ԱՄՆ-Ը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՒՂԻՂ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ
Ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ԱՄՆ-ը կարող է Իրանին առաջարկել կապի ուղիղ գիծ ստեղծել, որը կարող է կիրառվել երկու երկրների միջև կոնֆլիկտային իրավիճակների առաջացման դեպքում:
Սկզբում նախատեսվում է կապ հաստատել երկու պետությունների նավատորմերի միջև, այնուհետև, եթե փորձը հաջողվի, «թեժ գծի» գաղափարը կօգտագործվի այլ ոլորտներում ևս տարբեր բնույթի հարցեր լուծելու համար:
Ամերիկացիներին առաջին հերթին անհանգստացնում են Պարսից ծոցում Իրանին պատկանող մոտորանավակների գործողությունները: Դրանք մոտենում են ամերիկյան ռազմանավերին, ինչի հետևանքով հնարավոր են նաև բախումներ: Չճշտված տվյալներով, ամերիկացիները մի քանի անգամ նույնիսկ նախազգուշական կրակ են վարել մոտորանավակների ուղղությամբ:
Ո’չ Վաշինգտոնում, ո’չ Թեհրանում պաշտոնապես չեն մեկնաբանում ուղիղ կապ հաստատելու մասին տեղեկությունները:
Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախկինում հայտարարել էր քաղաքական երկխոսություն սկսելու մտադրության մասին, սակայն մինչ օրս դա նրան չի հաջողվել:
Մրցակցող երկրների ղեկավարություների միջև «թեժ գծի» ամենահայտնի օրինակը 1962թ. Կարիբյան ճգնաժամից հետո Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հաստատված կապն է:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական