Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՎՐՈՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ



Առաջին փուլ-2011 թվական. նախատեսվում է Միջերկրական ծովում տեղակայել «Aegis» համալիրներ և «Standard-3» (SM-3) կալանող հրթիռներ, կրող մարտանավեր, իսկ Թուրքիայում` հրթիռային հարձակման վտանգի վաղ ազդարարման ռադիոլոկացիոն ռադար:

Երկրորդ-երրորդ փուլեր. Մինչ 2015 թվականը նախատեսվում է Ռումինիայի, իսկ մինչ 2018 թվականը` Լեհաստանի տարածքում տեղակայել «Standard-3» (SM-3) կալանող հրթիռների շարժական մարտկոցներ:

Չորրորդ փուլ. Ծրագրվում է մինչ 2020 թվականն այս հրթիռները փոխարինել ավելի կատարելագործված միջոցներով, որոնք ունակ կլինեն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ բոլոր պետություների տարածքը պաշտպանել ոչ միայն փոքր և միջին հեռահարության, այլև միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից:

ԵՎՐՈՀՀՊ-ի նախագիծը, որի նպատակն է պաշտպանվել հատկապես իրանական միջին հեռահարության հրթիռներից, մշակվել էր դեռ Ջորջ Բուշի նախագահության օրոք: Սկզբնապես նախատեսվում էր Լեհաստանում ու Չեխիայում տեղակայել համապատասխանաբար 10 կալանող հրթիռներ և արդիական ռադար, սակայն ծրագիրը հանդիպել էր Ռուսաստանի վճռական դիմադրությանը: Մոսկվան սպառնացել էր ծրագրի իրականացման դեպքում հրթիռներ տեղակայել Լեհաստանի սահմանի մոտ:

2009-ի սեպտեմբերին Օբամայի վարչակարգը հրաժարվելով այս նախագծից, առաջարկեց լրամշակված և փուլերի բաժանված այժմյան ծրագիրը, որը մեկ տարի անց հաստատվեց ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


15/09/2011