ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները:
ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Դավիթ Տոնոյանը կարևորել է կողմերի միջև լարվածության աճի նվազեցման, միջադեպերի կանխարգելման միջոցառումները կյանքի կոչելու անհրաժեշտությունը և դրանցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ու միջազգային հանրության դերակատարությունը:
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է տարածաշրջանային հակամարտութուններում հումանիտար գործողությունների, մասնավորապես՝ ականազերծման, ինչպես նաև անհետ կորածների շուրջ տեղեկատվության հայթայթման ու փոխանակման գործընթացների կարևորությունը: Տոյվո Կլաարը միաժամանակ վստահեցրել է, որ Եվրամիությունը ուժերի ներածին չափով շարունակելու է օժանդակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին:
Պաշտպանության նախարարը հյուրին է ներկայացրել նաև Սիրիայում Հայաստանի կողմից իրականացվող հումանիտար առաքելության նպատակը, ձևաչափը և խնդիրները:
Խորագիր՝ Նորություններ