Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՊՔԸ



Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է զբաղվել տորպեդային սպառազինության մշակման ու փորձարկման` դեռևս ԽՍՀՄ օրոք Իսիկ Կուլ լճի ափին կառուցված «Դաստան» կենտրոնի արդիականացմամբ: Խորհրդային տարիներին այստեղ իրականացվում էին ժամանակի համար եզակի ու գերարագ, ինչպես նաև միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ «Շկվալ» թևավոր ռեակտիվ տորպեդների ստորջրյա փորձարկումները:

ԽՍՀՄ փլուզումից հետո կենտրոնը մատնվել էր փաստական անգործության: Բայց թեև Կիրգիզիայում որևէ գաղտնիք գնելն առանձնապես դժվար չէր, օտարերկրյա հատուկ ծառայություններին տարիներ շարունակ չէր հաջողվում անհրաժեշտ տեղեկություններ ձեռք բերել այս հրթիռների մասին: Վերջին երեք տարիների ընթացքում դա հաջողվեց միայն Իրանին ու Գերմանիային, ինչի համար, ամենայն հավանականությամբ, նրանք պարտական են պետության պաշտոնանկ նախագահ Կուրմանբեկ Բակիևի վարչակարգին, որը, թերևս ԱՄՆ ճնշման ներքո, անընդհատ ձգձգեց վարձակալության դիմաց կենտրոնի փոխանցումը Ռուսաստանի Դաշնությանը:

Կիրգիզական կառավարության հետ միասին իրականացվելիք այս ծրագիրը Հնդկաստանին հնարավորություն կընձեռի իր սպառազինությունում ունենալ միջուկային մատագլխիկներով տորպեդներ և ռազմածովային ասպարեզում զգալի գեռակշռություն ձեռք բերել ծովում ևս օրեցօր հզորացող Չինաստանի նկատմամբ, որը, որքան հայտնի է, դեռևս չունի նման հրթիռներ:

Սա ռուս-հնդկական ռազմական շահերի խոշոր բախման երկրորդ դեպքն է: Առաջինը Դուշանբեին մերձակա «Այնի» օդանավակայանն էր, ուր Հնդկաստանն անգամ հասցրել էր մի քանի միլիոն դոլար ներդնել:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


20/09/2011