Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԻ՛Ր ՎԱԽԻԴ



ՀԱՂԹԻ՛Ր ՎԱԽԻԴՊՆ ԿԿ ԶՀ վիրաբուժության բաժանմունքի պետ, բժշկական գիտությունների թեկնածու, փոխգնդապետ Սևակ Շահբազյանը ծնվել է 1982թ. Երևանում, զինվորականի ընտանիքում:

-Հայրս բարի, խաղաղ մարդ էր, եւ զինվորական համազգեստը իմ մտապատկերում նույնանում էր սիրո ու մեղմության հետ, մանավանդ` մորս համեմատությամբ, որը կուսակցական գործիչ էր` խիստ, կանոնիկ, կարգապահ, և անձամբ էր զբաղվում իր երեխաների դաստիարակությամբ Ու երես չէր տալիս նրանց: Այդպես էր մինչեւ պատերազմը: Հետո հորս համազգեստի փափուկ կանաչը «խաթարվեց» ինչ-որ խառնիխուռն գծերով ու ներծծվեց ծխի, վառոդի տարօրինակ հոտով:

Ես ինը-տասը տարեկան էի, երբ Արցախյան պատերազմն սկսվեց: Հայրս շաբաթներով տուն չէր գալիս, հետո վերադառնում էր լարված, անժպիտ, ջղաձիգ: Երբ հորս ընկերները հավաքվում էին, ես հեռվից ականջ էի դնում նրանց զրույցին: Հայրս ասում էր. «Ադրբեջանցիները բազմապատիկ շատ են, իսկ վախը մեր առաջին թշնամին է: Պետք է զինել մարդկանց: Ու թշնամու վրա կրակելուց առաջ պիտի կրակել սեփական վախի վրա»:

Սեւակ Շահբազյանը ավարտել է Սիամանթոյի անվան միջնակարգ դպրոցը: Ապա Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը և նույն ֆակուլտետի ինտերնատուրան՝ երկուսն էլ գերազանցությամբ:

-Ոչ ոք չէր սպասում, որ ես բժիշկ կդառնամ: Դա ամենաանհավանական ընտրությունն էր մի տղայի համար, որի մարմնի բազմաթիվ սպիները մի-մի «հերոսական» պատմության հետեւանք էին, ու որի «քաջագործությունների» մասին դպրոցում գիտեին բոլորը:

Ռազմաբժշկական ֆակուլտետում սովորելիս ես տենդագին ինչ-որ բան էի որոնում, թերեւս` եռանդս ծախսելու ավելի սիրելի ու սրտամոտ մի գործ: Ֆակուլտետի ուսխորհրդի նախագահն էի, ու մեկը մյուսին հաջորդող բազում ձեռնարկումների հետ անգամ թերթ էինք հրապարակում՝ «Կուրսանտ» անվանումով: Մի խոսքով, ամեն ինչ անում էի, բացի սովորելուց: Մինչեւ առաջին անգամ մտա վիրահատարան: Դա անպատմելի զգացողություն էր: Բառերով չեմ կարող նկարագրել: Ես ականատես էի բժշկի եւ մահվան պատերազմին` հանուն մեկի կյանքի: Ու բժիշկը հաղթեց: Նա այլեւս սովորական մարդ չէր ինձ համար: Այդ օրվանից բոլոր մնացած գործերը մղվեցին հետին պլան, ես սկսեցի սովորել գերազանց գնահատականներով, բուհն ավարտեցի գերազանցությամբ, «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով:

ՀԱՂԹԻ՛Ր ՎԱԽԻԴԻմ առաջին ինքնուրույն վիրահատությունն արել եմ ինտերնատուրայում սովորելիս: Կենտրոնական հոսպիտալում հրաշալի վիրաբույժներ կային, որոնք, հակառակ բոլոր ջանքերիս, ամիսներ շարունակ ինձ չէին վստահում: Ես առավոտից իրիկուն հոսպիտալում էի, խնդրում էի թույլ տալ որպես չորրորդ. հինգերորդ ասիստենտ մասնակցել վիրահատությանը, բայց… ապարդյուն: Մի անգամ ճարահատյալ համաձայնեցին, որ ես փոխարինեմ բացակայող ասիստենտին: Ամեն ինչ արեցի, որ օգտագործեմ միակ հնարավորությունս ու շահեմ վիրաբույժների վստահությունը: Ու հաջողեցի: Մի քանի ամիս անց ինձ կույրաղիքի ինքնուրույն վիրահատություն վստահեցին: Բնականաբար, փորձառու վիրաբույժները հետեւում էին յուրաքանչյուր քայլիս, բայց, այդուհանդերձ, դա ահռելի պատասխանատվություն էր, անսահման հուզում ու անբացատրելի վայելք:

