Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ



ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՃՈՊԱՆՈՒՂԻՆՃոպանուղի բառը լսելիս թերեւս շատերի մտապատկերում բացվեն անհավանական տպավորիչ բնապատկերներ թռչնի թռիչքի բարձրությունից, ոմանք էլ գուցե անմիջապես պատկերացնեն զբոսանք երկնային մայրուղիով դեպի պատմական հարստություններ:  Սակայն այս մի ճոպանուղին յուրահատուկ է: Այն բեռնատար է եւ կոչված է թեթեւացնելու ժայռապատ սարերում մարտական հերթապահություն իրականացնող տղաների հոգսը, բարելավելու քարակարկառ խորշերում կանգնած դիրքերի կենցաղային պայմանները: Հայկական բանակի առաջին ճոպանուղու կառուցումը ստանձնել է ՀԱԿՈԲ ՃԱՂԱՐՅԱՆԸ:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՃՈՊԱՆՈՒՂԻՆՆախաձեռնողի մասին

 

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում եմ, որ ավելի շատ տաք օջախ է հիշեցնում: Իսկ թե ինչու ենք այստեղ հանդիպել, հետո պիտի իմանամ: Հակոբ Ճաղարյանն իր արածի մասին միանգամից չի պատմում, երեւի որովհետեւ սովոր է լուռ ու աննկատ գործել: Խուսափում է տեսախցիկներից, չի ուզում նկատվել, պատվոգիր կամ մեդալ էլ չի ակնկալում: Տարին մի քանի անգամ հարյուրավոր կիլոմետրեր է կտրում-անցնում` դիրքապահ զինվորին սատարելու, բանակի մարտունակությունն ամրապնդելու նպատակով: Պաշտոնյա չէ, ո՛չ էլ քաղաքական նկրտումներ ունի: Ասում է՝ պարզապես ընտանիքով սիրահարված են հայրենիքին: Օդաչու է, տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանում առաջին սեփական ավիաընկերություններից մեկի հիմնադիրը: Աշխարհի տարբեր կետերից, տարբեր բարձրություններից է նայել երկրին, բայց ամենահիշվող թռիչքները պատերազմական տարիներին է կատարել՝ որպես օդանավի հրամանատար: Ինչպես «Էրեբունի» օդանավակայանում աշխատող ցանկացած օդաչուական անձնակազմ՝ նա էլ Յակ-40-ով մոտ հազար անգամ ուղղություն է բռնել դեպի Ստեփանակերտ, երբեմն էլ օրական երեք-չորս անգամ: Արցախի սար ու ձորին այդ ժամանակներից է ընկեր դարձել: «1988 թվականին սկսեցինք Երևանից Արցախ հատուկ բեռներ տեղափոխել՝ զենք-զինամթերք եւ պայքարի համար անհրաժեշտ այլ պարագաներ, ինչն օրենքով արգելված էր եւ խիստ էր պատժվում: Սակայն մենք բեռը պահելու եւ տեղափոխելու ձեւ էինք մշակել: Ինձ էր վստահված նաեւ համակարգողի պարտականությունները»,-վերհիշում է Հակոբ Ճաղարյանը: Կնոջ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի դստեր՝ Զարուհու հետ էլ այդ օրերին է ծանոթացել: Նա «Էրեբունի» օդանավակայան էր բերում անհրաժեշտ իրեր՝ Արցախ ուղարկելու: Երկու զավակ ունեն: Արան օդաչու է, մյուս որդին՝ Միքայելը, ավարտել է Դիլիջանի միջազգային դպրոցը, ընդունվել ԱՄՆ-ի համալսարաններից մեկը, բայց իր դիմումի համաձայն ծառայության է անցել Արցախում եւ երկու տարի պատվով կատարել զինվորի պարտականությունները: Հիմա ընտանիքը լծված է ճոպանուղու կառուցման աշխատանքին:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՃՈՊԱՆՈՒՂԻՆԳաղափարի մասին

 

