ՀՊԱՐՏ ՈՒ ԱՆՆԿՈՒՆ. ԶԻՆՎՈՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ
Նոր Նորքի զինկոմիսարիատում զորակոչի հերթական օրն է: Շենքի բակը մարդաշատ է: Զինկոմիսարիատի աստիճանների վրա տեսնում եմ հարազատ մի դեմք. տիկին Համեստն է` ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը: Այս սպայի արարքը, աներևակայելի սխրանքը դարձել է հայրենի եզերքի պաշտպանության գործը, զինվորների կյանքն ու ապահովությունը իր կյանքից վեր դասող, հպարտ, անձնազոհ ու աննկուն հայ սպայի խորհրդանիշ: Ի դեպ, Արմենակը ծնվել է հունվարի 28-ին՝ մեր Բանակի ծննդյան օրը…
Այժմ տիկին Համեստը աշխատում է այս զինկոմիսարիատում, որտեղ նրան յուրահատուկ սիրով ու հարգանքով են շրջապատել: Նա իրեն ամբողջությամբ նվիրել է բանակի ու զինծառայողների հոգսերին, նաև որդու անունով բարեգործական հիմնադրամ է ստեղծել, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Աննա Հակոբյանն է: Հիմնադրամի միջոցներով տիկին Համեստն ամեն կերպ փորձում է աջակցել զինծառայողներին, նրանց ընտանիքներին: Բայց նրանը մի այլ կարգի հոգածություն է. մոր սիրտը առանձնակի զգայուն թելերով կապված է հատկապես առաջնագծում ծառայող զինվորներին ու սպաներին: Պարբերաբար այցելում է մարտական հենակետեր, իր ներկայությամբ ոգեշնչում զինծառայողներին: Ասում է. «Ինձ այնտեղ Արմենակս է տանում, նրա անունից եմ գնում: Փորձում եմ մանրամասն իմանալ՝ ամեն ինչով ապահովվա՞ծ են, կո՞ւշտ են, տա՞ք է տղաների հագուստը: Նրանց հայտնած թեկուզ ամենափոքր թվացող ցանկությունը անմիջապես գրի եմ առնում, հաջորդ անգամ փորձում հասցնել, դե, իսկ քաղցրեղենն ու համեղ բաները պարտադիր են: Այսպես տղաս էր անում` ամեն աշխատավարձից իր տղերքի համար անպայման մի մեծ բաժին էր հատկացնում նվերների համար»:
Դիրքապահ տղաներից խոսելիս պայծառանում է տիկին Համեստը: «Շա՜տ են ուրախանում, հատկապես, երբ իմանում են` ում մայրն եմ»: Տիկին Համեստը պատմում է իր բոլոր ծրագրերից, իսկ դրանք շատ են. բավական գործ արդեն իսկ արված է, շատն էլ դեռ ծրագրվում է: Տիկին Համեստի հետ զրուցելով՝ մոտենում ենք Նոր Նորքի զինկոմիսար, գնդապետ Սերգեյ Հակոբյանի աշխատասենյակին: Նրանից եմ ուզում լսել ընթացող զորակոչի մասին: Գնդապետը գոհունակությամբ նշում է. «Նախկինի համեմատ՝ ներգաղթը Հայաստան մեծ թափ է հավաքում, և այս տարի անցած տարիների համեմատությամբ ավելի շատ են արտերկրից եկած նորակոչիկները: Հետաքրքիր բան է նկատվում. հոգեբանորեն նրանք լիովին պատրաստ են ներկայանում: Ում հետ խոսում ենք, արդեն կայացած տղամարդ է, ու իրոք հայրենասիրական ոգին է նրանց բերել բանակ:
Կարևոր մի փաստ՝ բոլոր նորակոչիկները առանձնահատուկ ոգևորությամբ են բանակ գալիս հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Կարծում եմ՝ Արցախյան պատերազմից տարիներ անց նոր պատերազմը գծագրեց մեր նորօրյա հերոսի` զինվորի, զինվորականի ամենաբարձր կերպարը, որով ոգեշնչվում են մեր տղաները, որին ձգտում են հավասարվել: Եվ, իհարկե, շատ կարևոր է, որ արտերկրի մեր ազգակիցներին էլ են փոխանցվում այս հզոր ալիքները»:
-Հետաքրքիր է, թվում էր, թե պատերազմից հետո զինծառայությունից խուսափողների թիվը պետք է մեծանար …
– Ճիշտ հակառակը՝ ոգևորությունն ու պատրաստակամությունն աննախադեպ են:
Զորակոչի ընթացիկ հարցերի շուրջ գնդապետ Հակոբյանին զեկուցելու եկած բաժանմունքի պետ Կարեն Ղազարյանն իր հերթին նշում է. «Մյուս զորակոչների հետ համեմատած` հաշվառումից դուրս մնացածների թիվն այս տարի զգալիորեն կրճատվել է: Տղաների մեծ մասը պատրաստ են, կոփված ու գաղափարապես ամուր: Կան որոշ խնդիրներ ունեցողներ, բայց մինչև մանրամասն չենք ուսումնասիրում առողջական, ընտանեկան դրությունը, այլևայլ սահմանափակումներ, որքան էլ մեծ լինի նրանց ծառայելու ցանկությունը, չենք կարող թույլ տալ, որ որևէ սահմանափակումով երիտասարդ համալրի բանակի շարքերը»:
