Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՈՒՍԵՐԻՆ Է՝ ՈՐՊԵՍ ԹԵՎԵՐ



ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՈՒՍԵՐԻՆ Է՝ ՈՐՊԵՍ ԹԵՎԵՐ«Մարտական ծառայության» մեդալակիր մարտկոցի հրամանատար, կապիտան ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեր բանակի տարեկիցն է: Նա զինված ուժերի այն երիտասարդ սպաներից է, որ առանձնանում է հիմնարար գիտելիքներով, բարոյակամային գերազանց որակներով եւ զինվորական գործին անսահման նվիրվածությամբ: Ասել է թե՝  նա ու նրա նմաններն են նոր ժամանակների հայկական բանակի հզոր ու առողջ կորիզը:

 

«Ո՞վ է զինվորականը». հարցի պատասխանն ինձ փոքրուց էր հետաքրքրում: Երբ մայիսի 9-ին Իշխան պապս հերթական անգամ հագավ իր պատվական պիջակը՝ ծանրացած մարտական շքանշաններով ու տասնյակ մեդալներով, ես փորձեցի հենց նրանից էլ իմանալ պատասխանը: «Զինվորականը հայրենիքն իր ուսերին է կրում»,-նայեց ինձ ու ժպտաց պապս: Ես զարմացա՝ ուրեմն նա շատ ուժեղ է, եթե կարողանում է հայրենիքն իր ուսերին առնել: Հորս ստիպեցի, որ ինձ կարատեի խմբակ տանի: Սկսեցի ջանասիրաբար մարզվել: Հռչակվեցի Հայաստանի չեմպիոն: Ութ տարվա պարապմունքները սովորեցրին ինձ նախապատրաստվել ու դիմակայել հարվածին: Մտածեցի՝ բացահայտել եմ զինվորականի խառնվածքի կարեւոր բնութագրիչը:

Զինվորականը քարի պես կարծր մարտիկն է, որի ուսերին Հայրենիքն է բազմած:

Դպրոցն ավարտեցի գերազանցությամբ: Բուհ ընդունվելու դիմում-հայտում միայն մեկ տող լրացրի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:  Ծնողներս հորդորում էին եւս մեկ մասնագիտություն, համալսարան ավելացնել ձեւաթղթում: Անդրդվելի էի: «Ո՞վ է զինվորականը». պիտի իմ մաշկի վրա զգայի այդ համառ հարցի պատասխանը:  Կարգուկանոն, խստություն, երդման արարողություն, թեւքիդ ամրացված զինանշան, անվարժ քայլք, ինքնաձիգի ծանրություն, կասկածներ, երբեմն էլ՝ հուսահատություն… Զորանոց, լսարան, զորավարժադաշտ, քրտինք, վրիպումից մրմռացող աչքեր, Դ-30-ի հարվածից հալչող նշանակետ… Չորս տարիներն ակնթարթի պես անցան: Թվաց՝ արդեն գիտեմ իմ հարցի պատասխանը.

Զինվորականը չհանձնվող երազողն է:

Ծառայության նշանակվեցի քաղաքում տեղակայված հրետանային զորամասում: Փորձում էի իմ ամենօրյա աշխատանքում հերոսական որեւէ բան գտնել… չկար: Զինվորների հետ մարզումներ, երթեր, հավաքներ, տեխնիկայի ստուգում:  Խոսքեր, հրամաններ, դասեր, անվերջանալի հանձնարարություններ ու ահռելի պատասխանատվություն: Կրկնվող գործողությունները երբեմն հոգնեցնում էին, բայց անտեսել անելիքներս, մոռանալ, չմտածել զորամասում քնած կամ ծառայություն իրականացնող զինվորի, ինձ վստահված հրետանային համալիրների մասին՝ երբե՛ք։ Այդ երեք տարիների ընթացքում պարտքի եւ պատասխանատվության զգացումները դարձան իմ էության անբաժանելի մասը: Հավատացե՛ք՝ ամեն օր գործ անելը նույնքան դժվար է, որքան կռվելը: Այո՛, քաղաքային զորամասում իմ ամենօրյա ծառայության մեջ թերեւս հերոսական ոչինչ չկար, բայց կար նվիրվածություն: Եվ ես հասկացա.

Զինվորականը նպատակասեւեռ եռանդի ու հավատարիմ նվիրումի մարմնացումն է:

«Պայմանական հակառակորդը խախտել է հանրապետության սահմանն ու հարձակման անցել. պետք է կասեցնել». քանի անգամ է իմ մարտական հաշվարկը նման հրաման ստացել, քանի անգամ ենք ընդունել մարտը, քանի անգամ ենք զորավարժարաններում վնասազերծել պայմանական հակառակորդին, քանի արկ ենք կրակել ու քանի թիրախ խոցել, քանի անգամ է պայթյունից հողը ցնցվել մեր ոտքերի տակ, քանի անգամ ենք շունչներս պահած սպասել արդյունքի, քանի անգամ է հրետանային համալիրների  հարվածային ալիքը ծամածռել մեր դեմքը՝ դժվարանում եմ ասել: Մենք օր ու գիշեր մարտական պատրաստությամբ ենք զբաղված, մենք անդադար հարձակում ու պաշտպանություն ենք մշակում, մենք խաղաղ ժամանակ էլ ենք պատերազմում, որովհետեւ հաղթանակին այդպես են նախապատրաստվում:

Մտածում եմ՝ զինվորականը մարդ է, որից միշտ վառոդի հոտ է գալիս:

Պատերազմի ազդանշանը փոթորկվեց մեր ներսում, ոնց որ՝ շոգը թոնրի մեջ: Մեր հրետանային ստորաբաժանումը երթով անցավ տասնյակ կիլոմետրեր: Ամրացանք լեռներում, զբաղեցրինք համապատասխան մարտակարգերը՝ վաղօրոք մանրակրկիտ մշակված ճշտությամբ: Հակառակորդի բոլոր կարեւոր նշանակետերը հետախուզված էին, սպասում էինք մարտավարական առաջադրանքը կատարելուն: Առատ ձյուն տեղաց: Մարտադաշտը ձնամշուշով պարուրվեց: Ձյունը խափանեց թշնամու մտադրությունը:  Միայն ականանետներ կիրառեցին: Մենք էլ բազմապատկված հարվածներով ցաքուցրիվ արեցինք նրանց կրակակետերը՝ գլխավոր ճակատամարտը թողնելով վաղվան: Ամեն հարված ջերմացնում էր մեր թաց մարմինները, ուժ տալիս սառած ու հոգնած բազուկներին: Իմ մարտկոցը պատրաստ էր ճեղքելու ձնամշուշն ու թշնամու խիտ շարքերը: Եվ հիմա կարծես գիտեի հարցիս պատասխանը.

Զինվորականը նա է, ով թաքստոց չի փնտրում:

Զինվորականը նա է, ով կռվում է  ծիծաղն աչքերի մեջ:

Զինվորականը նա է, ով գնդակահարում է մահը:

Եվ եթե սահմանը հայրենիքի սիրտն է, ապա զինվորականն է նրա տրոփը:

Այո՛, հիմա արդեն գիտեի, թե ով է զինվորականը, սակայն ինձ կրկին հետաքրքրում էր իմ այդ տասնյակ անգամներ իմացած հարցի պատասխանը: Պատերազմից հետո հասկացա՝ լեռներում ապրելու ժամանակն է: Զեկուցագիր գրեցի ու կամովին եկա առաջնագիծ: Մեր կրակային դիրքը բարձր լեռնային գոտում է: Եղանակն այստեղ  իր կամքին է փորձում ենթարկել քեզ, ձմեռային թխպոտ խավարը ծանրանում է գլխիդ, բայց բարդությունները երբեք չեն խափանում մեր գործը: Հրանոթները միշտ երթային վիճակում են. չկա մի կոճակ, որ չաշխատի: «Տագնապ» ազդանշանից վայրկյաններ անց զինվորներս զբաղեցնում են մարտակարգերը, ապա կասեցնում պայմանական հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը… Հետո խմբվում ենք վառարանի շուրջ… Նայում եմ 19-20  տարեկան տղաներին, որոնք ցեխ ու ջրի մեջ, սառը-բարակ ձյան տակ անվերապահորեն կատարում են հրամաններս, ու մտածում՝ չափից ավելի պահանջկոտ չե՞մ: Մեկ էլ նրանցից մեկը հանկարծ սկսում է երգել, մյուսը մեծ թիթեղյա թեյնիկից թեյ է լցնում…

Սպան գուցե երբեմն կոշտ, բայց  մաքուր սրտով զինվորն է… որովհետեւ այսքան նման մարդկանց մեջ դու չես կարող բացառություն լինել:

Առավոտյան վաղ եմ արթնանում, ավելի վաղ, քան հարկավոր է: Կանգնում եմ ժայռի գագաթին: Թանձր ամպերը բրդե վերմակի պես փաթաթվում են ոտքերիս: Շնչում եմ թարմ օդը, երկար-երկար նայում շուրջս՝ Հայրենիքին… որն իմ ուսերին է՝ որպես թեւեր:

Գրի առավ ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #24 (1271) 14.12.2018 - 25.12.2018, Ազգային բանակ


27/12/2018