Ապրիլյան կռիվների օրերին մարդիկ ձգտում էին ինչ-որ կերպ օգտակար լինել երկրին ու սահմանը պահող տղաներին: Եվ չնայած Հակոբ Ճաղարյանը երկու ծանր վիրահատություններից հետո հենակների օգնությամբ էր տեղաշարժվում, անտարբեր մնալ չէր կարող: Որոշեց՝ անձամբ կայցելի առաջնագիծը պահող տղաներին: Երկու մեքենա բեռ հավաքեցին՝ վերմակներ, գուլպաներ, ծխախոտ, էլեկտրական լապտերներ, շարժիչներ, եւ ապրիլի 15-ին տիկին Զարուհու հետ հասան Թալիշ: Դիրքեր տանող ճանապարհների կավահողը անձրևի պատճառով վերածվել էր ցեխի, անգամ մեքենաները չէին կարողանում տեղաշարժվել: Անդադար տեղացող անձրեւները դժվարացնում էին տղաների ծառայությունը:  Վերադարձան Երեւան եւ կարի ֆաբրիկաներից մեկում 330 անձրեւանոց պատվիրեցին: Տիկին Զարուհին ֆեյսբուքում գրառում կատարեց. մյուս օրը պատկերասրահում շարժվելու տեղ չկար:  Մեկը տուփով ծխախոտ էր բերում, մյուսը՝ քաղցրավենիք,  երրորդը՝ հիգիենայի պարագաներ: Ցուցասրահը շտաբի էր վերածվել, իսկ տիկին Զարուհին  մշտարթուն հերթապահն էր, որ հավաքագրում էր օգնությունը: Այսպես այցերն առաջնագիծ հաճախակիացան, իսկ փոխադրվող բեռների պարունակությունը դարձավ բազմազան՝ ռետինե երկարաճիտք կոշիկներ, վրաններ, ջրակայուն տանիքածածկեր, քողարկիչ ցանցեր, ձեռնոցներ, գլխարկներ եւ շատ ու շատ անհրաժեշտ այլ իրեր:  Մարդիկ համախմբվեցին, կապը բանակի հետ ամրապնդվեց, նախաձեռնությունը թափ առավ: «Կարելի է ասել՝ շարժում սկսվեց: Մեր՝ սովորական մարդկանց ուսերին շատ մեծ առաքելություն էր դրված՝ զինվորին մենակ չթողնել: 2016թ. ապրիլից մինչ օրս մեր ընտանիքի ուժերով, անհատների, հովանավորների աջակցությամբ կինս եւ ես 59 այց ենք կազմակերպել սահմանները պահող զորամասեր: ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՃՈՊԱՆՈՒՂԻՆՄատաղիս, Թալիշ, «Եղնիկներ», Օմար՝ ամեն անգամ մի նոր ուղղություն ենք ընտրում»,-ասում է Հակոբ Ճաղարյանը:  Բարձր լեռնային գոտիներում ծառայության դժվարություններին ծանոթանալուց հետո որոշեցին զորամասերին հատկացնել լեռնագնացության գործիքներ, լեռնամագլցման ճոպաններ, կոշիկների երկաթե ամրաններ՝ «կատվիկներ», լեռնամագլցման կախիչ համակարգեր: Բայց որ ամենակարեւորն է` նախաձեռնեցին դիրքեր տանող դժվարամատչելի արահետների կահավորումը անվտանգության ճոպաններով: «Լեռնային տուրիզմի եւ ալպինիզմի հայկական ֆեդերացիան մեզ շատ օգնեց: Լեռնագնացային երկու խմբեր կամավոր եւ մեծ ոգեւորությամբ օրերով աշխատեցին սարերում: Քարերին պողպատյա ամրաններ ամրացրին, ապա ժայռի երկայնքով կիլոմետրերով ճոպաններ ձգեցին: Եվ բավականին վտանգավոր զառիվեր ճանապարհները, որոնք հատկապես ձմռան ամիսներին հաղթահարելը քաջություն էր պահանջում, զինվորների համար  դարձան անվտանգ»,-պատմում է Հակոբ Ճաղարյանը: Այո, հիմա զինվորները կարող էին բռնվել շղթայից եւ առանց սայթաքելու վտանգի մարտական հենակետ հասնել, սակայն երբ տեսավ, թե ուժերի ինչպիսի  գերլարում է պահանջվում օրվա սնունդը, ջուրը, զինամթերքը կամ ինչ-ինչ աշխատանքների համար նախատեսված շինանյութը բլինդաժ հասցնելը, ծնվեց բեռնատար ճոպանուղի կառուցելու գաղափարը:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՃՈՊԱՆՈՒՂԻՆԻրագործման մասին

 

