«ՍՄԵՐՉԻ» ՑԱՍՈՒՄԸ
ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՐԱԿՈՎ
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը բացազատված են: Երկու դիվիզիոնների ստորաբաժանումներն արդեն զբաղեցրել են մեկնարկային դիրքերը: Հրթիռային հսկաները ելման դրություն են առել. րոպեներ անց սկսվելու են կրակային վարժանքները: Մարտավարական զորավարժության եզրափակիչ փուլն է. մարտական հրաձգությունը կվարվի փոխարինող՝ 122 մմ ռեակտիվ հրետանային արկերով: Մինչ այդ, անհրաժեշտ բարձրությունում զոնդավորման միջոցով վեր են հանվում օդերեւութաբանական տվյալները՝ քամու ուղղություն, արագություն, ջերմաստիճան, խոնավություն, մթնոլորտային ճնշում: «Սմերչը» դիմացկուն է՝ անխափան կգործի -500-ից + 500-ի պայմաններում, բայց մետեոտվյալները կարեւոր են հրթիռի թռիչքի համար:
Գործողությունների ընթացքին հետեւում է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության պետի տեղակալ, գնդապետ Դավիթ Հարությունյանը: Ասում է՝ մարտական տեխնիկան ու սպառազինությունը նախապես են ստուգվել, անձնակազմն էլ հատուկ պարապմունքների է մասնակցել եւ հրաձգություն վարելու թույլտվություն ստացել: Գնդապետ Հարությունյանը պարզաբանում է առաջադրված խնդիրը. «Հակառակորդի խմբավորումները նախապատրաստվում են իրականացնել հարձակողական գործողություններ: Որոշում է կայացվել համազարկային միջոցներով խոցել թշնամու համազորային ստորաբաժանումները պաշտպանության հեռավոր մատույցներում»:
Հակառակորդի նշանակետերը հետախուզվում են հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերով: ԱԹՍ-երը ոչ միայն վերահսկում են թշնամու տեղաշարժը, այլեւ, ըստ անհրաժեշտության, պիտի ճշգրտեն հրետանու կրակը, արձանագրեն խոցման արդյունքները:
Նշանակետի մակերեսի մեծությունը որոշված է՝ 560000 քառ. մետր: Ղեկավարման մեքենայում «Սմերչ» դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Մինասյանը վերջին ճշգրտումներն է կատարում: Ամենեւին լարված չէ. նրա դիվիզիոնը միշտ գերազանց արդյունքներ է գրանցել: Վերադասից ստանում է հրաման՝ նշանակետի վրա կատարել մեկնարկ: Փոխգնդապետը տեղագրական տվյալները փոխանցում է մարտկոցների հրամանատարներին, ապա քիչ անց զեկուցում. «Հաշվարկները կատարված են: Մեքենաները «համար 1» պատրաստականության վիճակում են: Պատրաստ ենք կրակի կատարմանը»:
Մարտկոցի հրամանատար, լեյտենանտ Ավագ Շեկեկյանն անհամբեր սպասում է «Կրակ» հրամանին: Ռազմահրետանային ակադեմիայի շրջանավարտը հինգերորդ անգամ է գործարկելու «Սմերչ» ռեակտիվ համակարգը, բայց առաջին անգամ է մասնակցում զանգվածային կրակի. «Կատարել ենք նշանառում, ներմուծել ենք տվյալները, սպասում ենք, որ սեղմենք համապատասխան կոճակը»: Եվ ահա տրվում է գլխավոր հրամանը: Անձնակազմերը աշխատեցնում են հրթիռային հսկաներն ու պատսպարվում թաքստոցներում:
Ութ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից միանգամից արկեր են արձակվում: Վարժադաշտը համազարկերից կարծես վերակենդանանում է: Մարտական լիցքով հանդերձված արկերը պայթում են ճիշտ տեղում՝ ոչնչացնելով թիրախները: Եվ այս ամենը վայրկյաններ է տեւում:
Մոտենում ենք առաջադրանքը գերազանց կատարած տղաներին, շնորհավորում: Մարտկոցի ավագ օպերատոր, սերժանտ Շուշանյանն անթերի է կատարել իր խնդիրը. «Առաջին անգամ էի մասնակցում զորավարժության, առաջին անգամ էի ականատես լինում «Սմերչի» կրակին: Անհանգստանում էի, բայց վստահ էի, որ կստացվի: Տպավորիչ էր, ազդեցիկ, ցնցող»:
Մինչ տղաները քողարկում են մեքենաները, որպեսզի աննկատ դուրս գան նոր բնագիծ, զորամասի հրամանատար, գնդապետ Սուրեն Մարտիրոսյանը ամփոփում է նախնական արդյունքները. «Անձնակազմը խմբային կազմակերպված աշխատանքի շնորհիվ առաջադրված խնդիրը կատարեց լավ: Հաջողությունը մեծամասամբ պայմանավորված է նրանց մտավոր ունակություններով, փորձառությամբ, տեսականը գործնականի հետ համադրելու վարպետությամբ: Ես՝ որպես հրամանատար, այսօր ինձ ավելի վստահ եմ զգում, որովհետեւ գիտեմ՝ տեխնիկան մարտունակ է, զորքն էլ՝ ունակ ցանկացած թիրախ խոցելու դիպուկ եւ ժամանակին»:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #23 (1270) 5.12.2018 - 11.12.2018, Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում