ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
1994թ. հունիսի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվեց պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, որը զինվորական մասնագետներ էր պատրաստում ութ մասնագիտությունների գծով:
ՀՀ կառավարության 1998թ. հունվարի 16-ի որոշմամբ՝ ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը վերակազմավորվեց ռազմական ինստիտուտի: ՀՀ նախագահի հրամանագրով` 2000թ. փետրվարին ռազմական ինստիտուտն անվանվեց Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի անունով:
2004 թ.-ից ռազմական ինստիտուտում գործում է նաև սպաների որակավորման բարձրացման և ռազմամասնագիտական ուսուցման կենտրոնը, որտեղ իրենց մասնագիտական գիտելիքներն են կատարելագործում ԶՈՒ-ում ծառայություն անցնող սպաները:
2013 թ.-ին ինստիտուտում ստեղծվեց հրամանատարաշտաբային ֆակուլտետը:
ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 28-ի որոշմամբ` ռազմական ինստիտուտը վերանվանվեց ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկ:
ՀՀ Կ և Գ նախարարի 2016թ. հոկտեմբերի 19-ի որոշմամբ` ռազմական համալսարանը ստացել է բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա:
2017 թ.-ից մեկնարկել են համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման աշխատանքները:
Միջազգային համագործակցությունը, հատկապես 2003 թ.-ին և 2008թ. աշնանը ՆԱՏՕ-ի կողմից «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված զորավարժություններին մասնակցությունը հնարավորություն ստեղծեցին յուրացնելու միջազգային բանակաշինության առաջավոր փորձը:
Փորձի փոխանակման լավագույն աղբյուր են նաև տարբեր ժամանակներում ՀԱՊԿ անդամ երկրների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Չինաստանի, Իրանի և այլ երկրների հետ ռազմական պատվիրակությունների փոխադարձ այցելությունները, որոնք իրենց զգալի ավանդն են ունեցել ռազմական կրթական համակարգի կատարելագործման և միջազգային համագործակցության ոլորտում:
Համալսարանի շրջանավարտներն օգտվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից` բնակարանային ապահովում, անվճար բուժօգնություն (այդ թվում` նրանց ընտանիքի անդամները), առողջարանային հանգիստ, անվճար տրանսպորտային սպասարկում, երկարամյա ծառայության կենսաթոշակ:
Ռազմական համալսարանում կրթությունն իրականացվում է հետեւյալ
մասնագիտություններով՝
բակալավրիատում`
♦ ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում,
♦ հետախուզական ստորաբաժանումների կառավարում,
♦ հրետանային ստորաբաժանումների կառավարում,
♦ մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում,
♦ տանկային ստորաբաժանումների կառավարում:
♦ համազորային միավորումների և զորամասերի կառավարում,
♦ հրետանային միավորումների և զորամասերի կառավարում,
լրացուցիչ կրթական ծրագրերում՝
♦ «Կապիտան», «Մայոր», «Փոխգնդապետ» հաստիքապաշտոնային կոչումներով սպաների 12 և 21-շաբաթյա վերապատրաստում և որակավորման բարձրացում,
♦ քաղաքացիական բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող կրտսեր և ավագ ենթասպայական կազմից 5-ամսյա պատրաստության ծրագրով դասակի հրամանատարների պատրաստում,
♦ ՀՀ քաղաքացիական բուհերի շրջանավարտների 1-ամյա պատրաստության ծրագրով դասակի հրամանատարների պատրաստում,
♦ ՀՀ քաղաքացիական բուհերի ուսանողների 2,5-ամյա կրթական ծրագրով դասակի հրամանատարների պատրաստում:
Խորագիր՝ #10 (1281) 20.03.2019 - 26.03.2019, Ռազմական