ՌԴ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ Է ՄՇԱԿՎԵԼ
Ռուսաստանի զինվորական ղեկավարությունը առաջիկա երկու ամսվա ընթացքում կորոշի արկտիկական նոր բրիգադների տեղակայման վայրը, կհստակեցնի դրանց տեխնիկական համալրման և նյութատեխնիկական ապահովման կարգը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը: Նա նշել է, որ գործնականում ավարտվել է հյուսիսային գոտիներում ծառայության առանձնահատկությունների հետ կապված խնդիրների վերլուծությունը, սահմանվել են զինծառայողների հանդերձանքի, ռազմական տեխնիկայի և սպառազինության անհրաժեշտ տեսակները, նույնիսկ մշակվել է հատուկ սննդակարգ:
Բուլգակովը մանրամասներ չի ներկայացրել, միայն նշել է, որ արկտիկական բրիգադի մեքենաները կկարողանան աշխատել -50 ջերմաստիճանի դեպքում, շարժվել խորը ձյան միջով:
Այս տարի ՌԴ Անվտանգության խորհուրդը փաստաթուղթ է ընդունել մինչև 2020թ. Արկտիկայում պետական քաղաքականության անցկացման վերաբերյալ: Որոշման համաձայն` այդ տարածքում նախատեսվում է ստեղծել ռազմական խմբավորում: Ամռանը լրագրողների հետ զրույցում ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը նշել էր, որ արկտիկական տարածքները պաշտպանելու համար կստեղծվի երկու բրիգադ: Դրանց կազմում կընդգրկվեն ցամաքային ստորաբաժանումներ, դեսանտայիններ, ռազմանավեր:
Հատուկ ընտրված անձնակազմի և մասնագետների համար համար կկառուցվեն նոր զինվորական ավաններ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական