Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐԵՑԻ ՀԱՅՐԵՆԻՔՍ…



ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐԵՑԻ ՀԱՅՐԵՆԻՔՍ...Նարեկը երեք տարեկան էր, երբ Ռուշանյանները թողեցին հայրենի Էջմիածինն ու բնակություն հաստատեցին հեռավոր Մեքսիկայի Էնսենադա քաղաքում: Նարեկի մոր՝ տիկին Սիրանուշի համար ամենակարևորը  Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու իր ընտանիքը հայ պահելն էր: Նաև պետք էր հարմարվել նոր միջավայրին, մարդկանց ու կարողանալ ապրել: Ապրել՝ չկորցնելով հայրենիքի հետ կապը և տղաներին  հայրենասեր դաստիարակելով:

-Ծնողներս ինձ ասել էին, որ Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկն է, որ մեր հայրենիքը ամենագեղեցիկ երկիրն է, մեր մշակույթը հազարամյակների պատմություն ունի,  մենք աշխարհին հայտնի ենք մեր տաղանդավոր հայրենակիցներով: Ու ինձ համար շատ զարմանալի էր, որ մեքսիկացի իմ դասընկերները գրեթե ոչինչ մեր հայրենիքի մասին չգիտեին,- ասում է Նարեկը:

Հինգ տարի  Մեքսիկայում ապրելուց հետո տիկին Սիրանուշը  որոշում է ամառային արձակուրդներին երեխաներին  Հայաստան բերել, որպեսզի տղաները լինեն իրենց հայրական տանը, ճանաչեն հայրենիքն ու հայրենակիցներին:

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐԵՑԻ ՀԱՅՐԵՆԻՔՍ...-Նարեկը, որ գրեթե չէր հիշում Հայաստանը, նույնիսկ մեր տունը չէր հիշում՝ միանգամից սիրեց իր երկիրը, շատ սիրեց, այնքան շատ,  որ նույնիսկ չէր ուզում վերադառնալ Մեքսիկա: Մի քանի շաբաթների ընթացքում այնպես էր կապվել, որ արցունքներն աչքերին ետ դարձանք:

-Աչքս բացել` Մեքսիկան եմ տեսել: Այն ինձ համար  ծննդավայր էր: Հայաստան գալիս չէի պատկերացնում, որ  այսքան ջերմություն ու սեր,  հարազատություն կզգամ: Անսահման սիրեցի հայրենիքս…

-Արդեն մոտենում էր Նարեկի զորակոչային  տարիքը: Որոշեցինք վերադառնալ, որ Նարեկն ավելի լավ ճանաչի Հայաստանը, ավելի լավ հայերեն սովորի: Շատ կարևոր էր,  որ մինչ բանակ գնալը Նարեկը հարմարվի հայկական միջավայրին: Մինչ զորակոչվելը շրջագայեցինք Հայաստանի պատմական վայրերում:  Արցախում էլ եղանք…

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐԵՑԻ ՀԱՅՐԵՆԻՔՍ...Նարեկը մեր բանակի մասին տարբեր պատմություններ էր լսել: Հորեղբայրը նրան  պատմել  էր, որ հայ երիտասարդները շատ հայրենասեր են, որ անկախ մտավոր կարողություններից, սոցիալական պայմաններից, հասարակական դիրքից, հայրենիքի պաշտպանությունը ամենավեհ գաղափարն է բոլորի համար: Հայ ընտանիքներում տղա երեխաներին մանկուց  դաստիարակում են որպես ապագա զինվորի:

-Հորեղբայրս ասում էր, որ զինվորին պաշտելը գալիս է մեր դարավոր պատմությունից: Այն մեր արյան ու գենի մեջ է: Նաև պատմում էր, որ դիրքեր բարձրացող ցանկացած զինվոր պատրաստի մարտիկ է, որ մեր բանակի հրամանատարներն իրենց գիտելիքները փոխանցում են մեր զինվորներին: Ամեն ինչ անում են, որ նոր բանակ գնացած զինվորները կարճ ժամանակում հայրենիքի պաշտպան դառնան: Ես լսում էի այս պատմությունները ու մտածում՝ որքան անընդունելի  կլիներ, եթե չկատարեի զինվորական պարտքս:

Նարեկը ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկներից է:

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐԵՑԻ ՀԱՅՐԵՆԻՔՍ...Ռուշանյանները հունվարի 10-ին  իրենց հայրական տանը  դհոլ-զուռնայով, երգ ու պարով  են հայրենիքի պաշտպանին բանակ ճանապարհել: Կենտրոնական հավաքակայանում  հավաքվել են Նարեկի  ընկերները, հարևաններն ու հարազատները, որպեսզի բարի մաղթանքներով ճանապարհեն  իրենց զինվորին: Վիճակահանությունից հետո պարզվել է, որ առաջին վեց ամիսը  ուսումնական հրետանային զորամասում պիտի ծառայի, ապա սահմանային զորամասում որպես կրտսեր հրամանատար շարունակի ծառայությունը:

-Մաման, երբ ինձ զինվորի համազգեստով տեսավ` հուզվեց: Մորս արցունքները տեսնելով`  սիրտս ճմլվում էր, բայց ես ինձ իսկական տղամարդու պես պահեցի: Վստահ էի՝ եթե  հուզմունքս չթաքցնեմ, մայրս ավելի շատ է նեղվելու,- պատմում է հայրենիքի նորաթուխ զինվորը: -Մեզ դիմավորեցին զորամասի սպաները: Նրանք շատ բարյացակամ էին: Մեզ  հետ մեկ առ մեկ զրուցեցին: Ուշադիր էին, հոգատար:   Զորամասը մեծ էր ու լուսավոր: Ամեն ինչ կարգ ու կանոնով, միանման, ննջարանները՝ կոկիկ կահավորված: Մեզ ցույց տվեցին շարահրապարակը, մարզահրապարակն ու լսարանները, որտեղ  պարապմունքներ պիտի անցկացնեինք: Ուղեկցեցին ճաշարան: Մայրս անհանգստանում էր, որ դժվարությամբ կհարմարվեմ զինվորական ճաշերին: Բայց ճաշը համեղ էր: Քիչ էր տարբերվում մորս պատրաստածից: Երբ օրն ավարտվում  էր,  մտանք զորանոց, որ քնենք, հանգստանանք: Սկզբում քունս չէր տանում: Ուշք ու միտքս տանն էր: Մորս մասին էի մտածում: Բայց օրվա տպավորություններից հոգնել էի ու   չհասկացա,  ինչպես քնեցի:  Հետզհետե հունի մեջ ընկա: Զինվորական առօրյան սովորական դարձավ:

ԱՆՍԱՀՄԱՆ ՍԻՐԵՑԻ ՀԱՅՐԵՆԻՔՍ...Արդեն երեք շաբաթ է` Նարեկը ծառայում է:

-Զորամասն իմ տունն է դարձել: Հասցրել եմ շատ բան  սովորել: Հրամանատարների կարգադրությունները բարեխղճորեն եմ կատարում: Հարմարվել եմ զինվորական կարգուկանոնին: Զինակից ընկերներիս հետ մտերմացել ենք: Ուրախ եմ՝ նրանցից շատերի հետ վեց ամիս հետո Արցախում կծառայենք…

Տիկին Սիրանուշը  բոլոր մայրերի պես նույն  ցանկությունն ունի, որ որդին խաղաղ պայմաններում ծառայի ու պատվով վերադառնա տուն: Հաստատ որոշել են` Նարեկը ծառայությունն ավարտի՝ ընդմիշտ կմնան  հայրենիքում:

 

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #4 (1275) 6.02.2019 - 12.02.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/02/2019