Հակոբ Ճաղարյանը փոխադրիչ նախագծեց, Չարենցավանի գործարանում այն պատրաստեցին: «Գետնի վրա հոյակապ աշխատեց, հենց դրեցինք սարին, չմիացավ: Գործարանային արտադրանք բերեցինք դրսից, որը, սակայն, դանդաղ էր աշխատում: Կողքը էլեկտրական շարժիչ դրեցինք, համակցեցինք»: Եվ 2017 թ. առաջնագծում գործարկվեց առաջին բեռնատար ճոպանուղին, որը  300 կգ բեռը րոպեների ընթացքում մի կետից մյուսը  տեղափոխեց՝ խնայելով զինվորի ուժն ու ժամանակը:  Բեռնատար ճոպանուղին նաեւ մի քանի անգամ կրճատեց զինվորականների շարժը դիտարկվող տարածքներում: Ինչ-ինչ տեխնիկական խնդիրների պատճառով գործարկումը դադարեցված է: Հակոբ Ճաղարյանը որոշել է՝ բանակի ճոպանուղին պետք է անթերի լինի: «Արդեն պատվիրել եւ տեղ ենք հասցրել էլեկտրական 3 քարշակներից 2-ը, շուտով կստանանք երրորդը: Կառուցել ենք նոր՝ մոտ 600 մ երկարությամբ հոսքագիծ: Հիմա, երբ գետինը սառած է, փորելը՝ գրեթե անհնար, նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում նաև երկրորդ սարի վրա հաջորդ գիծը կառուցելու եւ նախորդը նորովի վերագործարկելու համար»,-պատմում է նախաձեռնության հեղինակը:

Ճոպանուղիների կառուցման գործին են միացել Հայաստանի միակ մասնագիտացված խմբի՝ Ենոքավանի «Ապագա ռեզորտ» եւ «Յելլ էքստրիմ պարկի» անձնակազմը՝ Արտակ եւ Տիգրան Չիբուխչյանների գլխավորությամբ: Լեռնագնաց-մոնտաժողներ Արսենը, Հարությունը, Վահեն, Արկադին անցյալ տարվա ընթացքում 10-ից ավելի անգամներ Իջևանի Ենոքավան գյուղից ընկերության կամ իրենց սեփական մեքենաներով 300 կմ են անցել, բարձրացել սարի գագաթը, մոտ 1,5 ամիս գործիքներով աշխատել դիտարկվող և գնդակոծվող տարածքներում: Ճոպանուղու կառուցման ֆինանսական աջակիցները բարեգործական հիմնադրամներից մեկն է եւ ԱՄՆ «Հայրենիքիս» խումբը: Հակոբ Ճաղարյանը վստահ է՝ բանակի ճոպանուղին այլեւս երազանք չէ, եւ առաջիկայում այն նորովի կգործարկվի սահմանի երկու հատվածներում:

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՃՈՊԱՆՈՒՂԻՆԴժվարությունների մասին

 

Իհարկե, ցանկացած արժեքավոր գործ զերծ չէ տարբեր դժվարություններից: Եվ այս նախաձեռնությունն էլ բացառություն չէ: «Իմ ընտանիքի հնարավորությունները եւ կառուցողների փորձը երբեմն չեն բավարարում: Մեզ արհեստավարժ ինժեներական լուծումներ են պետք: Մենք աշխատանքի ամեն փուլում բազում սխալներ ենք թույլ տալիս, հետո  ստիպված ուղղում դրանք, ինչը ժամանակատար է ու ծախսատար: Մեծ ուրախությամբ կընդունեինք խելամիտ ինժեներական առաջարկներ, որոնց կազմակերպումը պետության կողմից կլիներ շատ տեղին եւ տրամաբանական»,-ասում է Հակոբ Ճաղարյանը: Հաջորդ խնդիրն էլ  ներմուծած քարշակների հարկային բեռն է. «Մենք քարշակներն ընդունել ենք տեղափոխող ընկերության պահեստից եւ զորամասերի մեքենաներով միանգամից տեղափոխել: Ոչ մի կոմերցիոն գործունեություն: Զորամասերի հրամանատարների ստացականները ձեռքիս տակ են:  Արժանապատվությունս, իհարկե, թույլ չի տալիս պետությունից խնդրել ազատելու հարկից: Բայց ինչքանո՞վ է ճիշտ  դրսից ներմուծած մոտ 1200 եվրոյանոց քարշակների համար 20% էլ հարկ մուծել: Հրաժարվել ենք»: Բայց ոչ մի դժվարություն Հակոբ Ճաղարյանին եւ նրա ընտանիքին թեւաթափ չի անում.  «Որովհետեւ այս նախագիծը սարերի գլխին ծառայող լուսավոր տղաների, նվիրյալ հրամանատարների եւ հայրենիքի անվտանգության համար է կյանքի կոչվում»:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ Հակոբ Ճաղարյանի արխիվից

Խորագիր՝ #2 (1273) 23.01.2019 - 29.01.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


24/01/2019