ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ՀՀ ՊՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ
ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը 2018թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում որոշում կայացրեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Որոշմանը նախորդել էր ռուհերում այդ ուղղությամբ իրականացված ծավալուն աշխատանք: Ռուհերն առաջին անգամ էին մասնակցում հավատարմագրմանը, և այն ըստ էության նոր մարտահրավեր դարձավ:
Ի՞նչ տվեց ռուհերին ինստիտուցիոնալ հավատարմագրումը, և արդյոք դա անհրաժե՞շտ էր ռազմական կրթության կազմակերպման արդյունավետության տեսանկյունից: Պատասխանը միանշանակ է, և դրան կարող ենք հանգել՝ վերլուծելով մեր ռուհերի անցած ուղին:
Որպես ՀՀ ՊՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններ, ռուհերն ի սկզբանե ունեցել են իրենց հստակ առաքելությունը: Անմիջական կապը ՀՀ պաշտպանության նախարարության և զինված ուժերի հետ նպաստել է կադրերի պատրաստման հարցում հիմնավորված քաղաքականության մշակմանը և իրականացմանը: Զինված ուժերի կարիքների հիման վրա են մշակվել և ժամանակի ընթացքում շարունակաբար կատարելագործվել ռուհերի մասնագիտությունների կրթական ծրագրերը: Տարիների ընթացքում ռուհերում, որպես զինվորական հաստատություններ, ձևավորվել է կրթական մշակույթ, որը ՀՀ բարձրագույն կրթության համակարգում առանձնանում է ընդգծված որակյալ մոտեցումներով, ինչպիսիք են գործող կառավարման համակարգը, հստակ հաշվետվողականության մեխանիզմները, անմիջական կապը պատվիրատուի՝ տվյալ դեպքում ՀՀ ՊՆ և ԶՈՒ հետ, շրջանավարտների հետ հետադարձ կապի գործուն մեխանիզմները, նրանց հետագա կարիերայի հնարավորությունները, կրթական ծրագրերի փոփոխվող պահանջներին համապատասխանության պարտադիր ապահովումը և այլն: Նշվածները մեր ռուհերին հնարավորություն են տալիս ՀՀ բարձրագույն կրթական դաշտում հանդես գալու որպես նմանօրինակ ձեռքբերումներով առանձնացող բուհեր: Իսկ ՀՀ քաղաքացիական բուհերի հետ, այսպես կոչված՝ «մրցակցության» տեսանկյունից, հավատարմագրումը սեփական որակները դրսևորելու լավագույն հնարավորությունն է:
Հավատարմագրման ընթացքը
Հավատարմագրման գործընթացի հիմնական նպատակը բարձրագույն ուսումնական հաստատության կրթական ծառայությունների և կրթության արդյունքների՝ ՀՀ կառավարության հաստատած չափանիշներին և գերակա ուղղություններին համապատասխանության հավաստումն է: Սկզբնական շրջանում, սակայն, ռուհերի անձնակազմը հավատարմագրումը դիտում էր որպես ուսումնական հաստատության գործունեության վերահսկման ևս մեկ մեխանիզմ: Հաշվի առնելով ռազմական բուհերի դեպքում բազմակողմանի վերահսկողության արդեն առկա մշակույթը, բնական էր, որ նոր վերահսկողության մեխանիզմ դիտվող հավատարմագրումը պետք է թվար ինչ-որ իմաստով նախորդների կրկնություն և միանշանակ չընդունվեր ռուհերի անձնակազմի կողմից: Սակայն ընթացքը ցույց տվեց, որ հավատարմագրումն ըստ էության այլ դիտանկյուն է ապահովում սեփական գործունեության գնահատման համար և նոր, կարևոր ձեռքբերումների հիմք է հանդիսանում:
Հավատարմագրումը զուգորդվեց ռուհերում 2014-15թթ. որակի ապահովման ստորաբաժանումների ստեղծմամբ, որոնց գործունեության հիմնական նպատակը որակի ապահովման մշակույթի և նոր մեխանիզմների ներդրումն էր ռազմական կրթության ոլորտում:
ՀՀ քաղաքացիական մի շարք բուհերում որակի ապահովման ստորաբաժանումներն սկսել էին գործել ավելի վաղ՝ 2011թ.-ից: Նրանց ներգրավվածությունը տարբեր փորձնական ծրագրերում ապահովել էր որոշակի փորձի կուտակում այդ ոլորտում: Այսպիսով՝ 2017թ. նոյեմբերի 23-ին, երբ ՀՀ պաշտպանության նախարարի հաստատած ժամանակացույցով սկիզբ դրվեց ռուհերի հավատարմագրման գործընթացին, ՀՀ պետական մյուս բուհերն արդեն հաջողությամբ անցել էին այդ գործընթացը: Ըստ այդմ՝ ռազմական բուհերի առաջ խնդիր դրվեց ինչ-որ իմաստով նաև ապացուցել, որ կրթական դաշտում իրենք ըստ էության չեն զիջում ՀՀ ավելի մեծ և փորձառու բուհերին: Հետագայում հավատարմագրման արդյունքները հավաստեցին դա: Քանզի ռուհերը շուրջ 1 տարի տևող գործընթացի ավարտին ՀՀ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ստացան 4 տարով հավատարմագրում, այսինքն՝ նույն արդյունքը, ինչը, օրինակ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և մեծ փորձառություն ունեցող այլ բուհերի դեպքում:
Հավատարմագրման արդյունքը
