Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎԱԾ ՆԱԵՎ ԳԻՏԵԼԻՔՈՎ



ԶԻՆՎԱԾ ՆԱԵՎ ԳԻՏԵԼԻՔՈՎ«Հայ ասպետ» հեռուստախաղն արդեն մի քանի տարի է՝ մուտք է գործել բանակ: Զորամասերում գործում են «Հայ ասպետ» կրթամշակութային ակումբներ, որոնց նպատակն է խթանել կրթամշակութային աշխատանքները զինված ուժերում, ընդլայնել զինծառայողների հետաքրքրությունների, նախասիրությունների բավարարման հնարավորությունները, նպաստել հայրենագիտական եւ իրավական գիտելիքների տարածմանը, ազգային հոգեկերտվածքի եւ իրավական աշխարհայացքի ձեւավորմանը:

Նոյեմբերի 10-ից 11-ը «Հայ ասպետ» համաբանակային հեռուստախաղի կիսաեզրափակիչ փուլն է: Նախնական փուլում 41 մասնակից թիմերից կիսաեզրափակիչ են անցել առավելագույն միավորներ հավաքած 9 թիմերը:

 

-Ո՞րն է Չանշանյան մարտավարությունը,-հնչում է հերթական հարցը:

-Ըստ չինացի ռազմական տեսաբան եւ փիլիսոփա Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» գրքի՝ Շուայժանը Չանշան լեռների օձն է, երբ նրա գլխին են հարվածում, նա գրոհում է պոչով, երբ հարվածում են պոչին, գրոհում է գլխով, իսկ երբ հարվածում են նրա իրանին, ապա նա գրոհում է ե՛ւ գլխով, ե՛ւ պոչով:

-Ի՞նչ է թարգմանաբար նշանակում ֆաշիզմ բառը:

-Ճյուղերի կապուկ, խուրձ:

-Ի՞նչ է նշանակում պարտիզան բառը

-Կուսակից…

Հնչում են սպառիչ եւ հիմնավորված պատասխաններ. զինվորները բավականին լավ պատրաստված են, աշխատում են արագ եւ անսխալ պատասխանել:

Իսկ հարցաշարը տարբեր բնագավառներից ու թեմաներից է, բավականին ընդգրկուն՝ գրականություն, պատմություն, աշխարհագրություն, նշանավոր զորավարներ, լեռնային մարտավարություն, հարեւան երկրներ, զինատեսակներ, հայրենագիտություն, ազգի պատմություն եւ մշակույթ… Նախապես զորամասերին տրամադրվել է համապատասխան մեթոդական գրականության, դիդակտիկ նյութեր, որպեսզի զինվորները ուսումնասիրեն տրամադրված նյութերն ու լիարժեքորեն նախապատրաստվեն:

Ճեպախաղ, ավագների խաղ, ռազմական երգեր. հեռուստամրցախաղի ամեն փուլ յուրովի բացահայտում է մեր զինվորների իմացությունն ու շնորհները:

N զորամասի թիմի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Մելքոնյան. «Հայ ասպետ» մրցախաղը բանակային առօրյան դարձնում է առավել հագեցած, հետաքրքիր ու բազմաբովանդակ: Մեր զորամասի ակումբում առանձին սենյակ ունենք, որտեղ մեր գիտելիքների զարգացմանն օժանդակող ամեն պայման առկա է:

-Այս խաղի միջոցով հարստացնում եւ ընդլայնում ենք մեր գիտելիքների պաշարը տարբեր ասպարեզներում, ծանոթանում ենք խելացի եւ գիտակ երիտասարդների հետ, նոր ընկերներ ձեռք բերում,-մեկմեկու լրացնելով՝ շարունակում են թիմի ավագներ՝ շարքային Գոռ Սարոյանն ու Նարեկ Մակարյանը: «Հայ ասպետը» ինքնակրթվելու եւ զարգանալու հնարավորություն է ընձեռում,- հավելում է Գեւորգյան հոգեւոր ճեմարանն ավարտած կրտսեր սերժանտ Պողոս Մամիկոնյանը:

Սերժանտ Յուրի Սարգսյանն էլ «Հայ ասպետ» հեռուստախաղին արդեն երկրորդ անգամ է մասնակցում: Բանիմաց, բազմակողմանի զարգացած երիտասարդը մինչ բանակ զորակոչվելը մասնակցել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստանախագծին, հասել մինչեւ վերջնախաղ:

-Շուտով զորացրվելու եմ, «Հայ ասպետին» մասնակցությունս ծառայությանս, բանակային կյանքիս լավագույն հիշողություններից մեկը կլինի: Հայ զինվորն ապացուցում է, որ ոչ միայն լավ մարտիկ է, այլ նաեւ բազմագիտակ: Գիտելիքով զինված զինվորն անպարտելի է:

…Խաղն ավարտվում է, վերջնափուլ են անցնում առավելագույն միավորներ հավաքած երեք թիմերը: Անցյալ տարի համաբանակային հեռուստախաղը հետաքրքիր ավարտ ունեցավ՝ եզրափակիչ մրցափուլ հասած երեք թիմերն էլ հավասար միավորներ ձեռք բերեցին եւ կիսեցին հաղթանակը:

Նոյեմբերի 25-ին կորոշվի այս տարվա հաղթող թիմը:

Իսկ մինչ այդ՝ մասնակից թիմերը խրախուսվում են տարբեր նվերներով եւ ժամացույցներով, որոնց վրա Հայաստանի պատմական 12 մայրաքաղաքների նկարներն են…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (1268) 21.11.2018 - 27.11.2018, Բանակ և հասարակություն


22/11/2018