Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԱՎԵԼԻ ՉԻ ԼԻՆՈՒՄ



ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՔ ԱՎԵԼԻ ՉԻ ԼԻՆՈՒՄՁմեռը կես է եղել, զինվորին սեր ենք բերել…

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց բանակ:

Ահա այս խոսքերով ազդարարվեց մեր քսանյոթամյա բանակին նվիրված ցերեկույթը:

Զորամասի բակում աշխուժությունն ավելացավ, երբ զինվորական համազգեստավորներին խառնվեցին դպրոցականները: Շփումն անմիջական դարձավ:

Սակայն մինչ ցերեկույթն սկսելը, դպրոցականները մասնակցեցին Աշոտ Չախոյանին նվիրված հուշ-ցերեկույթին:

Ներկաները պատմեցին Աշոտի մարտական գործողությունների, հայրենիքին կյանքը նվիրաբերելու անձնազոհ արարքի մասին:

1994թ. հունվարի 31-ին Քարվաճառի բարձունքներից մեկում Աշոտը զոհվեց՝ փրկելով ընկերների կյանքը։

Մինչ օրս նրա զոհվելու վայրը կոչում են «Աշոտի սար»:

Զորամասում նրա անունով ստեղծվել է «Փառքի անկյուն», Աշոտի անունը գրվել է «Հավերժ ապրողների» անվանացանկում, պարգևատրվել «Արիության» մեդալով:

Հերոսի մոր՝ հայրենիքի նկատմամբ սիրո ու նվիրումի մասին խոսքերը մեծ դաս-խորհուրդ էին ոչ միայն զինվորների, այլև դպրոցականների համար: Չէ՞ որ ռազմահայրենասիրական դաստիարակության համար կարևոր է  քաջազուն մարտիկների սխրագործությունների մասին նմանատիպ պատմություններ լսելը: Նրանք, լինելով հայրենիքի մի մասնիկը, կխորհեն ու կհասկանան, իրենց ուժն ու եռանդը կներդնեն հայրենիքի պաշտպանության գործում:

Այնուհետև ներկաները տեղափոխվեցին դահլիճ:

Բեմից ոչ միայն հորդում էր տոնական երգն ու պարը, հայրենիքն ու բանակը փառաբանող խոսքերը, այլև հենց բեմից դպրոցականներն իրենց միջոցառմանը ներգրավեցին նաև զինվորներին:

Բանակ-դպրոց կապն ամուր պահելու, հետաքրքիր համագործակցությունների համար N զորամասի կողմից Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոցը պարգևատրվեց շնորհակալագրով:

Մի թռվռուն աղջիկ, չզսպելով ուրախությունը, գոչեց.

– Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:

Ծափողջույններն ավելի «զրնգուն» դարձան:

Ետ ենք վերադառնում: Բոլորը լուռ են, բոլորը խորհում են: Մեկիկ-մեկիկ նայում եմ նրանց դեմքերին ու ինքս ինձ մեկ անգամ ևս ասում՝ հայրենասիրությունը երբեք ավելի չի լինում:

ՆԱԻՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


04/02/2019