Զինկոմիսարիատի բակում զրուցում եմ տղաների ու նրանց ծնողների հետ: Նորակոչիկներից մեկը՝ Ավետիս Ղազարյանը, ԱՄՆ-ից է եկել: «Առաջին հերթին՝ պապիկիս տված խոստումն ինձ Հայաստան բերեց,- ասում է երիտասարդը:-Նա շատ էր ուզում, որ հայրենիքում ծառայեմ: Երիտասարդը պատմում է, որ ծնողները, որոնք 1993թ. ԱՄՆ-ում էին հաստատվել, հենց իր ծնվելուց առաջ՝ 1999թ.-ին, Հայաստան են վերադարձել, որ իրենց որդին հայրենիքում ծնվի: Չորս ամսական էր, երբ հոր բուժման նպատակով կրկին մեկնեցին ԱՄՆ: Երկրորդ անգամ հայրենիքում եղավ արդեն 2015 թվականին, երբ իրենց պարային համույթով՝ «Hayastan dance center», ելույթ ունեցան Երևանում և Գյումրիում: Այդ ընթացքում հորեղբայրների հինգ որդիներն էլ ծառայում էին: «Պապիկս միշտ խոսում էր հայ տղամարդու պարտքի մասին, կյանքի այն կարևոր փորձառության մասին, որ միայն բանակում ես ձեռք բերում, ու ես խոստացա նրան: Դրանից հետո շուտ-շուտ էի գալիս Հայաստան: Եվ այսօր ահա այստեղ եմ: Այսքան տղաներ ծառայում են, իհարկե, ես էլ պետք է ծառայեմ հայրենիքիս»:
Մայրը՝ Էլլա Հայրապետյանն ասում է. «Չնայած որդիս ԱՄՆ-ում է մեծացել, բայց հայկական ոգով է դաստիարակվել, հայկական դպրոց հաճախել: Մեզ համար, ճիշտն ասած, սկզբում շատ անսպասելի էր նրա որոշումը, բայց, իհարկե, հարգեցինք, ընդունեցինք ու խրախուսեցինք: Վստահ եմ, որ Ավետիսը շատ լավ զինվոր կլինի հայրենիքի համար: Սա մեզ համար էլ է մեծ հպարտություն»:
Գևորգ Վարժապետյանը Սլավոնական համալսարանում է սովորում. կինոռեժիսորի մասնագիտությունն է ընտրել: Եղբայրը՝ Հենրին, քառօրյա պատերազմի մասնակից է. Թալիշի մարտական հենակետերից մեկում է ծառայել: «Եղբորդ ի՞նչ խորհուրդ ես տվել»,- հարցնում եմ նրան: Առանց երկար մտածելու պատասխանում է՝ «Դուխով: Եվ իհարկե մեր բոլոր զինակոչիկներին կցանկանամ, որ խաղաղությամբ ծառայեն ու վերադառնան իրենց օջախները»:
Երբ երիտասարդներին ասում եմ, որ այս զինկոմիսարիատում Արմենակ Ուրֆանյանի մայրն է աշխատում ու հիմա կմոտենա իրենց ճանապարհելու, ոգևորվում են, մի քիչ շփոթվում: Տիկին Համեստը սովորաբար այս օրերին բակ չի իջնում: Ինչպես ցանկացած մոր համար, նրա համար էլ դժվար է բաժանումը: «Բոլորն էլ մեր երեխեքն են»: Քիչ անց արդեն ավտոբուսներն սկսում են լցվել նորաթուխ զինվորներով ու նրանց պայծառ ժպիտներով: Տիկին Համեստը իջնում է նրանց ճանապարհելու. ավտոբուսում ողջագուրվում է տղաների հետ, խոսում, խորհուրդներ տալիս: «Տղանե՛ր ջան, նախ և առաջ, խնդրում ու մոր իրավունքով պահանջում եմ բոլորիդ՝ հոգատա՛ր եղեք միմյանց հանդեպ, լա՛վ ընկերնե՛ր եղեք: Ոչ մի խնդիր չկա այս աշխարհում, որի պատճառով կարելի է իրար թեկուզ մի թթու խոսք ասել: Խոստացե՛ք, որ իրար հանդեպ հարգանքով ու ներողամիտ կլինեք: Լսե՛ք սպաներին, ուշադի՛ր լսեք. նրանք հիմա ձեր ավագ եղբայրներն են, ձեր փորձառու ղեկավարները: Մի՛ անտեսեք ձեր անվտանգության համար ասված ոչ մի խոսք. սա շատ կարևոր է: Դե, իսկ ես այստեղից ձեզ ճանապարհում եմ, իսկ ձեր ծառայավայրերում էլի կհանդիպենք: Նվերներով կգամ: Հատկապես նրանց, որ մարտական հենակետեր կուղևորվեն, առաջինը կայցելեմ»:
Տղաներն ակնածանքով ու սիրով են լսում տիկին Համեստին, որն այդ պահին բոլոր մայրերի սրտից է խոսում: Ուզում են, առիթից օգտվելով, լուսանկարվել հերոս հրամանատարի մոր հետ:
«Պատվո՛վ ծառայեք, որ խրոխտ հետ գաք, տղե՛րք ջան: Բարի ծառայություն»,-բարեմաղթում է տիկին Համեստը, երբ ավտոբուսները, հավաքվածների ծափերի ներքո դուրս են գալիս բակից և ճանապարհ ընկնում դեպի կենտրոնական հավաքակայան:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