Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ ՏՂԵՐՔԸ



ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ ՏՂԵՐՔԸՀերթական զորակոչն է: Հայ երիտասարդները գնում են ծառայության, ու ամեն զինվորով Հայոց հողն ավելի է ամրանում, հայրենիքը դառնում առավել պաշտպանված ու անառիկ:

Երգիչ-ազատամարտիկ Ալեքսան Խառատյանի հյուրընկալ օջախում ենք: Մի քանի օրից ազատամարտիկի Նարեկ որդին կհամալրի հայոց բանակի շարքերը, իսկ մյուս որդին՝ Արտեմն էլ  ամառային զորակոչին կմեկնի ծառայության:

-Հոգուս մեջ զգացողությունների փոթորիկ է, զգացողությունների խառնաշփոթ՝ հպարտություն, անհանգստություն, ուրախություն, հուզմունք, բայց ավելի շատ հպարտությունն  է գերիշխում,- ասում է ազատամարտիկը,- մեր երկիրն են պաշտպանելու, հայրենիքը:

-Համ դժվար կլինի, համ հեշտ, երբ երկու որդիներս բանակում լինեն: Հեշտ կլինի զուտ ժամանակային առումով, 4 տարվա սպասման փոխարեն որդիներիս կսպասեմ  երկուսուկես տարի…, բայց, դե, կարոտս կկրկնապատկվի,- հուզմունքը  փորձում  է թաքցնել ազատամարտիկի կինը:

-Դե, դուք էլ երկու հարս բերեք, մինչեւ տղերքը կծառայեն, կգան,- կատակում է Ալեքսան Խառատյանի մարտական ընկերը՝ Արցախյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը:

Դաշնամուրի նվագն ընդհատում է զրույցը, տունը լցվում է հոգեպարար երաժշտությամբ: Նարեկն է նվագում:

-Երգ-երաժշտությունը միշտ էլ անբաժան է եղել մեր գերդաստանից, մեր ազգում բոլորն էլ երաժիշտներ են,  ինչ գործիքով ասես չեն նվագում՝ կլարնետ, դհոլ, քանոն, կիթառ… Արմատներով Լոռու մարզի Շնող գյուղից եմ, ամեն շաբաթ հավաքվում էինք մեր տանը, ու թնդում էր երգ-երաժշտությունը՝ օրը դարձնելով տոն: Երաժշտական կրթություն չունեին, բոլորն էլ ինքնուս էին, բայց ոնց էին նվագում, հնչյունների հաջորդականությունն այնքան ներդաշնակ,  յուրաքանչյուր թրթիռն ապրելով ու զգալով… Երաժշտությունը մեր մեջ է…

1988 թվականին Ալեքսանն ընդունվեց Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալի բաժին:

-Սեպտեմբերին Արցախյան շարժումն արդեն լայն թափ էր առել, կոնսերվատորիայի ուսանողներով ակտիվ մասնակցում էինք ցույցերին: Պրոֆեսոր Բուդաղյանը խմբեր էր կազմում, եւ գնում-հասնում էինք Արցախ, օրը 7-8 տեղ  համերգ տալիս, մեր կատարումներով ոգեւորում-ոգեշնչում արցախցիներին:

1990-ականներին ազգային հողի վրա բախումներն ավելի հաճախադեպ էին դարձել, Ալեքսանը մասնակցում  է Նոյեմբերյանի սահմանային հատվածներում իրականացվող հերթապահություններին:

-Երբ Շահումյանն ընկավ, կոնսերվատորիայի  մի խումբ ուսանողների հետ մեկնեցինք Արցախ: Միացանք Շուշիի առանձնակի գումարտակի տղերքին:

-Հրամանատարների մի փայլուն համաստեղություն՝ Պետոն, Ժիրոն, Ռոմիկը, Տիրանը… Պետոն  հրաման չէր տալիս, ասում էր՝ տղե՛րք ջան, անում ենք էս գործը: -Ազատամարտիկ ընկերները վերհիշում են կռվի օրերը, մեկը մյուսին լրացնելով՝ ոգեւորված-խանդավառ   պատմում  են մարտի դաշտում իրենց զինակիցների հերոսությունից:- Կռվում էին ինքնամոռաց` մեկը մյուսի կյանքը սեփականից կարեւոր համարելով: Շուշիի առանձնակի գումարտակը մեծ համբավ ուներ իր անպարտելիությամբ, իր մարտունակությամբ: Մեր գումարտակը  պատերազմի ժամանակ հաղթել է Արցախում հայերի դեմ կռվող չեչեն ջոկատայիններին, այդ թվում՝ Շամիլ Բասաեւի: Հենց մեր գումարտակի տղերքի մասին էր, որ Շամիլ Բասաեւն ասել էր, թե կցանկանար իր զինվորները հենց այդպես կռվեին…

-Հիշո՞ւմ ես, երբ դիրքերից մեկ-երկու օրով  գալիս էինք Շուշի, ոնց էինք ուրախանում, ոնց երգում,- Ալեքսանի աչքերը փայլում են:

-Իհարկե, հիշում եմ,- ժպտում է Գրիգորը:

Ամեն օր ապրում էին, ասես վերջին օրն էր, չգիտեին՝ ճակատագիրը վաղն ինչ էր սահմանելու իրենց համար:  Ու երգում էին ոգեղենացած՝ «Ղարահիսար»,  «Մայրիկ»…