2006թ. ծառայության է նշանակվել զորամասում որպես բուժկետի պետ: Այնուհետև ծառայությունը շարունակել է Մեխակավանի (Ջեբրայիլ) հոսպիտալում որպես վիրաբույժ:

-Բոլորի կյանքում էլ կան դրվագներ, որոնք երբեք չեն մոռացվում, դաջվում են հիշողության մեջ ու հուզաշխարհում: Մեքենան ինձ տանում էր Մեխակավան (Ջեբրայիլ): Դանդաղ շարժվում էր ամայի տարածքներով, ուր շուրջբոլորը միայն փլված տներ էին` ո՛չ մի մարդ, ո՛չ մի կենդանի շունչ: Հետո մի շենք նկատվեց, կողքին՝ մանկապարտեզ հիշեցնող մի ուրիշ շինություն: Պարզվեց՝ առաջինը զորամաս է, կողքինը` հոսպիտալ: Ես անասելի ընկճված էի: Խանդավառությունը հետո պիտի գար, երբ դառնայի հոսպիտալի ամուր ու համերաշխ ընտանիքի անդամը, երբ տեսնեի նրանց անհավանական նվիրումը իրենց գործին, առաջնագծում ծառայող զինվորին, սպային, մերձակա գյուղերի բնակչությանը, յուրաքանչյուր հիվանդին: Երբ հասկանայի, թե ինչ դժվար, բայց բարդ ու պատվաբեր է զինվորական բժշկի կոչումը: Տնից-տեղից կտրված զինվորական բժիշկները, բոլոր վայելքներից հեռու, անգամ ապրելու տարրական հարմարություններ չունենալով, գիշերը ցերեկ դարձրած՝ կռիվ էին տալիս սահման պահող զինվորի կյանքի ու առողջության համար: Եվ ես դարձա նրանցից մեկը:

….Մի դեպք հիշեցի: Երեսուն տարեկան էլ չկայի այդ ժամանակ: Հրազենային ծանր վիրավորում ստացած զինվորի վերքերը բազմաթիվ էին, զարկերակը մարած էր, ու փրկության հույս գրեթե չկար: Ես մենակ էի վիրահատարանում, մենակ՝ գրեթե պարտված կյանքի ու տիրական մահվան արանքում: Ու հանկարծ հիշեցի հորս՝ գնդապետ Սանասար Շահբազյանի խոսքերը՝ թշնամու վրա կրակելուց առաջ պիտի սեփական վախիդ վրա կրակես:

Մի շատ բնորոշ արտահայտություն կա՝ կենաց-մահու կռիվ, և դու այլևս չես նժարում ուժերը, բացառում ես քո պարտությունը ու պայքարում մինչև հիվանդիդ սրտի վերջին զարկը:

Սահմանամերձ հոսպիտալում ծառայելու տարիները իմ ամենալուրջ փորձառությունն են, ամենաջերմ հիշողությունները, ամենամեծ հպարտությունը:

2012թ. ավարտել է օրդինատուրան և նշանակվել ՊՆ կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի ավագ օրդինատոր: 2014թ. ծառայության է անցել որպես նույն բաժանմունքի պետ: 2017-ին պաշտպանել է թեկնածուական թեզը:

ՀԱՂԹԻ՛Ր ՎԱԽԻԴ-Երբ ինձ նշանակեցին ՊՆ կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, ընդամենը 32 տարեկան էի: Դա մեծ պատիվ էր ու ավելի մեծ պատասխանատվություն: Ես լարեցի ամբողջ ուժերս, ներդրեցի ամբողջ եռանդս, որ փառքով դուրս գամ այս փորձությունից եւս: Առանց կեղծ համեստության կասեմ, որ հաջողել եմ: Իմ ամենամեծ ձեռքբերումը վիրաբուժության բաժանմունքի անձնակազմի բացառիկ նվիրումն է սեփական գործին: Այսպիսի սեր ու սրտացավություն հիվանդի հանդեպ դուք ոչ մի քաղաքացիական կլինիկայում չեք տեսնի:

