ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՐՈՏԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԵՆ
Բանակում օրակարգային, առաջնահերթ խնդիրներից է զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների միջեւ կապի ապահովումը: Դեռեւս 15-20 տարի առաջ, այդ նպատակով զորամասերում տեղադրվել էին տաքսաֆոններ (ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատ), այնուհետեւ պաշտպանության նախարարությունը հատկացրեց հեռախոսներ՝ միակողմանի կապով, բոլորովին վերջերս էլ, զինվորներին թույլատրվել է ունենալ բջջային հեռախոս, իհարկե, որոշակի սահմանափակումներով (բջջային հեռախոսը տեսագրման, ձայնագրման, լուսանկարահանման եւ համացանցին միանալու հնարավորություն չպետք է ունենա):
Ժամկետային զինծառայողներն այժմ կարող են հարազատների հետ շփվել, հաղորդակցվել նաեւ տեսակապով՝ SKYPE-ի միջոցով:
ՀՀ ՊՆ եւ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի համատեղ ուժերով կյանքի է կոչվել հերթական պիլոտային ծրագիրը՝ ծրագրի շրջանակում համակարգիչներ են տեղադրվել (տեղադրվում) զորամասերում ՝ զինծառայողներին ապահովելով տեսակապով: Ամեն օր երեկոյան որոշակի ժամերի, իսկ հանգստյան օրերին ամբողջ օրվա ընթացքում զինծառայողները 10-15 րոպե կարող են խոսել ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերում, այլ նաեւ աշխարհի տարբեր անկյուններում ապրող իրենց հարազատների հետ:
Մինչ տվյալ ծառայությունից օգտվելը, անձնակազմը հրահանգավորվում է տեղեկատվական անվտանգության եւ գաղտնիության ռեժիմի պահպանման վերաբերյալ:
Այս ընթացքում արդեն բազմաթիվ զինվորներ տեսակապով զրուցել են իրենց ծնողների հետ:
«Վերջերս զինվոր որդուս հետ խոսեցի սկայպով: Մինչ այդ, երբ հեռախոսով էինք խոսում, փորձում էի ձայնի ամեն ելեւէջը որսալ, ուզում էի պատկերացնել դեմքը, հասկանալ՝ ուրախ է, թե տխուր: Հիմա տեսակապի միջոցով տղայիս դեմքն էլ տեսա՝ որդուս ժպիտը պատասխանն էր մայրական իմ բոլոր մտահոգությունների ու անհանգստությունների: Սիրտս հանգիստ է: Օրհնում եմ սկայպ հորինողին էլ, զորամասում այս պայմանները ստեղծողներին էլ: Իսկապես, հիանալի նախաձեռնություն է, շնորհակալ եմ բոլոր զինվորների մայրերի կողմից»:
Պատմում է զինվորներից մեկը. «Երբ զորամասում սկայպ տեղադրեցին, ես զանգահարեցի Ռուսաստանում ապրող հարազատներիս: Մայրս շատ էր ուրախացել, բայց նաեւ հուզված անընդհատ հարցնում էր. «Տղա՛ ջան, հո զորամասից չես փախել»: Չէր հավատում, որ զինվորն էլ զորամասից կարող է սկայպով խոսել»:
-Այս ծրագիրը երկու ամիս փորձնական ժամկետով (սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 2-ը) նախ կիրառվեց առաջնագծի հեռավոր զորամասերից մեկում, նախատեսված էր հաջողության դեպքում հետագայում լայնամասշտաբ կիրառել բոլոր զորամասերում,- ասում է ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության բաժնի պետ, գնդապետ Բարեղամ Մուրադյանը,- «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը, որ պաշտպանության նախարարության հետ բազմաթիվ համատեղ ծրագրեր է իրականացրել, զինվորների եւ նրանց ընտանիքի անդամների միջեւ հաղորդակցության լուծման այս տարբերակով հանդես եկավ՝ առաջարկելով կապի ապահովում: Պաշտպանական գերատեսչության համապատասխան օղակներում հանգամանալից քննարկվեց առաջարկը թե՛ նպատակահարմարության, թե՛ անվտանգության տեսանկյունից եւ փորձնական ներդրվեց՝ հասկանալու համար նպատակայնությունը:
Իսկ արդյունքն ակնհայտորեն գոհացուցիչ է. նախ՝ ոչ բոլոր ծնողները հնարավորություն ունեն այցելելու հեռավոր զորամասերում ծառայող որդիներին, ոմանք էլ Հայաստանում չեն, եւ այս ծրագիրը լավագույն լուծումն է: Տեսակապով հարազատների հետ զրույցները դրական ազդեցություն են ունենում զինծառայողների հոգեվիճակի վրա, տեսնել է պետք նաեւ հարազատների անսահման-անպարագրելի ուրախությունը, քիչ թե շատ մեղմվում է նաեւ կարոտի զգացումը: Ծրագրի ներդրմամբ նաեւ բարոյահոգեբանական տեսանկյունից է խնդիր լուծվում. զինվորն իրեն առավել գնահատված է զգում, արժեւորված: Զինվորն էլ, ծնողն էլ տեսնում են, որ ոչ միայն բանակը, այլ նաեւ հասարակական տարբեր կառույցներ տարբեր ծրագրերով մշտապես իրենց կողքին են, իրենց նեցուկ եւ աջակից: Այդ ուշադրությունը գոտեպնդում է զինվորին:
***
Հաշվի առնելով պիլոտային այս ծրագրի արձանագրած հաջողությունն ու արդյունավետությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի N հրամանի համաձայն՝ այլ զորամասերում եւս տեղադրվելու են համակարգիչներ՝ տեսակապ ապահովելու նպատակով:
Սկզբնական շրջանում առաջնահերթ կշեշտադրվեն մարտական հերթապահություն իրականացնող հեռավոր զորամասերը, որից հետո շարունակաբար նման հնարավորություն կընձեռվի բոլոր զորամասերին:
Ելնելով որոշ զորամասերի տեղանքի առանձնահատկություններից, մշտական տեղակայման վայրից հեռու գտնվող գումարտակներում նպատակահարմար է հենց տեղում իրականացնել տեսակապի ներդրումը՝ առանց անձնակազմը տեղաշարժելու:
-Տեսակապը կծառայի ոչ միայն հարազատների հետ շփմանը, պաշտպանության նախարարության հետ համատեղ նախատեսում ենք սկայպի միջոցով զինծառայողների շրջանում իրականացնել նաեւ կրթական գործընթացներ, ասենք, օրինակ, անգլերենի կամ այլ ուսուցողական դասընթացներ, պետք է արվի հնարավորը, որ բանակից զինծառայողը զորացրվի գիտելիքի պաշարը հարստացրած,- նշում է «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Տաբակյանը եւ հավելում:- Շնորհակալ ենք բոլորին, ովքեր աջակցեցին, օժանդակեցին մեր այս ծրագրի իրականացմանը՝ «Ղարաբաղ Տելեկոմին»՝ բարդ տեղանքում կապի տրամադրման համար, «Է Հայք» կազմակերպությանը՝ «Բերձոր Բ» մակնիշի հայկական արտադրության համակարգիչների տրամադրման համար, ինչպես նաեւ զորամասերի հրամանատարությանը:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #23 (1270) 5.12.2018 - 11.12.2018, Բանակ և հասարակություն