Երգը ցաված հոգու սպեղանի էր, երգը ուրախացնում էր զինվորի սիրտը, օգնում էր հաղթահարելու բոլոր դժվարությունները, մեղմում էր կարոտը, երգը ոգեւորում էր, ոգեշնչում, կռվի կոչում…

♦♦♦

ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ ՏՂԵՐՔԸԿռիվն ավարտվեց… Զինադադար հաստատվեց, պատերազմի թոհուբոհն անցած ազատամարտիկներին առաջարկում էին համալրել հայոց նոր-նոր կազմավորվող բանակի շարքերը:

-Ես զենք էի վերցրել անհրաժեշտությունից, իմ աշխարհը երգն է: Պետք է շարունակեի իմ գործը: Ինչքան էի սպասել այդ օրվան, երբ աշխարհը կխաղաղվի, ու կզբաղվեմ իմ սիրած գործով,- ասում է երգիչ-ազատամարտիկը:

Ալեքսանը ժամանակին՝ Վազգեն Վեհափառի ժամանակ, Մայր Տաճարի մեներգիչ էր, այժմ էլ Նոր Նորքի հինգերորդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու մեներգիչն է: Երգում է  նաեւ տարբեր միջոցառումների ժամանակ, ազատամարտիկներին նվիրված հուշ-երեկոներին, համերգներով հանդես  գալիս:

 

♦♦♦

ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ ՏՂԵՐՔԸՊատերազմից հետո, երբ աշխարհը քիչ թե շատ խաղաղվեց, Ալեքսանն ընտանիք կազմեց. ամուսնացավ իր մարտական ընկերներից մեկի՝ Վարդգեսի քրոջ՝ Արուսյակի հետ:

-Երազում էի տղա զավակ ունենալ, հորս շուտ էի կորցրել, ուզում էի որդուս հորս անունով կոչել՝ Արտեմ: Երազանքս կատարվեց: Երկրորդ որդուս էլ անվանակոչեցի Նարեկ: Տարբեր անուններ էինք մտածել՝ Հայկ, Դավիթ, Տիգրան, Նարեկ… մեկը մյուսից հրաշալի անուններ:  Մինչեւ վերջին պահն էլ դեռ երկմտում էի, մտմտում, վերջնական չէի որոշել, թե որ անունն ընտրեմ:

-Արվեստի մարդ եք, արվեստագետի հոգի ունեք, Նարեկ դրեք,- առաջարկեց-հուշեց անունների գրանցման բաժնի աշխատակցուհին:

♦♦♦

Երգ-երաժշտության հանդեպ սերը, արվեստի հանդեպ պաշտամունքը փոխանցվել է նաեւ Ալեքսանի զավակներին. երկու որդիներն էլ Չայկովսկու անվան  երաժշտական  միջնակարգ մասնագիտական դպրոցն են ավարտել,  երկուսն էլ անվճար, իրենց ուժերով ընդունվել են Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրի բաժին: Նարեկն առաջին կուրսում է, հունվարի 21-ին վերջին  քննությունը կհանձնի, իսկ 23-ին արդեն՝ բարեւ, բանակ…

ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ ՏՂԵՐՔԸՆարեկը ժպտում է. «Հիշում եմ, երբ  փոքր էինք, մեր մանկական խաղերի հերոսները ոչ թե  ֆիլմերի հերոսներն էին, ասենք՝  Ռեմբո,  այլ հենց հայրիկիս  մարտական ընկերներն էին՝  Կարոտը, Պետոն, մյուս իրական քաջերը:

-Ես Պետոն եմ,- գոչում էի ոգեւորված:

-Ես՝ Կարոտը,- ասում էր եղբայրս… Հիմա գնում եմ պաշտպանելու  Պետոյի, Կարոտի, հայրիկիս, քեռուս, նրանց մարտական ընկերների  պահած-պաշտպանած հողը: Կծառայեմ պատվով ու  նվիրումով: Հորս, մորեղբորս ու նրանց մարտական ընկերների պատիվը բարձր կպահեմ…Հիմա իմ հերթն է ամուր-ամուր  պահելու  մեր հայրենիքի սահմանները: Միայն մի ցանկություն ունեմ՝ լավ կլիներ բանակում մի փոքր հնարավորություն տրվեր նաեւ երաժշտությամբ զբաղվելու:

-Զորամասերում ուրախների, հնարամիտների ակումբներ են գործում, զինվորները մասնակցում են ինտելեկտուալ տարբեր մրցույթների, նաեւ ինքնագործ խմբեր կան,- թվարկում եմ:

-Եթե զորամասում ինքնագործ խումբ լինի, Նարեկը հաստատ պրոֆեսիոնալ կդարձնի,- կատակում է ավագ եղբայրը՝ Արտեմը:

-Համարձակ, հզոր ու ուժեղ, նվիրյալ սերունդ ունենք,- հպարտությունը չի թաքցնում ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը,- ապրիլյան գործողությունների ժամանակ էլ  մեր երիտասարդ սերունդը  խիզախության, հայրենապաշտության  փայլուն օրինակ ցույց տվեց: Արժանի փոխարինողներ ունենք՝  երկիր պահող տղերք…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ԼՈՒՍ.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #2 (1273) 23.01.2019 - 29.01.2019, Բանակ և հասարակություն


24/01/2019