Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԱՆԿ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՀՈՂ



(պատառիկներ օրագրից)

 

ԹԱՆԿ ՈՒ ՀԱՐԱԶԱՏ ՀՈՂԶինվորական ամենագնացը մեծ արագությամբ սլանում է դաշտերով, խորդուբորդ ճանապարհներով, իսկ հետևից թողած հողե փոշին բարձրանում է վերև և ձուլվում երկնքին: Մեքենան թեքվում է դեպի մոտակա դիրքը: Գետնատնակի վրա մեծ, սև տառերով գրված է. «ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ»: Փոքրիկ պարտեզն է՛լ ավելի է գեղեցկացնում գետնատնակի տարածքը: Մոտենում ենք դիրքապահ տղաներին, ողջունում, հետաքրքրվում նրանց որպիսությամբ, այնուհետև փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի և մայոր Արմեն Մանասյանի ուղեկցությամբ առաջանում դեպի խրամատները: Հրամանատարները ցուցումներ են տալիս, զինվորները՝ պատասխանատվությամբ ու պատվով իրենց պարտականությունները կատարում: Հպարտությանս չափ-սահման չկա: Քայլում եմ լավագույն սպաների կողքով, քայլում եմ վստահ՝ քաջ գիտակցելով, որ թիկունքս ավելի ամուր պաշտպանված է: Փշալարերից այն կողմ լռություն է. դեղնականաչավուն դաշտերի միջով ձգվում են հակառակորդի օձագալար դիրքերը: Մենք ամենաբարձր կետում ենք. տեսանելի է ողջ առաջնագիծը: Փոխգնդապետ Հովսեփյանը երկու պատերազմներում թրծված լավագույն սպաներից է, իր մարտական ծառայության ընթացքում 17 ադրբեջանական տանկ է խոցել, եղել է Մոնթեի զինվորը, արժանացել «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների: Փոխգնդապետը ցույց է տալիս այն տարածքները, որտեղով անցել է լեգենդար հրամանատարը` ԱՎՈՆ, հպարտությամբ պատմում նրա կյանքի դրվագները, որոնցից յուրաքանչյուրը լի է հերոսական շնչով, հաղթանակներով: Մի պահ ինձ թվում է ՝ Ավոն ներկա է, կարծես լսում եմ նրա ձայնը. «Ասիգա մերը պիտի ըլլա… »:

***

Վերադառնում ենք կացարան: Դիրքապահ տղաները մեզ համար սուրճ են պատրաստել՝ ամենահամեղն աշխարհում, որը վայելելուց հետո հրաժեշտ եմ տալիս տղաներին, անփորձանք ծառայություն մաղթում: Զինվորական ամենագնացը մեզ տեղափոխում է հաջորդ դիրք: Մայոր Մանասյանը ցույց է տալիս այն տարածքը, որտեղ 1996թ. ականի պայթյունից զոհվել է իր եղբայրը` հետախույզ Արտակ Մանասյանը: «Եղբորս վերջին անգամ տեսա 1995 թ.-ին, երբ ժամկետային ծառայության էի անցել: Նորակոչիկ էի, եկան, ասացին՝ հսկիչ անցագրային կետում ինձ սպասող կա: Չէի պատկերացնում, թե ով է լինելու: «Եկել եմ, որ միասին նշենք Նոր տարին». կարծես եղբայրս զգացել էր ինչ-որ բան, հորդորում էր, որ միշտ մեր ծնողների կողքին լինեմ: Ամանորից հետո ես վերադարձա ծառայության, Արտակը՝ Արցախ: Եղբորս այլևս չտեսա, 1996 թ. հոկտեմբերի 30-ին եղբայրս իր վերջին մարտական առաջադրանքը կատարեց: Արտակի և զինակիցների համար դա վերջին սխրանքն էր, վերջին մարտը…»: Մայորի աչքերը դեռ երկար շարունակում են «խոսել» եղբոր մասին, կարոտի, հպարտության և եղբայրական սիրո մասին: Եղբոր կիսատ գործը նա է շարունակում՝ 19 տարի շարունակ անձնվիրաբար ծառայելով հայրենի Արցախին:

***

Այն դիրքում ենք, որտեղ ընկել է Գինեսի ռեկորդակիր Արտակ Ռաֆայելյանը: Զինվոր տղաներին ողջունելուց հետո մայոր Մանասյանը ինձ ուղեկցում է գետնատնակի տարածքում գտնվող հուշաքարի մոտ: Դիմացի բլուրի վրա ճերմակ քարերով հավատի խաչն է, իսկ ներքևում սև քարի վրա սպիտակ տառերով գրված է «Արտակ»:

«Ամեն մի թիզ հող պահում ենք մեծ պատասխանատվությամբ և պատվով»,- իր խոսքում նշում է մայորը:

***

Ես վերադառնում եմ Արցախից՝ սարերի ու լեռների հետևում թողնելով ամենաթանկը` հայրենիքիս սկիզբը: Այնտեղ ամեն մի թիզ հողը անգին գանձ է… Այնտեղ ամեն ինչ ուրիշ է, կյանքն է ուրիշ՝ ավելի պարտավորեցնող: Ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա առաջնագիծն է` մեր բոլոր հայրենիքի սկիզբը, որտեղ հայ սպան ու զինվորը ամեն բացվող օր արյունով ու քրտինքով կերտում են հայրենիքի խաղաղությունն ու անվտանգությունը:

Տանը որդիներս են ինձ սպասում, մեր թանկ ու հարազատ հողի վաղվա պաշտպանները…

ԱՐՄԻՆԵ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

Խորագիր՝ #22 (1269) 28.11.2018 - 4.12.2018, Բանակ և հասարակություն


29/11/2018