններով է այն ծախսվելու. վարկերի մարմանն ուղղված լինելո՞ւ է, թե՞ ոչ: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ վարկերի մարման նպատակով ՊՆ բյուջեից տրամադրվելու է շուրջ 45 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ինժեներական աշխատանքներին, ապա դրանք կատարվում են թե՛ զինվորական կառույցների, ենթակառուցվածքների բարելավման ու թե՛ նորերի շինարարության ուղղությամբ: Որոշ գումար է նախատեսված բնակարանաշինության, նաև զինհաշմանդամների, զոհվածների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար:

Անդրադարձ եղավ նաև ՊՆ Վ. Սարգսյանի անվ. ռազմական և Ա. Խանփերյանցի անվ. ռազմաավիացիոն համալսարանների միավորման խնդրին: Դ. Տոնոյանը նշեց, որ ենթակառուցվածքների հետ կապված խնդրի պատճառով այս նախագիծն այժմ կասեցված է:

«Սննդի կազմակերպման հարցում գնալու ենք «աութսորսինգի»,-նշեց նախարարի պաշտոնակատարը,-այսինքն՝ սննդի հարցը կազմակերպելու են մասնավոր կազմակերպությունները: Ինչ վերաբերում է հագուստին, որոշված է մի քանի լավագույն արտադրողների ներգրավել որակյալ ներքնաշորերի արտադրության մեջ: Առաջին խմբաքանակն արդեն իսկ պահեստներում է,- նշեց  պարոն Տոնոյանը,- կրճատվել է նորմայով հատկացվող քանակը, բայց փոխարենը՝ բարձրացել է դրանց որակը: Մեր զինծառայողներն այսուհետև պետք է իրենք լվանան հագուստը կամ էլ վստահեն լվացքատներին, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում: Պետությունն իր պարտավորությունն այս դեպքում կատարում է՝ ապահովելով որակյալ և բավարար քանակի ներքնաշոր»:

Անդրադարձ եղավ նաև հայրենական՝ մասնավորապես՝  արցախյան արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերին, որոնք  փորձարկվել են զորավարժությունների ընթացքում: «Արդյոք դրանք արդեն ներառվա՞ծ են մեր ԶՈՒ սպառազինության մեջ»՝ հարցին նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Այո՛, և այն քանակությամբ, որ վտանգ ներկայացնեն հակառակորդի համար»: Բացի այդ, կան բազմաթիվ այլ տեղական ռազմարդյունաբերական նմուշներ, որոնք արդեն իսկ գիտահետազոտական փուլից մտել են արտադրություն: Սա վերաբերում է նոր տեխնոլոգիաներով գերճշգրիտ զինատեսակներին:

Մեր հումանիտար զորախմբի Սիրիա մեկնման վերաբերյալ նախարարի պաշտոնակատարը նշեց. «Այս պահին նյութատեխնիկական որոշակի խնդիրներ կան, որոնց լուծումից հետո խումբը կմեկնի Սիրիա: Այս ծրագիրը միտված է նաև Սիրիայի բնակչությանն աջակցելուն, հայ համայնքի և հայկական մշակութային կոթողների պաշտպանությանը»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1267) 14.11.2018 - 20.11.2018, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/11/2018