Հավատարմագրման գործընթացը ռուհերում հնարավորություն տվեց նորովի վերագնահատելու սեփական ուժերը, վերլուծելու ուժեղ և թույլ կողմերը: Միևնույն ժամանակ, որակի ապահովման ստորաբաժանումների կողմից ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրությունն ու ներդրումը ռուհերում նպաստեց նոր մեխանիզմների ստեղծմանը, որոնք թույլ են տալիս բովանդակային վերլուծություններ կատարել և հնարավոր խնդիրներ առանձնացնել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա: Ռուհերի վերջին 5 տարիների գործունեության ինքնավերլուծությունը ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի N 959-Ն որոշմամբ հաստատված չափանիշներով, հնարավորություն տվեց ստանալու 5 տարվա գործունեության ամբողջական պատկերը բոլոր ուղղություններով: Ինքնավերլուծության ընթացքում ստեղծված և հստակեցված փաստաթղթային հիմքերը, առանձին ուղղություններով իրականացված վերլուծությունները և հետազոտություններն ամբողջականացվեցին մեկ փաթեթում, որը ռուհի անցած ուղու նկարագրման, գնահատման և ընթացիկ խնդիրների առանձնացման համար կարևոր հիմք էր: Նման ձևաչափով ինքնավերլուծությունը նոր մոտեցում էր ռազմական կրթության համակարգում: Այն հնարավորություն տվեց կրթության կազմակերպումը վերլուծել այլ դիտանկյունից և ամբողջական պատկերի համատեքստում: Արդյունքում՝ և՛ ինքնավերլուծության մեջ, և՛ փորձագիտական խմբի զեկույցում առանձնացված խնդիրները և դրանց լուծման ուղիները տեղ գտան ռուհերի առաջիկա 4 տարիների բարելավման ծրագրերում: Հավատարմագրման կարգի համաձայն՝ բարելավման ծրագրերը ևս գնահատում անցան փորձագիտական խմբի կողմից և հավանության արժանացան:
Հավատարմագրման ձեռքբերումները
Մեծագույն ձեռքբերումներից կարելի է համարել միջազգային ասպարեզում որպես միջազգային չափանիշներով հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություն հանդես գալու հնարավորությունը: Հավատարմագրում իրականացնող կազմակերպությունը՝ ՄԿՈԱԱԿ-ը, անդամակցում է մի շարք միջազգային հեղինակավոր կառույցների (Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանց՝ INQAAHE, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիա՝ ENQA և այլն), իսկ 2017թ. ընդգրկվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR): Մյուս կողմից՝ ռուհերի գնահատում իրականացնող փորձագիտական խմբերի կազմում, գործող կարգի համաձայն, ընդգրկված էին միջազգային փորձագետներ: Մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգի աերոտիեզերական սարքաշինության պետական համալսարանի Ռադիոտեխնիկական և օպտոէլեկտրոնային համակարգերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Կրյաչկոն, Լեհաստանի ռազմածովային ակադեմիայի հրամանատարության և ծովային գործողությունների ֆակուլտետի փոխդեկան Բարտոլոմեյ Պաչեկը: Միջազգային փորձագետները զեկույցներում առանձին կարծիքներ են ներկայացրել՝ վերլուծելով միջազգային չափանիշների տեսանկյունից մեր ռուհերում կազմակերպվող կրթությունը: Այս ամենը հիմք է տալիս վկայելու, որ հավատարմագրման արդյունքները ճանաչելի են նաև միջազգային ասպարեզում: Սա մեծ հնարավորություն է ընձեռում ռուհերին ընդլայնելու միջազգային համագործակցության ծրագրերը արտերկրի ուսումնական հաստատությունների հետ՝ կրեդիտների փոխճանաչման և համատեղ ծրագրերի իրականացման տեսանկյունից:
Մասնավորապես՝ վերջինս կարող է նպաստել հեռավար ուսուցման նախադրյալների ստեղծմանը ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում, ինչը կարևորվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման (DEEP)» ծրագրի համագործակցության շրջանակներում: Ներկայումս այս ուղղությամբ սկսվել են աշխատանքները Լեհաստանի ռազմաուսումնական հաստատությունների հետ փորձի փոխանակման և Հայաստանի պաշտպանական համակարգում հեռավար ուսուցման ներդրման նպատակով:
Մյուս կարևոր ձեռքբերումը հավատարմագրման միջոցով ռուհերի գործունեության վերաբերյալ հասարակության շրջանում վստահության առավել ամրապնդումն է, ռազմական կրթության գրավչության մակարդակի բարձրացումը: Քաղաքացիական խոշոր բուհերի հետ հավատարմագրման նույն մակարդակի վրա լինելով՝ ռուհերը հնարավորություն ունեն ընդլայնելու ուսումնական հնարավորությունները, կրթական ծրագրերում ընդգրկված ուսումնառողների թիվը, այլ բուհերի հետ համատեղ կրթական ծրագրերը:
Վերջում կուզենայի նշել, որ ռուհերը, բանակ-հասարակություն կապի տեսանկյունից, որպես ՀՀ սպայական կադրերի պատրաստման հիմնական դարբնոց, կարևոր առաքելություն իրականացնող օղակ են: Նրանց աշխատանքի որակն անմիջական ազդեցություն ունի մեր զինված ուժերի արդյունավետության վրա: Հետևաբար, բոլորիս խնդիրն է մեր աշխատանքով և ուժերի ներածին չափով նպաստել ռազմական կրթության շարունակական բարելավմանը մեր հայրենիքում:
ԳԱԳԻԿ ՔԹՐՅԱՆ
Խորագիր՝ #4 (1275) 6.02.2019 - 12.02.2019, Ռազմական