Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԵԶՐԵՐ



ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԵԶՐԵՐՆոյեմբերի 21-ից 23-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝  Տ և ՀԿ վարչության պետի տեղակալ Ռաֆայել Այդինյանի ղեկավարությամբ Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայում էր՝ մասնակցելու հասարակայնության հետ կապերի հարցերի շուրջ քննարկումներին: Միջոցառման  նպատակը Բուլղարիայի և Հայաստանի հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի ոլորտում առկա փորձի փոխանակումն էր (ծանոթացում երկու երկրների հասարակայնության հետ կապերի ենթակառուցվածքների, հանրային կապերի ամրապնդման օրենսդրական ակտերի հիմնադրույթների,  հասարակայնության հետ կապերի ոլորտի մասնագետների դերի, գործառույթների հետ, քննարկումներ ոլորտում առկա խնդիրների և առաջնահերթությունների շուրջ):

 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները հյուրընկալվեցին Սոֆիայի Ռազմական պատմության ազգային թանգարանում, որտեղ ցուցադրությունների միջոցով նրանց մանրամասն ներկայացվեց Բուլղարիայի ԶՈՒ պատմությունը: Շեշտադրվեցին երկրի համար կարևոր ու շրջադարձային ռազմական գործողությունները՝ հաճախակի հղումներ անելով հայ և բուլղար ժողովուրդների պատմական ճակատագրի նմանություններին և եղբայրական ժողովուրդների ռազմական փոխօգնության փաստերին: Ընդգծվեց, մասնավորապես, 1-ին Բալկանյան պատերազմին Մակեդոնա-Օդրինյան երկրապահ զորքերի կազմում Գարեգին Նժդեհի ու Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ հայկական կամավորական վաշտի մասնակցությունը: Հայկական զորախումբը մասնակցել է Մեսթանլիի, Ուզուն-Համիթլարի, Մեհրամլիի (որտեղ գերվեց թուրք զորահրամանատար Յավեր փաշան) մարտերին, Մխրետ և Շար-Քյոյ քաղաքների գրավմանը (1912 թ. դեկտեմբեր -1913 թ. հունվար):

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԵԶՐԵՐՀայկական պատվիրակությունը հյուրընկալվեց նաև Գ. Ս. Ռակովսկու անվ. պաշտպանության ազգային ակադեմիայում: Ակադեմիայի տնօրենը և ղեկավար կազմը ներկայացրին ուսումնական հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ շեշտադրելով հանրային կապերի և հանրային հաղորդակցությունների կրթական ծրագրերի առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները: Ռազմական ակադեմիան իր կազմում ընդգրկում է չորս հիմնական միավորներ՝ «Ազգային անվտանգության և պաշտպանության», «Հրամանատարության եւ անձնակազմի» ֆակուլտետները, «Լեզվի ուսուցման» վարչությունն ու «Պաշտպանության հեռանկարային հետազոտությունների ինստիտուտը»: Ռազմական կրթության երեք հիմնական մասնագիտական ոլորտներն են՝ «Ազգային անվտանգությունը», «Ռազմարվեստն» ու «Հոգեբանությունը»:

Բուլղարիայի ՊՆ Տեղեկատվական կենտրոն կատարած այցելության ընթացքում   երկուստեք ներկայացվեցին ԲՀ և ՀՀ ՊՆ գերատեսչությունների տեղեկատվական հեռուստատեսային և տպագիր միջոցների գործառույթներն ու դերը:  «Բուլղարական բանակ» շաբաթաթերթի և «Զինվորական հեռուստատեսային ալիքի» ղեկավարությունը հայկական պատվիրակությանը ներկայացրեց դրանց աշխատանքի առանձնահատկություններն ու պայմանները: Հայկական կողմն, իր հերթին, ներկայացրեց «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի «Զինուժ» հաղորդաշարի և «Հայ զինվոր» հանդեսի աշխատանքները:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԵԶՐԵՐԱյնուհետև Բուլղարիայի ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպմանը Բուլղարիայի ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ալեքսանդր Ուրումովը ներկայացրեց իր ղեկավարած ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները, հասարակայնության հետ կապերի ոլորտի նպատակները, գործառույթներն ու կառուցվածքը: Երկու երկրների ներկայացուցիչները քննարկեցին ներքին ու արտաքին հաղորդակցությունների, վարչության աշխատանքների սկզբունքների ու մեթոդաբանության մի շարք խնդիրներ:

ՊՆ պատվիրակության եռօրյա այցի ընթացքում պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումների ու քննարկումների շրջանակում ներկայացվեցին հասարակայնության հետ կապերի ոլորտում երկու երկրների ՊՆ առաքելության առանձնահատկություններն ու որդեգրած առաջնահերթությունները: Հարկ է նշել, որ երկու բարեկամ երկրների հիշյալ ոլորտներում առկա խնդիրներն ունեն ինչպես ընդհանրություններ, այնպես և հստակ ուրվագծված տարբերություններ՝ կապված պաշտպանական համակարգի առանձնահատկությունների հետ: Այցի ընթացքում հետագա՝ ավելի համապարփակ փոխգործակցության և փորձի փոխանակման ու միմյանց աջակցման հիմնաքարեր դրվեցին: Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց տեղեկատվական ոլորտում համագործակցության մասին, մասնավորապես՝ հանրային կապերի և հանրային հաղորդակցությունների կրթական ծրագրերի, ինչպես նաև  տեղեկատվական գործողությունների համատեքստում:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (1270) 5.12.2018 - 11.12.2018, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


10/12/2018