Իսկ հաջորդ ձեռքբերումը մեր անձնակազմի մասնագիտական բարձր պատրաստվածությունն է: ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքում արվող մի շարք լապարասկոպիկ վիրահատություններ հասու են հանրապետության եզակի կլինիկաների եւ եզակի վիրաբույժների:

Ես պաշտպանեցի թեկնածուական թեզը ու արդեն մտածում եմ դոկտորականի մասին: Ես եւ մեր բաժանմունքի բոլոր վիրաբույժները փորձում ենք անմասն չմնալ համաշխարհային բժշկական նորարարությունից, որը կօգնի՝ մեր հիվանդներին տրամադրելու ավելի բարձրորակ բուժօգնություն: Նպատակ ունենք կենտրոնական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքը դարձնել լավագույնը հանրապետությունում: Մենք ունենք այդ ներուժը: Այդ պատվախնդրությունը:

 

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

-Ապրիլյան պատերազմի մասին շատ է խոսվել: Իրավամբ փառաբանվել է հակառակորդի ճանապարհը փակած մեր զինվորի ու սպայի սխրանքը: Ես ուզում եմ զինվորական բժիշկների մասին պատմել:

Ապրիլի 2-ին, ժամը 6-ի կողմերը զանգեցին, թե՝ անձնակազմդ շտապ հավաքիր հոսպիտալում: Մտածեցի` դիվերսիոն հարձակում է եղել, վիրավորներ կան: Հետո, երբ արդեն բոլորս հոսպիտալում էինք, ասացին, որ անհրաժեշտ է երկու վիրաբույժի ուղղաթիռով շտապ ուղարկել առաջնագիծ: Բնականաբար, պատրաստվում էի ինքս գնալ, բայց թույլ չտվեցին, ասացին, որ ես պիտի մնամ հոսպիտալում, քանի որ շուտով կսկսվի վիրավորների հոսքը: Երբ վիրաբույժներին հարցրի, թե ով կամավոր կգնա առաջնագիծ, անկեղծ ասած, չէի սպասում, որ բոլորը միաբերան կասեն` ես կգնամ: Հետո… սկսվեց վիրավորների հոսքը: Ես 12 օր հոսպիտալից տուն չգնացի: Մեր ամբողջ անձնակազմն էր առավոտից իրիկուն հոսպիտալում այդ օրերին: Եթե առաջնագծում կռիվն ապրիլի 6-ին ավարտվեց, մեր կռիվը տեւեց ամիսներ: Մեր ամբողջ անձնակազմը՝ մինչեւ վերջին մարդը, անմնացորդ, ինքնազոհաբար պայքարեց յուրաքանչյուր վիրավորի կյանքի համար: Նույնիսկ բժշկականի ուսանողներն էին միացել այդ ինքնաբուխ ալիքին: Հասարակ մարդիկ իրենց օգնությունն էին առաջարկում: Հարազատ ու օտար չկար, բոլորը արյունակից էին, բոլորը բարեկամ էին:

Մի զինվորի վիրահատեցի յոթերորդ անգամ: Ավագ կոլեգաներիցս մեկը էլ չդիմացավ, ասաց` հույս չկա, դադարեցրու: Դու բժիշկ ես, գիտես, որ կես տոկոսի հույս անգամ չկա. ինչո՞ւ ես տանջում քեզ էլ, հիվանդին էլ: Բայց որտեղ նույնիսկ բժշկությունն է անզոր, կարող ես հաղթել քո անսահման ցանկությամբ: Ու զինվորն ապրեց:

Շատերն ասում են, որ ապրիլյան պատերազմում հաղթեց մեր զինվորի հայրենասիրությունը: Իսկ ես կավելացնեմ՝ հաղթեց մեր ժողովրդի անսահման սերը իր զինվորի հանդեպ: Մեր զինվորապաշտությունը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #22 (1269) 28.11.2018 - 4.12.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


29/11/2018