2018Թ. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ
Հունվարի 24-ին 4-րդ բանակային զորամիավորման նոր բացված դահլիճում տեղի ունեցավ 2018թ. ուսումնական տարվա ամփոփում: Ամփոփմանը ներկա էին զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալներն ու ստորաբաժանումների հրամանատարները, կայազորի դատախազն ու իրավապահ մարմինների ղեկավարները:
Արարողությունը սկսվեց զորամիավորման մարտական դրոշի ներս բերումով, այնուհետև, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը հակիրճ ներկայացրեց օրակարգը: Մինչ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալները կսկսեին իրենց զեկույցները, ավագ գնդերեց Տեր Գալուստ քահանա Սահակյանը աղոթքով սկսեց իր խոսքը և նշեց, որ նաև հավատքով մեր քաջարի մարտիկները կկարողանան պաշտպանել հայրենի հողը:
Զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Արտակ Բուդաղյանը ներկայացրեց զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության վիճակը, շտաբների կատարած աշխատանքը, մարտական կիրառման խնդիրները: Նա մանրամասն ներկայացրեց ծառայությունների աշխատանքը, հաջողությունները, նաև առկա խնդիրներն ու թերությունները: Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Բագրատ Մաթևոսյանը ներկայացրեց զորամիավորման մարտական պատրաստության վիճակը: Նա ըստ զորամասերի մանրամասն ներկայացրեց տարվա ընթացքում կատարված աշխատանքները, նշեց զորամասերում տեղ գտած թերությունները, առկա խնդիրները, որից հետո նշեց ծառայողական պարտականությունների մեջ աչքի ընկած զինծառայողներին, այնուհետև տվեց համապատասխան ցուցումներ մարտական պատրաստության բարձրացման ուղղությամբ:
Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը ներկայացրեց զորամիավորման բարոյահոգեբանական, զինվորական դաստիարակության և կարգապահության վիճակը: Նա նշեց այն միջոցառումները, որոնք կատարվել են անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման ուղղությամբ: Ամփոփելով զեկույցը՝ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը գնահատեց բավարար և նշեց, որ դեռևս անելիքներ կան զորամասերում:
Զեկույցներով հանդես եկան նաև զորամիավորման հրամանատարի տեղակալներ՝ գնդապետներ Կարեն Սեդրակյանը, Գարեգին Հակոբյանը, Արթուր Արմենակյանը, Արթուր Գրիգորյանը, որոնք նույնպես ներկայացրին 2018թ. ուսումնական տարվա ընթացքում զորամասերում կատարված աշխատանքները՝ նշեցին թերություններն ու առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը ամփոփելով ռազմական խորհրդի նիստը, փաստեց, որ զորամիավորումը ունեցել է դրական առաջընթաց, սակայն անելիքները դեռ շատ են: Նա նշեց, որ զորամիավորման յուրաքանչյուր պաշտոնատար անձ պետք է գիտակցի իր պատասխանատվությունը սեփական ժողովրդի անվտանգության ապահովման սրբազան գործում…:
Նիստը եզրափակվեց զորամիավորման հրամանատարի՝ լավագույն ստորաբաժանումների, զինծառայողների խրախուսմամբ: Բազմաթիվ զինծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով, շնորհակալագրերով, կրծքանշաններով, նաև հեռուստացույցներով, սառնարաններով, բջջային հեռախոսներով, գումարով, այլ արժեքավոր նվերներով:
4-րդ զորամիավորման ԲՀԱ խումբ