Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՆԱԿԵՏՈՒՄ



ՀԵՆԱԿԵՏՈՒՄՄարտական հենակետ տանող ճանապարհը գրեթե ուղղահայաց է, դժվարանցանելի, սակայն հաղթահարելի։ Զինվորական ամենագնացի ամենօրյա երթուղին է՝ զորամասից մինչև լեռներ, մերկացած անտառի խորքում նեղ արահետ կա, ոլորանները տանում են ուղիղ մարտական հենակետ, դեպի հայրենիքի պաշտպանների դիրքը։ Վերևում՝ լեռնաշղթայի ամբողջ երկայնքով սահմանի պահապաններն են, դիրքի տղաները։ Նրանց ամենաբարդ գոտին է վստահված։ Խրամատում ժամկետայիններ չեն, պայմանագրայիններ են, ընդ որում, շատերն ավելի քան տասը տարի է՝ բարձունքում են։ Իրենք են դիրքը կառուցել, կահավորել, անխոցելի դարձրել։

Հակառակորդի դիմաց, դիտակետում հայկական բանակի ռազմիկն է՝ Ռազմիկ Մկրտչյանը։ Սևանցի երիտասարդն ընտրել է պայմանագրային ծառայությունը և հատկապես այն ուղղությունը, որտեղ անցկացրել էր ժամկետային ծառայության երկամյակը. «11 տարի դիրքերում եմ, երբ ժամկետային ծառայությունս ավարտվեց, զորացրվեցի, կարճ ժամանակ անց հասկացա, որ պետք է վերադառնամ, մեր հիմնած դիրքերն ինքներս պետք է պահենք, սահմանը պաշտպանենք»։ Սա յուրաքանչյուր դիրքապահի պատասխանն է, թե ինչու և ինչպես համալրեց բանակի շարքերը։

Դիրքապահներից շատերը մոտակա սահմանամերձ համայնքներից են։ Նրանց համար դիրքը կրկնակի հարազատ վայր է, Տավուշի չընդհատվող անտառներում է անցել մանկությունը, թեժ մարտերում՝ երիտասարդությունը. «Իմ ընկերներն ու եղբայրներն են կռվել այս լեռներում, տասնամյակներ առաջ պահել հողն ու ապահովել մեր խաղաղ արարումը, հետևաբար, մեր պարտքն է շարունակել նրանց գործը, ընդ որում, մեր անուններն էլ հենց այդ ոգով են դրել, որ չերկնչենք, մարտնչենք ու պահենք սահմանի մեզ վստահված հատվածը»։ Կորյուն Ալիխանյանն իր հիշողություններն ու հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրումն ամփոփում է մեկ նախադասությամբ, ցանկացած պահի պատրաստ լինելու պարտավորությամբ, որն իրենց համար առաքելություն է՝ սեփական տան, գյուղի ու շրջանի անվտանգության համար։

Պայմանագրային ծառայության անցած տղաներին նաև զինված ուժերի ներկայացրած պայմաններն են գոհացնում, պատասխանատու ծառայությունը նաև եկամտաբեր է։ Մարտական հերթապահության երկու շաբաթներից հետո տուն են վերադառնում, ևս երկու շաբաթ զբաղվում առօրյա գործերով, գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ ու անասնապահությամբ։ Եվ այսպես ամբողջ տարին։

Դիրքերում խաղաղությունը հարաբերական է, իրավիճակը՝ հանգիստ, վերահսկելի։ Դիրքն ինժեներական առումով հագեցած է, ժամանակակից սարքերով համալրված, պարենային ապահովումը՝ գոհացնող։ Առաջնագծում, ինչպես տանը, ապրում ու ծառայում են մեկ ընտանիքի պես, սահմանը հսկում հերթով, հանգստանում ժամանակին, մարզվում ամեն օր։ Մարտունակությունը բարձրացնում են ուսումնական տագնապ հայտարարելով, հանկարծակի ստուգումներով։ Ընդ որում, առաջադրանքները կատարում են հաշված վայրկյանների ընթացքում՝ յուրաքանչյուրը զբաղեցնելով իր տեղը։ Անձնակազմի պատրաստությամբ վաշտի հրամանատարն է զբաղվում։ Երիտասարդ սպա Գևորգ Սահակյանի հսկողությամբ գործող մեկ դիրք չէ, մի ուղղություն է։ Շրջում է բոլոր դիրքերում, հետևում մարտական հերթապահությանն ու վերացնում թերությունները. «Իմ հրամանատարությամբ ծառայող բոլոր զինծառայողներին անձամբ ճանաչում եմ, պարբերաբար զրուցում, փոխանցում իմ փորձն ու ընդգծում դիրքերում մարտական հերթապահության առաջնահերթությունները: Մեր տղաները փորձի պակաս չունեն, վաղուց են այստեղ և լիարժեք տիրապետում են սահմանին»։

Առաջին գծում հաճախ շրջում են հրամանատարը, տեղակալները, նաև զորամասի սպա-հոգեբանը։ Ավագ լեյտենանտի գլխավոր խնդիրը դիրքն ավելի անխոցելի դարձնելն է, կենցաղային հարմարություններով ապահովելը, դիրքապահների բարոյահոգեբանական վիճակին ծանոթանալը, նրանց հետ զրուցելն ու գոտեպնդելը։

Մարտական հերթապահությունն այսօր էլ շարունակվում է։ Օրեր անց կգան փոխարինողները, կզբաղեցնեն իրենց տեղերը։ Այս հերթափոխն էլ կվերադառնա տուն։ Եվ այսպես ամբողջ տարին՝ սահմանված կարգի համաձայն և դիրքը ընկերներով ու տեղաբնակներով հսկելու նվիրական ցանկությամբ։

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #3 (1274) 30.01.2019 - 5.02.2019, Ազգային բանակ


31/01/2019